20 դեկտեմբեր, 2013 12:54

Պուտինը ներում շնորհեց Խոդորկովսկիին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին ստորագրել է ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խորդորկովսկիին ներում շնորհելու մասին հրամանագիրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

«Ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներով՝ վճռում եմ՝ ներում շնորհել դատապարտյալ Խոդորկովսկի Միխայիլ Բորիսովիչին՝ ծնված 1963թ․, ք․ Մոսկվայում՝ ազատելով նրան ազատազրկման տեսքով պատժի հետագա կրումից»,- ասված է փաստաթղթում։

Պուտինի՝ Խոդորկովսկիին ներում շնորհելու մտադրության մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 19-ին։

Իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսից հետո Պուտինը հայտարարել էր, որ Խոդորկովսկին, վկայակոչելով մարդասիրական բնույթի հանգամանքներ (նրա մայրը հիվանդ է,- հստակեցրել էր Պուտինը), ներում շնորհելու դիմում է գրել, և առաջիկայում համապատասխան հրամանագիրը կստորագրվի։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարի՝ ներման խնդրանքով նամակը Ռուսաստանի նախագահը ստացել էր վերջերս։

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարի պաշտպանները ռուսական լրատվամիջոցներին ի սկզբանե հայտարարել էին, որ իրենց հայտնի չէ նախագահին ուղղված նամակի մասին, սակայն նշել էին, որ ներման դեպքում Խոդորկովսկին բանտից դուրս կգա անմիջապես։

ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը հաստատել է, որ Խոդորկովսկին արդեն ազատված է ազատազրկման տեսքով պատժի հետագա կրումից։ Այս մասին ասված է գերատեսչության կայքում։ Միաժամանակ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը չի հստակեցրել՝ լքել է արդյոք Խոդորկովսկին գաղութը, որում կրում էր պատիժը վերջին մի քանի տարիներին։

Միխայիլ Խոդորկովսկին անազատության մեջ էր 2003թ․ հոկտեմբերից և պետք է ազատ արձակվեր 2014թ․օգոստոսի 25-ին։

2005թ․ մայիսին Մոսկվայի Մեշանսկի դատարանը գործարարին դատապարտել էր 9 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու համար։ 2010թ․ դեկտեմբերին Մոսկվայի Խոմովնիչեսկի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի կողմից արդյունահանվող նավթի յուրացման և փողերի լվացման մեջ ու դատապարտել 14 տարի ազատազրկման։ 2012թ․ դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել էր նրա պատիժը մինչև 11 տարի։