Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը ստանձնում է առաջնորդի դերը

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վիենայում վերջին հանդիպումից հետո դեռ քիչ բան է հայտնի ընթացող բանակցությունների վերաբերյալ: Հանդիպումից հետո լրագրողի տված այն հարցին, թե ինչպես են անցել բանակցությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ «նորմալ»:

Ավելի ուշ մշակույթի նախարարություն կատարված այցի ժամանակ Սերժ Սարգսյանին հարցրին, թե ինչպես է նա գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյոք կարելի՞ է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին: Սարգսյանը պատասխանեց. «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրոք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին»:

Բանակցային սեղանի շուրջ քննարկվող առարկաների մասին տեղեկատվության գրեթե չլինելու պատճառով դժվար է կոնկրետ իմանալ, թե նոր փուլը ինչ է նշանակում, սակայն բանակցային գործընթացի երևալի մասում արդեն որոշակի փոփոխություն կա, որը պատկերավոր է դարձնում նաև բանակցային սեղանի շուրջ քննարկվող առարկանները:

Նախ հետաքրքիր է այն փաստը, որ բանակցային գործընթացի առաջնորդությունն իր վրա էր վերցրել ԱՄՆ-ը: Դեռ 2008թ. Մայենդորֆյան հռչակագրով Ռուսաստանը Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ բանակցային գործընթացի առաջնորդությունը իր ձեռքն էր վերցրել, սակայն Կազանում այդ գործընթացը փակուղի մտավ:

Վիեննայում հանդիպումից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ և կոչ արել առաջ տանել գործընթացը: Փաստացի, Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի առաջնորդությունն իր վրա է վերցրել ԱՄՆ-ը: Իսկ այսպես կոչված Մայենդորֆյան փուլը ավարտված է, դրա համար էլ Սերժ Սարգսյանը խոսում է բանակցային գործընթացի նոր փուլի մասին: Կիևում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ ևս ակտիվ էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը Կիևում հանդիպման նկար է տեղադրել Twitter-ում:

Ռուսաստանը պասիվ դիրք է գրավում ղարաբաղյան գործընթացի շուրջ: Հենց այս պասիվացումն էլ ահազանգ է հանդիսացել Զորի Բալայանի համար, որը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու խնդրել, որ վերջինս տեր կանգնի «միջազգային պայմանագրերով Ռուսաստանին պատկանող տարածքներին»:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը որոշել է մտնել Մաքսային միություն՝ միևնույն ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջնորդությունը իր ձեռքն է վերցրել Միացյալ Նահանգները: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի ու Իրանի շուրջ համաձայնությունների ընդհանուր փաթեթի մեջ հնարավոր է, որ մտնում է նաև ղարաբաղյան կարգավորումը, այդ իսկ պատճառով Ռուսաստանը հանգիստ զիջել է իր դիրքերը:

Բանակցային գործընթացում նոր փուլը նշանակում է Մայենդորֆյան հռչակագրի շուրջ բանակցային փուլի և Ռուսաստանի առաջնորդության ավարտ: Ընթացիկ գործընթացներից պարզ է, որ առաջնորդությունն իր ձեռքն է վերցրել ԱՄՆ-ը, և շուտով պարզ կդառնա, թե վերջինս խնդրի կարգավորման ինչ մարտավարություն է որդեգրել:

Մեկնաբանել