Նահանջող գնաճը թիրախից դուրս է

Նոյեմբերին շաքարավազը 2012-ի նոյեմբերի համեմատ էժանացել է 16,9%-ով։

Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 6,6%՝ 1,1 տոկոսային կետով բարձր մնալով թիրախային 4±1,5% ցուցանիշից։ Գնաճի նահանջը պահանջարկի կրճատման արդյունք է։

Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) արձանագրել է, որ նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 6,6%. ամսական կտրվածքով ցուցանիշը 0,9% է։ Չնայած վերջին ամիսներին գնաճի նահանջի (12-ամսյա գնաճը հոկտեմբերին կազմել է 7,1%, սեպտեմբերին՝ 8,2%, օգոստոսին՝ 9,3%), ցուցանիշը շարունակում է դուրս մնալ թիրախային 4±1,5% շրջանակից։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2013թ. հունվար-նոյեմբեր» հրապարակման՝ 2013թ.նոյեմբերին, 2012թ. նոյեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 6,6%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 5,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 3,9%-ով, ծառայությունների սակագները՝ 10,1%-ով։

ԱՎԾ-ի տվյալների համադրումներից պարզ երևում է՝ նոյեմբերին տարեկան գնաճի տեմպի նվազումը պայմանավորված է նրանով, որ ամսական գնաճն եղել է ավելի փոքր, քան 2012-ի նոյեմբերին՝ ամսական կտրվածքով։ Այս տարվա նոյեմբերին ամսական ավելի փոքր գնաճն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում միջին աշխատավարձերի աճն եղել է ավելի փոքր, քան գնաճը, ինչի հետևանքով տեղի է ունեցել սպառման կրճատում։ Պարզ ասած՝ սպառման նվազումը բերել է գների նվազման։

Մյուս կողմից, թեև 2013թ. պետբյուջեն իր բնույթով արդեն իսկ զսպողական էր, կառավարությունն այս ընթացքում թերակատարել է ծախսերը, ինչի հետևանքով հունվար-սեպտեմբերին պետբյուջեն կատարվել է շուրջ 76 մլրդ դրամ հավելուրդով՝ իննամսյա ծրագրով նախատեսված 9,5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Նախատեսվածից ավելի զսպողականությունն անխուսափելիորեն պետք է բերեր նաև գների նվազման, քանի որ տեղի է ունենում պահանջարկի կրճատում։

Ըստ ԱՎԾ-ի՝ նոյեմբերին ձուն տարեկան կտրվածքով թանկացել է 30%-ով, ձկնամթերքի ապրանքախմբում գներն աճել են 10,2%-ով, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է գների 7,5% աճ, կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում գներն աճել են 6,2%-ով, մսամթերքի ապրանքախմբում՝ 3,7%-ով։ Նոյեմբերին պարենային ապրանքներից միայն շաքարավազի գինն է նվազել. այն տարեկան կտրվածքով էժանացել է 16,9%-ով։

Մեկնաբանել