Ուկրաինայի վարչապետն ընդդիմադիրներին բանակցությունների կոչ է արել

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ընդդիմադիրներին բանակցություններին կոչ է արել և նշել է, որ Արևմուտքի՝ բռնությունից զերծ մնալու կոչերը վերաբերում են ոչ միայն իշխանությանը, այլև ցուցարարներին։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոսելով ցուցարարների կողմից վարչական շենքերի գրավման մասին՝ Ազարովը հարց է տվել այն մասին, թե ով է պատասխան տալու դրա համար անձամբ, այդ թվում՝ ով է քրեական պատասխանատվություն կրելու։

Ընդ որում՝ Ուկրաինայի վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել բողոքի և պիկետի խաղաղ ձևերին։

Կիևում դեկտեմբերի 4-ին շարունակվում է «Եվրամայդանի» մասնակիցների ցույցը։ Միաժամանակ ուկրաինական «Ունիան» գործակալությունը հաղորդում է, որ Գերագույն ռադայի շենքի մոտ 500 մարդ դուրս է եկել ցույցի՝ աջակցելու երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը ներկայում պետական այցով Չինաստանում է։

Դեկտեմբերի 4-ին խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը ընդդիմադիր պատգամավորների ճնշման ներքո փակել է խորհրդարանի նիստը դրա բացվելուց անմիջապես հետո։ Առավոտյան ընդդիմադիր պատգամավորներն արգելափակել են Ռադայի ամբիոնը՝ պահանջելով կառավարության հրաժարականը։

Դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվել էր անվստահություն հայտնել կառավարությանը։

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Կիևի Անկախության հրապարակ՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում:

Մեկնաբանել