4 դեկտեմբեր, 2013 17:54

Ես, Պուտինը, Ինդիրա Գանդին ու աղջիկս…

Երեկո, Բաղրամյան պողոտա, լապտեր, դեղատուն… այսքանը համարյա Բլոկ էր, բայց պողոտան փակ էր ու տեղս նսեմ… Խմբագրությունից դուրս եմ եկել ժամը 17:30-ին: Բաղրամյան–Պռոշյան հատման կետում ոստիկանները պատ էին կազմել: Մնում էր թեքվել դեպի Պռոշյան փողոց: Պռոշյանի առաջին բակերից մեկով, որը տանում է դեպի Բաղրամյան մետրո, մտածեցի  ճեղքել պաշտպանությունը ու մի քիչ արագ հասնել տուն, որովհետև ցուրտ էր, մթնում էր ու հավես չկար… Բակը, որ տանում էր դեպի Բաղրամյան մետրո, խցանված էր բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան ոստիկաններով:

«Ասացե՛ք, խնդրեմ, եթե էսպես գնամ, կարո՞ղ եմ դուրս գալ պողոտա , թե՞ էլի փակ է լինելու»,- հարցնում եմ հատուկ ընտրված գրական դիմելաձևով: Ոստիկանն ասում է. «Մենք չգիտենք, մեզ չեն ասել»: Գաղտնիքը չհասկացա, որովհետև մի քսան քայլից հետո պարզ էր, որ անգամ մի փոքր լավ սնված առնետը չէր անցնի այդ մասերով: Փակ էին բոլոր բակերը, բոլոր անցքերը, մուտքերը…

Նորից դուրս եմ գալիս Պռոշյան փողոց: Մութ, լապտեր, դեղատուն, անիմաստ ու աղոտ լույս… Փորձում եմ տաքսի գտնել: Չկա: Քաղաքը լռվել է: Պռոշյանով իջնում եմ ներքև, փորձում եմ մտնել Դեմիրճյան փողոց: Մարդիկ ոստիկաններին հարցնում են՝ արդյոք հնարավոր կլինի՞ Դեմիրճյանով դուրս գալ Բաղրամյան պողոտա: Չեմ հասկանում՝ ինչու, ոստիկանները չեն ասում, որ դա բացառված է, որ Դեմիրճյան փողոցը փակ է: Մարդիկ սա հասկանում են ինքնուրույն, ու ոմանք գնում են Սարյան իջնող թեքությամբ, մնացածը դուրս են գալիս Պռոշյան: Ես մնացածի մեջ էի: Զառիվայր իջնելու հավես չկար: Պռոշյանով վաղուց չէի անցել: Դատարկ տաքսիներ չկան: Ռուսական նախագահը մի քանի ժամով մտել է իմ քաղաք:

Մրսում եմ, ցուրտ է, մթնեց, հասնում եմ Պարոնյան փողոց, տաքսի եմ գտնում, նստում եմ: Գնում ենք Տերյան: Ուրեմն Պարոնյան փողոցից մինչև Տերյան փողոց մենք հասնում ենք 1 ժամ 45 րոպեում: Եթե այս պատմության սկզբում դնեի «իբր» բառը, կթվար՝ անտրամաբանական, մղձավանջային երազներից եմ  պատմում, որոնցից ոնց էլ լինի տարին մի երկու անգամ տեսնում ենք:

Անկեղծ ասած, հիվանդության պատճառով բաց էի թողել մանրամասները, թե հատկապես որտեղ և երբ է վայրէջք կատարելու Ռուսաստանի նախագահը, ու առավոտյան ինձ թվացել էր, թե նա արդեն լքել է Երևանի մատույցներն ու արդեն Գյումրիում է: Բայց Պուտինը դեմս դուրս եկավ ու ճանապարհս փակեց:

Երեկո, լապտեր, դեղատուն, փողոց, անիմաստ ու աղոտ լույս. Երևանը զզված էր ու ուզում էր տուն հասնել…

Իրիկանային այս անիմաստ վազքի, մրսածության ու վեկտորը կորցրած կատաղության մեջ ես հիշեցի, որ մի անգամ գնացել էի նախագահ դիմավորելու… Ինչքան վաղուց էր դա… Ես շատ փոքր էի, երևի հինգ տարեկան, դա կարելի է ճշտել, եթե ճշտենք, թե երբ եկավ Ինդիրա Գանդին Երևան: Պետք է որ 1975 թվականը լիներ: Հայրս ինձ տարել էր տեսնելու Ինդիրա Գանդիին: Դժվար հատուկ տարած լիներ: Երևի ուղղակի քայլելիս ենք եղել, ու Ինդիրա Գանդիի անցնելու հետ համընկել է մեր ճանապարհը: Նա անցնում էր Մոսկովյան փողոցով: Բայց հիշում եմ, որ դուրս եկավ մեքենայից, ու ես տեսա նրա սպիտակած մազափունջն ու տարօրիանկ զգեստը, թեև այդ զգեստը ես երևի ամեն օր տեսնում էի ռուսական լուրերով: Ես հիշում եմ զգացողությունս, որ մնաց Հնդկաստանի վարչապետի իրական տեսքից, սպիտակ մազափնջից, շորից, ու նա ժպտում էր ու ձեռքով անում: Մարդիկ, որոնք նայում ու շատ ջերմությամբ դիմավորում էին օտարերկրացի կնոջը, լրիվ ապաքաղաքական խորհրդային մարդիկ էին: Ուրախացել էին: Էլ երբ կամ որտեղ էին տեսնելու Ինդիրա Գանդիին: Այդ օրը հայրս պատմեց Հնդկաստանի մասին, Մահաթմա Գանդիի ու իր այծի, Ջավահարլալ Ներուի  ու այն մասին, որ Ինդիրա Գանդին Մահաթմա Գանդիի հետ ազգակցական կապ չունի: Շատ բան պատմեց, ես խելոք լսում էի ու ահագին բան հիշում եմ:

Այսօր առավոտյան աղջկաս նախաճաշ էի տալիս, դրսից լսվում էին բացականչություններ: Աղջիկս ասում է . «Ինչ են գոռում»: Ասում եմ. «Գոռում են «Սերժիկ, հեռացիր»: Նա անտարբեր լսում է ու շարունակում մի մատով կտկտացնել հեռախոսի ստեղներին ու հրատապ  հաղորդագրություն գրել ընկերուհուն, մի ձեռքով ուտում է ու ինձ հարցնում. «Բա ինչի չի հեռանում»:

Ինչ տարբեր են երկու սերունդների տեսած առաջնորդները, ինչ տարբեր են նրանց շուրջ կամ նրանց մասին պատմելու բաները, ու ինչ տարբեր է այն հետաքրքրությունը, որով ես, իսկ հիմա՝ նա, լսեց առաջնորդների մասին սեղմապատումը:

Ինչ-որ տեղ աչքովս էր ընկել, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ասել էր, որ Մահաթմա Գանդիի մահից հետո էլ զրուցակից չունի: Փորձեցի պատկերացնել նրանց զրույցը, քանի դեռ քաղաքի մինուճար տաքսին ինձ Մաշտոցի պողոտայով հասցնում էր տուն՝ որպես արագաշարժ թրթուր կամ  առույգ կրիա:

Մահաթմա Գանդին, որի մահից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը էլ զրուցակից չի գտնում, անբռնություն դիմադրության գաղափարախոսության կրողն էր: Նա պայքարում էր անգլիական գաղութատիրության դեմ՝ կոչ անելով անտեսել ու ցուցադրաբար խախտել անգլիական օրենքները, բոյկոտել անգլիական ապրանքները, բայց երբեք չդիմել բռնության: Հետաքրքրիր է, ինչ էին զրուցում Մահաթմա Գանդին ու Վլադիմիր Վլադիմիրովիչը. «Мы в сортире их замочим» հարցի շուրջ: Կամ նախքան մեռնելը Մահաթմա Գանդին «չէ՞ր հասցրել» ասել Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ «ապրելու միակ ձևը ուրիշներին ապրել թույլ տալն է»: Անուշադիր զրուցակից է  եղել Վլադիմիր Վլադիմիրովիչը…

Հասանք: Մեկուկես ժամում՝ Բաղրամյանից Տերյան: Պուտինն իր կայազոր այցելելու ճանապարհին կտրեց ճանապարհս ու ոտնահարեց աշխատանքից տուն վերադառնալու իմ սահմանադրական իրավունքը:

Իսկ հեռախոսի ստեղներին կտկտացնող տասներեքամյա դստերս հարցը մնաց անպատասխան՝ «բա ինչի՞ չի հեռանում»…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: