Ազգային ժողովի դիմաց դեկտեմբերի 20-ին` ժամը 11:30-ից, մեկնարկել է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան` զուգահեռ Ազգային ժողովում ժամը 12:00-ին մեկնարկած արտահերթ նիստին:
Քաղաքացիները, մասնավորապես, բողոքում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրերի վավերացման դեմ:
«Նախախորհրդարանի» անդամ, բողոքի ակցիայի մասնակից Տիգրան Խզմալյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում այս համաձայնագերի վավերացումը որակեց «պետական դավաճանություն»:
«Սա մեռնող համակարգի և բիձեքի դավաճանությունն է երիտասարդների նկատմամբ»,- ասաց նա:
ՍիվիլՆեթի լրագրողի հաղորդմամբ` ակցիայի մասնակիցների թիվը հետզհետե ավելանում է: Նրանց թվում են նաև քաղաքական և հասարակական հայտնի գործիչներ: Ազգային ժողովի դիմաց են նաև ոստիկաններ, որոնք ուղեկցում են նախաձեռնության անդամներին:
Ազգային ժողովում ՍիվիլՆեթի լրագրողը տեղեկացրեց, որ արտահերթ նիստը տևելու է մինչև ժամը 20:00-ը` առանց ընդմիջման:
Ըստ Ազգային ժողովի մամուլի ծառայության` արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, վավերացվելու ն են հետևալ միջազգային պայմանագրերը.
1) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր,
2) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիր,
3) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր: