Ռուսաստանի ինքնամեկուսացման մարտահրավերները

Վերջին շրջանում Ռուսաստանը ավելի է հստակեցնում Արևմուտքի հետ հակադրվելու իր քաղաքական կամքը: Եթե 90-ականներին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը քննարկում էր ՆԱՏՕ-ի հնարավոր անդամ դառնալու, ինչպես նաև ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու տարբերակները, ապա 2000-ականների վերջին Վլադիմիր Պուտինը սկսեց Արևմուտքի հետ հակամարտության գնալու քայլեր ձեռնարկել:

Նման քայլի գնալու պատճառները շատ էին, սակայն Ռուսաստան-Վրաստան պատերազմը եղավ այն գլխավոր պատճառներից մեկը, որը ստիպեց Ռուսաստանին ծայրահեղ քայլեր ձեռնարկել ընդդեմ Արևմուտքի:

Արդեն երկար ժամանակ է՝ Ռուսաստանի պետական ալիքները հակաարևմտյան պրոպագանդա են ցուցադրում: Ըստ ռուսական մի շարք պետական ալիքների՝ Արևմուտքը մի տեղ է, որտեղ սեռական փոքրամասնությունները դոմինանտ դիրք ունեն, և նրանք ճնշումներ են գործադրում մեծամասնության նկատմամբ: Վերջերս այդպիսի գաղափարներ տարածող Դմիտրի Կիսելյովը նշանակվել է «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն, որը ստեղծվել է «ՌԻԱ Նովոստի»-ի բազայի հիման վրա: Մի կողմից լրատվական ռեսուրսների կենտրոնացում է կատարվել Ռուսաստանում, մյուս կողմից էլ այդ ռեսուրսների համակարգող է նշանակվել գլխավոր հակաարևմտականներից մեկը:

Արևմուտքի հետ հարաբերությունների սրացման պատճառ է հանդիսացել նաև ԵՄ-ի նախաձեռնած Արևելյան գործընկերություն ծրագիրը: Հենց այդ ծրագրի շրջանակում էլ ստեղծվեց Ուկրաինայի ճգնաժամը: Ուկրաինան ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, և Ուկրաինայի «ասոցացումը» Արևմուտքի հետ Ռուսաստանի դիրքերը էլ ավելի կթուլացնի հետխորհրդային տարածաշրջանում:

Դեկտեմբերի 16-ին արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ռուսաստանը «Իսկանդեր» օպերատիվ-մարտական հրթիռային համալիր է տեղադրել Կալինինգրադում, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանին ու Լիտվային: 2013թ. ընթացքում ՆԱՏՕ-ն կազմակերպել է 2006-ից հետո իր ամենածավալուն զորավարժությունները Լեհաստանում ու բալթյան երկրներում: Ըստ զորավարժության սցենարի՝ Էստոնիայի վրա հարձակում էր գործել պայմանական երկիրը: Հասկանալի է, որ այդ երկիրը Ռուսաստանն է: Ռուսաստանն իր հերթին Բելառուսի հետ կազմակերպել է զորավարժություն, որին մասնակցել է մոտ 70 հազ. զինվոր:

Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացման մեկ այլ շարժառիթ են Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի հետ կապված Սոչիի վերակառուցումը 50 մլրդ եվրո է արժեցել Ռուսաստանին, մինչդեռ նախկին ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված ծախսերը Վանկուվերում, Տուրինում և Սոլթ լեյք սիթիում 5 մլրդ եվրոյից չեն անցել: Սոչիի վերակառուցումը Պուտինի ծրագիրն է, որի ձախողումը լինելու է նրա անձնական անհաջողությունը: Արդեն հայտնի է դարձել, որ վերակառուցման մի շարք ծրագրեր ձախողվել են: Բացի դրանից, Արևմուտքի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ հայտարարել են, որ չեն մասնակցելու օլիմպիադային: Նրանց մեջ են Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները:

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում, որը մեկուսացնում է վերջինիս միջազգային մի շարք գործընթացներից: Հակաարևմտյան ներքին քաղաքականությունը կապված է նաև Պուտինի ռեժիմի թույլ լինելու հանգամանքի հետ: Հետխորհրդային երկրների «ասոցացումը» Արևմուտքի հետ ժողովրդավարացման հավելյալ ճնշումներ կստեղծի Պուտինի ռեժիմի համար, քանի որ այդ երկրների ժողովրդավարացումը օրինակ է լինելու Ռուսաստանի ժողովրդի համար:

Ռուսաստանի ինքնամեկուսացման ճանապարհը կարող է շատ ծանր նստել այդ երկրի վրա: 20-րդ դարում ինքնամեկուսացումը շատ թանկ է նստել Խորհրդային Միության վրա և նրա փլուզման պատճառներից մեկը եղել: 21-րդ դարում գրեթե նույն խնդրի առաջ է կանգնած Ռուսաստանը, և ինքնամեկուսացումը հավելյալ պատճառ կլինի Պուտինի ռեժիմի թուլացման ու կործանման համար:

Մեկնաբանել