Մանդելայի պայքարը և ժառանգությունը

Դեկտեմբերի 6-ին կյանքից հեռացավ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան: Նրա քաղաքական ժառանգությունը միանշանակ չէ: Մանդելան յուրահատուկ բնավորության մարդ էր, որը հավատում էր, որ իր պայքարի միջոցով կարող է փոխել պետությունը: Մի շարք հարցերում նա հասել է իր նպատակին: Դրա համար նա արժանի է մեծ հարգանքի: Մյուս կողմից նրա անձի շուրջ ստեղծված իրավիճակը շատ դեպքերում խանգարում էր նրա պայքարի նպատակներին հասնելուն: Օրինակ, Աֆրիկայի Ազգային կոնգրեսը (ԱԱԿ), որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում իշխող կուսակցությունն էր, հաճախ նրա անունը օգտագործում էր իր շահերից բխող քաղաքականություն վարելու համար: Կուսակցությունը Մանդելային դարձրել էր գերբնական անձ ու նրա ցանկացած գաղափարի քննադատությունը տաբու էր, հաճախ նման մարդկանց դիտարկում էին որպես «երկրի դավաճան»: Հարավաֆրիկյան Հանրապետությունում կան մարդիկ, որոնք համարում են, որ Մանդելայի գաղափարների հանդեպ նման վերաբերմունքը վտանգավոր է, նրա գործերի ու գաղափարների չքննարկումը հանրությունում բերում է նրան, որ դրանք չեն հասկացվում: Շատ դեպքերում այդ իրավիճակը նման է Խորհրդային Միությունում տիրող մթնոլորտին:

Որոշ մարդիկ Մանդելային համեմատում են Գանդիի հետ, սակայն ի տարբերություն Գանդիի, նա գտնում էր, որ ոչ խաղաղ ու զինված պայքարի միջոցով հնարավոր է հասնել հաջողության: 1955թ. Յոհանեսբուրգ քաղաքում սևամորթների իրավունքների համար խաղաղ ցույցի անհաջողությունից հետո Մանդելան գալիս է այն եզրահանգման, որ զինված ու բռնի պայքարը այլընտրանք չունի: Նա նույնիսկ դիմեց Չինաստանի կառավարությանը՝ զինամթերք ստանալու խնդրանքով:

Մանդելայի՝ իշխանությունից հեռանալուց հետո շատ ցուցանիշներով այդ երկիրը վատ իրավիճակում է հայտնվել, ապարտեիդից հետո եկամուտների անհավասարության աճ է տեղի ունեցել, հանցագործությունն ու երիտասարդության շրջանում անգործությունը բարձր մակարդակի է հասնում, մի խոսքով՝ ծանր վիճակ է, բայց երբեմն այդ խնդիրների քննարկումը տաբու է, ու տաբու են դարձնում՝ օգտագործելով Մանդելայի հեղինակությունը: Սա չի նշանակում, որ բոլոր այդ խնդիրների մեղավորը նա է, բայց նրա անձի վրա հիմնված կառավարման համակարգը թուլություններ է ունեցել, նրա հեռանալուց հետո ԱԱԿ-ն օգտագործել է նրա հեղինակությունը ավելի շատ կուսակցական հարստություն կուտակելու, քան հանրությունում գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար:

Ի դեպ նրա մահվան հետ կապված բազմաթիվ մեդիա ռեսուրսներ փորձել են բիզնես նախագծեր իրականացնել, դեռ տարվա սկզբից տեսախցիկներ են տեղադրել Մանդելայի տան առաջ, որպեսզի նրա մահվան մասին առաջինը լուրը հայտնեն ուղիղ եթերում:

Իրականում Մանդելան անկոտրում պայքարող մարդ է եղել, սակայն երբեմն նրա կերպարը չի ծառայել հանրօգուտ գործեր անելու համար, այլ հակառակը: Լավագույն տարբերակը կլինի, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա մահվանից հետո հանրությունը կարողանա կոտրել նրա անձի շուրջ ստեղծված տաբուն, քննարկի նրա գաղափարների ճիշտ և սխալ կողմերը և փորձի լուծել քաղաքական խնդիրները: Իսկ աշխարհի այլ կետերում ապրող մարդիկ շատ հարցերում հետևեն նրա օրինակին, միևնույն ժամանակ՝ փորձեն չկրկնել Մանդելայի թույլ տված սխալները: Նրա կյանքի առաքելությունը թերևս սրանով է կարևոր:

Մեկնաբանել