Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում` ԱԱԽ քարտուղարի մասնկացությամբ

Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հաղորդում են ստոիկանության մամլո ծառայությունից:

Խորհրդակցությունը նվիրված էր Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման և կիրառման գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է քննարկման խնդիրներին ու նպատակներին:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է Ճանապարհային երթևեկությունը կատարելագործելու ողղությամբ համատեղ աշխատանքի ու միասնական գործողությունների անհրաժեշտությունը:

Դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և ոստիկանության ներկայացուցիչները: Անդրադարձներ են եղել ոլորտի օրենսդրական կատարելագործման, տեխզննության և վարորդական իրավունքի տրամադրման կարգի բարեփոխման, երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ուղևորատար տրանսպորտի վարորդների վերահսկողության և մի շարք այլ հրատապ խնդիրների լուծման եղանակներին ու մեթոդներին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է տուգանքների նվազեցման վերաբերյալ հարցադրմանը, կարևորել ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից վարորդական իրավունքների տրամադրման գործընթացի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացների և քննություները մարզերում ստեղծվելիք ավտոդրոմներում կազմակերպելու ճանապարհով:

Ինչ վերաբերում է հարակից գերատեսչությունների ու կառույցների հետ համագործակցությանը, ապա ոստիկանության պետը կարևորել է համատեղ աշխատանքը առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ, ընդգծել ապահովագրական կազմակերպությունների և ճանապարհային ոստիկանության փոխգործակցության ու փոխվստահության ապահովումը՝ երթևեկության լարվածությունը թուլացնելու և, մասնավորապես, մայրաքաղաքում անցանկալի խցանումներից զերծ մնալու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գասպարյանը վերստին կարևորել է Ճանապարհային ոստիկանության աշխատանքն ու ընդգծել այդ աշխատանքի հանդեպ հանրային վերաբերմունքի բարեփոխման անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Ազգային անվտանգության քարտուղարն ու ոստիկանության պետը համատեղ հանձնարարություններ են տվել աշխատանքային խմբերին:

Մեկնաբանել