Նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը Վիլնյուսում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Հետաքրքիր է, որ Սարգսյանը գագաթաժողովին մասնակցել է հանրային միջոցների հաշվին, մինչդեռ կուսակցական գործառույթների շրջանակում էր նա մասնակցում այդ միջոցառմանը: Նույնը ժամանակին արել էր Տիգրան Սարգսյանը: Հոկտեմբերի վերջին աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Բրյուսել չարտերային թռիչքով, որի համար ՀՀ կառավարությունը վճարել էր 37.5 մլն դրամ: Փաստացի ԵԺԿ անդամակցությունը ՀՀԿ-ն օգտագործում է իր դիվիդենտների համար, սակայն դրա համար վճարում է հանրությունը:
Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵԺԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է՝ գագաթաժողովը կարևոր ուղենիշ է Արևելյան գործընկերության համար: ԵԺԿ առաջնորդները ափսոսանք են հայտնել, որ Ուկրաինան չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Հետաքրքիր է, որ ափսոսանքը միայն վերաբերում էր Ուկրաինային, մինչդեռ Հայաստանը ևս Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրել: Նաև նշվում է, որ ԵԺԿ-ն հավատում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների եվրոպական ընտրությանը, և վերջիններս կարող են ապավինել նրանց քաղաքական ընտանիքի աջակցությանը:
Հաղորդագրությունում ամեն երկրի մասին առանձին պարբերություն կա, որտեղ գնահատականներ են տրվում այդ երկրներին: Հետաքրքիր է երկրների հերթականությունը: Կարծես առաջին տեղում դեպի եվրոպա ընտրած ճանապարհում լավագույնս առաջադիմություն ունեցած երկիրն է՝ Մոլդովան, իսկ վերջին տեղում վատագույն արդյունքներ ցուցաբերած երկիրն է՝ Բելառուսը: Բելառուսից առաջ Հայաստանն է:
Մոլդովայի մասով հայտարարությունում նշվում է, որ այդ երկիրը, վարչապետի գլխավորությամբ, գերազանց առաջադիմություն է գրանցել Ասոցացման համաձայնագրի հարցերով, մոլդովացի ժողովուրդը շուտով կօգտվի Եվրոպական Միության տրամադրած հնարավորությունից, և Մոլդովայում ԵԺԿ-ն կաջակցի իր անդամ կուսակցությանը:
Վրաստանի մասով նշված է, որ ԵԺԿ-ն ողջունում է, որ իրենց ընտանիքի անդամ կուսակցության և նրա առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ բարեփոխումներ են տեղի ունեցել և խաղաղ ճանապարհով իշխանության փոխանցում է կատարվել:
Ուկրաինայի հետ կապված ԵԺԿ-ն նշել է, որ չնայած Վիկտոր Յանուկովիչը որոշել էր չստորագրել Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ ԵԺԿ-ն համոզված է, որ 2015թ. ԵՄ-ն կստորագրի Ասոցացման պայմանագիր Ուկրաինայի եվրոպամետ նախագահի հետ, որը կլինի ԵԺԿ քաղաքական ընտանիքի անդամ կուսակցությունից:
ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի նախագահը որոշել է միանալ Մաքսային միությանը: Սակայն նշել է, որ հասկանում են՝ բարդ իրավիճակ և ճնշումներ են եղել, որոնց բախվել է Հայաստանը: Այնուհետև հավելել են, որ ԵԺԿ-ն նոր ձևաչափերով կաշխատի Հայաստանի հետ և հնարավորությունների շրջանակում Հայաստանի իշխանություններին կօգնի միակողմանի իրականացնել եվրոպական չափանիշները և արժեքները:
Բելառուսի մասով նշվել է, որ ԵԺԿ-ն կհամագործակցի եվրոպամետ ուժերի հետ:
Եթե Մոլդովայի, Վրաստանի ու Ուկրաինայի մասով հստակ նշված էր ԵԺԿ անդամ կուսակցությունների մասին, ապա Հայաստանի մասով անդամ կուսակցությունների մասին որևիցե փաստ նշված չէ: ԵԺԿ-ն ընդամենը նշում է, որ կաշխատեն Հայաստանի իշխանության հետ, մինչդեռ այդ իշխանությունը ներկայացնում է իրենց անդամ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):
2013թ. Հայաստանի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է ուղղել ԵԺԿ նախագահ նախագահ Ժոզեֆ Դաուլին` խնդրելով պարզաբանել ՀՀԿ անդամակցության հարցը եվրոպական կուսակցությանը:
Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն այլևս ԵԺԿ անդամ չէ, սակայն այդ փաստը շարունակում են գաղտնի պահել: