Պերճ թշվառություն

Այս օրերին երկու իրադարձություն ի ցույց դրեցին հայկական արտաքին քաղաքականության ողջ պերճանքն ու թշվառությունը, ավելի ստույգ՝ պերճ թշվառությունը։

Վիլնյուսում ՀՀ նախագահի մակարդակով մեր ներկայությունն ուղղակի ողբերգազավեշտի գագաթնակետն էր։ Մոտ չորս տարի նախապատրաստական աշխատանքներ տանելուց հետո մի օրում այդքանը ջուրը գցելուց հետո պարզապես պիտի պատիվ կամ ամոթ ունենալ չգնալու այնտեղ՝ մի տեղ, ուր նոյեմբերի 28-29-ին կարող էր այլ իրավիճակ լինել, և մեր ներկայությունը կարող էր ուղղակի փառահեղ լինել։ Այդ հնարավորությունը քամուն տալուց հետո այնտեղ գնալը նման էր չունեցած սխրանքների ուղիներում խարխափելուն։ Ահա թե ինչու այդքան անփառունակ ու աննկատ եղավ մեր ներկայությունն այնտեղ։ Մեր ներկայություն՝ թշվառ, անտեր։

Իսկ Եվրամիության Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համատեղ հայտարարությունն էլ պարզապես ինչ-որ բան ճարահատ ասելու պես մի բան էր։ Հայտարարության այս նախադասությունն ուղղակի չափազանց քաղաքակիրթ ու նրբանկատ ծաղր էր մեր նկատմամբ՝ «Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»։ Մեր ստրկական վիճակը քաղաքակիրթ ձևով ներկայացվեց որպես միջազգային նոր հանձնառություն։ Ինչպես ասում են՝ ավելի լավ է հայհոյեին։

Նույն օրերին հայկական մյուս պետականության՝ ԼՂՀ-ի նախագահը Լոս Անջելեսում էր։ Արցախի աշխարհիկ և հոգևոր ղեկավարների գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում փող էր խնդրում։ Այլ կերպ չեմ կարող բնութագրել ամենամյա դրամահավաք-հեռուստամարաթոնը։ Պատերազմում տարած փառահեղ հաղթանակից ու 1991-ին՝ անկախության հռչակման ժամանակ ունեցած տարածքից երկու անգամ մեծ տարածք ձեռքբերելուց քսան տարի անց մենք դարձյալ փող ենք խնդրում։ Ու այս ամբողջ ընթացքում էլ փող ենք խնդրել՝ ուղիղ տասնվեց անգամ։ Ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Դարձյալ՝ արժանապատվությունը մի կողմ դրած։

Սա այլ կերպ չես անվանի, քան երկրի առաջ ծառացած մարտահրավերների ոչ ադեկվատ ընկալում կամ պարզապես չընկալում։ Այն տպավորությունն է, որ մեր երկրի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը փողն է։ Կարծես ինչ-որ մեկն ասել է՝ քանի դեռ փող քիչ ունեք, ձեզ ոչ ոք չի ճանաչի։ Մենք էլ մեր ցուպն ու պարկն առել և աշխարհի հայերի դռներն ենք բախում։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են մերոնք մարաթոնային հանդիպումներում փողն առնչում կոռուցիայի հաղթահարման, մենաշնորհների վերացման ու մրցունակ տնտեսության ստեղծման, իշխանությունը բիզնեսից և եկեղեցին իշխանությունից տարանջատելու, սոցիալական արդարությունը վերականգնելու, ընտրակեղծարարությունն ի չիք դարձնելու և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու հիմնահարցերին։

Մերոնք շարունակում են Սփյուռքը դիտարկել որպես փողի աղբյուր և ուրիշ ոչինչ։ Իրականում Սփյուռքը մի իսկական գանձ է՝ ոչ նյութական իմաստով։ Այն ինտելեկտի, փորձի ու ազդու կապերի ահռելի շտեմարան է։ Այդ ամենը, ինչ խոսք, վերջում հանգեցնելու է նյութական բարեկեցության, բայց այս պարագայում Սփյուռքին դիմել միայն փողի խնդրանքով ուղղակի անմտություն է։ Չգիտես ինչու ոչ ոքի մտքով չի անցնում խորհրդի համար դիմելու աշխարհի ներկայիս լավագույն տնտեսագետներից մեկին՝ Տարոն Աճեմօղլուին։ Հավանաբար, նրանից էլ են 365 դոլար խնդրել, մինչդեռ նրա խորհուրդները կարող են բերել 365 միլիոն դոլարի օգուտ։ Բայց մերոնց համար միայն այսօրվա ու այսրոպեական փողն է ընկալելի, այն էլ՝ նաղդ և կանաչ։

Այն, որ քսան տարի հետո էլ մենք ի զորու չենք պետական բյուջեով հավակնոտ ծրագրեր իրականացնել, ոչ ոքի չի հուզում։

Ես ամենևին էլ չեմ թերագնահատում Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհի կառուցման նշանակությունը, այն, իրոք, ունի տնտեսական եւ ռազմաքաղաքական կարևոր նշանակություն: Անկախ նրանից, թե որքան արդյունավետ է ծախսվելու հանգանակված 22 661 372 դոլարը՝ երկու տարի հետո մենք ունենալու ենք այդ ճանապարհը, և սա արդեն իսկ ինչ-որ բան է։ Պարզապես մեր պետության որակը շարունակում է մնալ նույնը՝ մարաթոնից մարաթոն, գումարից գումար։ Իսկ օդում շարունակում է թևածել գաղափարաթոնի անհրաժեշտությունը՝ ժողովելու համահայկական միտքը և այն լծելու մրցունակ պետություն ունենալու հրամայականին։ Պետություն, ուր հոգևոր-բարոյական ու մտավոր զարթոնք կլինի։

Ցավալի է, բայց փաստ՝ առայսօր մենք չենք կարողացել մշակել Սփյուռքի և երկու հայկական պետականությունների համագործակցության արդյունավետ ռազմավարություն, մեր այս եռամիասնության ժամանակակից ու քաղաքակիրթ մոդել։ Սրանում իր մեղքն ունի նաև Սփյուռքը։ Մինչդեռ սա այնքան լուրջ ներուժ է, որ աշխարհում հասկանում են բոլորը։ Բոլորը՝ բացի մեզնից։

Դատեցեք ինքներդ։

Օրերս Երևանում ներկայացվեց Համաշխարհային բանկի նոր զեկույցը Հայաստանի մասին: Զավեշտ է, բայց փաստ՝ Համաշխարհային բանկի մասնագետներն այս զեկույցով Հայաստանի կառավարությանը կոչ են անում ակտիվացնել համագործակցությունը Սփյուռքի հետ, ստեղծել Սփյուռքի հետ ընդհանուր ներգրավվածության շրջանակ: Կոչ է արվում գիտակցել Սփյուռքի բազմաշերտությունը, հաղորդել բազմաթիվ և բազմերանգ ուղերձներ: Ու դրամական փոխանցումների և նվիրատվությունների փոխարեն հիմնական ուշադրությունը դարձնել խոշոր մարտահրավերների և տնտեսական աճի խթանման վրա:

Ուշադրություն դարձրեք՝ դրամական փոխանցումների և նվիրատվությունների փոխարեն հիմնական ուշադրությունը դարձնել խոշոր մարտահրավերների և տնտեսական աճի խթանման վրա։

Դե արի ու սա բացատրիր մեր իշխանություններին։

Դրանից ավելի բարդ էլ կլինի Սփյուռքի բազմաշերտությունը բացատրելը։ Քանի որ Սփյուռքը մեզ համար միայնումիայն մի շերտ ունի։ Այն կանաչ է ու քեշ։

Ու պատահական չէ, որ հայկական հեռուստաընկերությունները մարաթոնի ժամանակ ցուցադրում էին հայ ռեփերների հայտնի երգը, որտեղ կա այսպիսի մարաթոնային միտք՝

«Ճանապարհը թող տանի,

Գրպանիցդ փող հանի…»

Հիրավի, հոգևոր-բարոյական ու մտավոր վերածննդի ազդու կոչ։

Մեկնաբանել