Մեծ մարտահրավերներ ու մանր իշխանություններ

Լուսանկարը՝ Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից:

Վերջին տարիներին ու հատկապես վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության առջև շատ մեծ ու շատ լուրջ մարտահրավերներ են ծառացել։ Այդ բարդ ու բազմաշերտ մարտահրավերներին դիմակայելու առաջին և անհրաժեշտ պայմանը այդ մարտահրավերները համարժեք ընկալելն է, ապա դրանց համարժեք արձագանքելը։ Իսկ համարժեք ընկալելու և արձագանքելու համար համապատասխան որակներ են պետք։ Այսօր շատ տխուր է փաստել, որ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների որակն ու իշխանությունների որակը անհամատեղելիության աստիճան անհամապատասխան են։

Մարտահրավերներն այդ կարող են ճակատագրական լինել հայ ժողովրդի համար, այնպես որ սա միայն ՀՀ-ի խնդիրը չէ, այլև ԼՂՀ-ի ու աշխարհասփյուռ հայության։ Հասկանո՞ւմ են, արդյոք, սա մեր եռամիասնական կոչված համակարգի առանձին օղակներում։ Երբ դիտարկում ես հայկական երկու պետությունների իշխանությունների վերջին օրերի քայլերը, ուղղակի շշմում ես, թե ինչով են նրանք զբաղված այս հիրավի օրհասական ժամանակներում։ Նրանք այսօր մանր-մունր խնդիրներ են լուծում։ Անգամ իրենց համար մանր-մունր, էլ չեմ ասում՝ երկրի համար։ Այս մանրմունրությունը ճակատագիր է ու դիագնոզ։

Իսկ օրհասը վրա է հասել երկրի ինքնիշխանության կորստի տեսքով։ Հայաստանը սկզբում դարձել է ինչ-որ մեկի ֆորպոստ, հետո՝ վասալ, ապա համհարզ։ Եվ այս ընթացքը շարունակվում է, քանի որ գահավիժման աստիճաններ էլի կան։ Ռազմավարական օգտակար հանածոներից, աշխարհագրական հարմարավետ դիրքից ու գոյատևման համար այլ բացառիկ պայմաններից զուրկ երկրում ինքնիշխանության կորուստը աշխարհի քաղաքական քարտեզից սղվելու ամենահարգելի պատճառն է։

Ահա թե ինչ է նորերս Ստեփանակերտում հայտարարել ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը՝ Իգոր Մուրադյանը. «Աշխարհի ամենակարևոր բանը ինքնիշխանությունն է, ո՛չ փողը, ո՛չ ռեսուրսները, այլ՝ ինքնիշխանությունը: Միայն ինքնիշխան երկրի հետ կարող են գործ ունենալ: Միայն ինքնիշխան երկրին զենք կտան ու կպաշտպանեն: Իսկ ո՞վ կօժանդակի վասալին: Ինչի՞ համար: Որպեսզի օգնեն Մաքսային միությա՞նը, որպեսզի օգնեն Ռուսաստանի՞ն: Ինչի՞ համար: Ոչ մեկը դա չի անի: Գլխավոր փաստարկը ինքնիշխանության կորուստն է: Հայկական հասարակությունն ի վիճակի չէ սա հասկանալ: Երևանում սա շատ աբստրակտ բան է: Մենք չենք հասկանում ինքնիշխանությունը, չգիտենք, թե դա ինչ է…Մենք չկանք, մեր փոխարեն որոշում է Ռուսաստանը: Ոչ ոք մեզ հետ ոչինչ չի որոշի, կորոշեն Մոսկվայի հետ: Տեսա՞ք նախագահի վիճակը Վիլնյուսում: Նրան ուղղակի ցույց տվեցին, որ ինքն այնտեղ չկա»:

Եվ ի՞նչ են անում այս պայմաններում հայկական երկրորդ պետության իշխանությունները։ Տրամաբանական կլիներ կարծել, որ նրանց մտահոգել է մարտահրավերի վրա այսպիսի օրհասական մտասևեռումը, և նրանք սկսել են Անվտանգության խորհրդի ու այլ մակարդակներով մարտահրավերի քննարկումն ու համապատասխան միջոցների ձեռնարկումը։ Անվտանգության խորհրդի նիստ միգուցե և եղել է, բայց, հավանաբար, այլ օրակարգ է այն ունեցել։

Համենայն դեպս, դրանից անմիջապես հետո սկսվել է Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության հետապնդումը, ինչի մասին հրապարակավ ահազանգել է նորաստեղծ այս կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ Արցախի ԱԱԾ-ն գյուղերում սկսել է կուսակցության անդամների հանդեպ ճնշումներ՝ ցուցակներով պտտվում են բոլոր այն գյուղերում, որտեղ կան կուսակցության անդամներ, նրանց մասին հարցուփորձ անում, ենթարկում հոգեբանական ճնշման:

Իսկ ի՞նչ կապ ունեն այս կուսակցությունն ու նրա նախագահը ինքնիշխանության կորստի ահազանգի ու Իգոր Մուրադյանի հետ։ Անմիջական։ Այս կուսակցությունն է կազմակերպել Իգոր Մուրադյանի հետ հանդիպումը Ստեփանակերտում։ Ամեն ինչ պարզ է պարզամտության աստիճան։

Ահա այսպիսին են այս ճակատագրական պահին հայկական երկրորդ պետականության մակարդակն ու բարքերը։

Բայց սա դեռ ամենը չէ։ Նորերս համացանցում իրարանցում առաջացրեց արցախցի հայտնի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։ «Ռեկետ՝ ղարաբաղյան ձևով» վերտառությամբ իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա հռետորական հարց է տվել. «Ինչպե՞ս բացատրել այն, որ ժողովրդի համընդհանուր աղքատության ֆոնին նախագահն առնվազն 250 հազար դոլար արժողությամբ VIP շարքի երեք նոր մեքենա է ձեռք բերում իրեն սպասարկելու համար»: Ու տեղադրել է երկու լուսանկար, որոնցից մեկում նախագահականի առջև կանգնեցված երեք մեքենաներն են, իսկ մյուսում՝ նախագահականից մոտ 100 մետր այն կողմ, մի տարեց կին աղբարկղն է քչփորում:

Ինչ որ է, նոր ժամանակները, ինչպես տեսնում եք, ոչ միայն նոր մարտահրավերներ են պարունակում, այլև նոր հնարավորություններ։ Ողբերգազավեշտն այն է, որ իշխանությունն իրեն է վերցրել նոր հնարավորությունները՝ ժողովրդին թողնելով նոր մարտահրավերների առաջ անզեն ու անոթի։ Ահա այսպիսի աշխատանքի բաժանում։

Ուրեմն ի՞նչ անել մարտահրավերների որակի ու իշխանությունների որակի ներկայիս, մեղմ ասած, անհամապատասխանության պարագայում։ Ուրիշ ելք չկա՝ կա՛մ մարտահրավերները պիտի փոխվեն, կա՛մ իշխանությունները։

Մարտահրավերների փոփոխումը, համենայն դեպս, մեր ուժերից վեր է։

Մեկնաբանել