Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ուղերձ է հղել Ադրբեջան իազգային անվտանգության նախարարին, գլխավոր դատախազին և մարդու իրավունքների պաշտպանին` լրագրող Փարվիզ Հաշիմլիի խոշտանգումների հարցով, հաղորդում է contact.az-ը:
Հաշիմլին «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից է և գլխավորում է «Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնը», անդամակցում է նաև «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությանը: Նա ձերբակալվել է սեպտեմբերի 17-ին՝ մաքսանենգութայն և անօրինական զենքի պահման մեղադրանքով:
Սեպտեմբերին դատարանը մերժել է նաև նրա խափանման միջոց ընտրված կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին միջնորդությունը:
Կազմակերպության ուղերձի հիմքում դատարանի կողմից Հաշիմլիի հայտարարության անտեսումն է: Լրագրողը պնդում է, որ քրեակատարողական հիմնարկում իրեն խոշտանգումների են ենթարկում` անատեսելով այլ ՔԿՀ տեղափոխելու մասին իր պահանջը:
Amnesty International-ը նշել է նաև Հաշիմլիի և նրա փաստաբանի` դատարանում ընթերցվելիք տեքստի առգրավվման փաստը:
Հաշիմլին իր փաստաբանին տեղեկացրել է, որ իրեն քննում են փակ աչքերով և անտեսում բժիշկ կանչելու իր պահանջը:
Կազմակերպությունը նշում է, որ Հաշիմլիին դատարան են բերում դիմակավոր մարդիկ:
Կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել այս պրակտիկան, ինչպես նաև անհապաղ ուսումնասիրել խոշտանգումների մասին լրագրողի հայտարարությունը` պատասխանատվության ենթարկելով դրանում ներգրավված բոլոր մեղավոր անձանց, այդ թվում` պաշտոնյաներին:
Ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Արիֆ Բաբաևը հերքել է Հաշիմլիի հայտարարությունները ` նշելով, որ նրա ձերբակալությունը կապված չէ լրագրողական գործունեության հետ: