Գերմանիայի նախագահը որոշել է չմեկնել Սոչիի Օլիմպիադային

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Ռուսաստանի իշխանություններին տեղեկացրել է, որ չի մեկնելու 2014թ․ Սոչիի ձմեռային Օլիմպիադային։ Գաուկի գրասենյակը դեկտեմբերի 8-ին հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե այդպիսով նախագահը բոյկոտ է հայտարարում Սոչի-2014-ին, սակայն Գերմանիայում նրա որոշումն ընդունել են որպես բողոքի արտահայտում՝ ընդդեմ Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այն, որ Գաուկը որոշել է չմեկնել ձմեռային օլիմպիական խաղերին, առաջինը հաղորդել էր գերմանական Spiegel պարբերականը, որը որոշումը միանշանակ մեկնաբանել էր՝ որպես Սոչի-2014-ի անձնական բոյկոտ Գերմանիայի նախագահի կողմից։ Գերմանիայի կառավարության՝ մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով լիազոր ներկայացուցիչ Մարկուս Լյոնինգն անմիջապես հայտարարել էր, որ նախագահ Գաուկի հրաժարումը հիանալի ժեստ է՝ ի նշան աջակցության ազատախոհության, ժողովրդավարության և քաղաքացիների ազատությունների համար պայքարող ռուսաստանցիներին։

Սակայն Յոախիմ Գաուկի՝ մամուլի հետ կապերի հարցերով ներկայացուցիչը նշել է, որ Գերմանիայի նախագահի այցը ձմեռային Օլիմպիադա արարողակարգում ընդգրկված չէ, և հիշեցրել է, որ նախկին նախագահ Հորստ Քյոլերը 2010թ․ չէր մեկնել Վանկուվերի Օլիմպիադային։

Օլիմպիական մարզաձևերի գերմանական ֆեդերացիայի ղեկավար Միխայել Վեսպերն էլ առաջարկել է չուռճացնել այն փաստի նշանակությունը, որ Գաուկը չի մեկնելու Սոչի՝ նշելով, որ «եթե որևէ մեկը որևէ տեղ չի գնում, դա դեռ բոյկոտի հայտարարում չէ»։

BBC-ի թղթակիցները մինչդեռ մատնանշում են, որ Գաուկը մեկնել էր 2012թ․ Լոնդոնի օլիմպիական խաղերին, ինչպես նաև հիշեցնում են, որ նա չի թաքցնում իր մտահոգությունը Ռուսաստանում մարդու իրավունքների դրության կապակցությամբ։

Արևմուտքում շատ ակտիվիստներ և մշակույթի գործիչներ սկսեցին խոսել Սոչի-2014-ին բոյկոտ հայտարարելու մասին այն բանից հետո, երբ Ռուսաստանի Պետական դուման ընդունեց օրենք անչափահասների շրջանում սեռական ոչ ավանդական հարաբերությունների քարոզչության արգելքի մասին, որը նրանք ընդունեցին որպես հարձակում ռուսաստանյան ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) համայնքի վրա։

Մեկնաբանել