22 դեկտեմբեր, 2013 19:57

Հայկական մայդանում մեկ հարց՝ իշխանափոխություն

Դեկտեմբրի 21-ին Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարելի է ասել ալեկոծեց հասարակական-քաղաքական դաշտը։ Եվ դա բնական է, քանի որ քաղաքական և կոնցեպտուալ դրույթների վրա հիմնված այդ ելույթով Տեր-Պետորսյանը շոշափում է այնպիսի մի թեմա, որի շուրջ վերջին շրջանում բազմաթիվ վեճեր ու քննարկումներ են ընթանում. այն է՝ ինչո՞ւ Հայաստանում մայդան չեղավ։

Առաջին նախագահի բերած հիմնավորումները թերևս ոչ այնքան վերաբերում են «մայդան» հասկացությանը, որքան «եվրամայդանին», քանզի «մայդանը» որպես իշխանությունների դեմ ուղղված հրապարակային բողոքի ձև Հայաստանում պարբերաբար կայանում է: Այլ հարց է, որ դեռ չի եղել դրա արդյունավետ հանգուցալուծման որևէ դեպք։ Իսկ «եվրամայդանը» ավելի շատ ասոցացվում է եվրաինտեգրացիայի կուրսը տապալելու համար իշխանությունների դեմ պայքարի հետ՝ հակառուսական որոշակի շեշտադրումներով:

Առաջին նախագահը պատմական իրողությունների և օբյեկտիվ իրականության համադրման մեթոդոլոգիայով «ռեալպոլիտիկի» տրամաբանության շրջանակում փորձում է բացատրել, թե Հայաստանում ինչու չի կայացել «եվրամայդանը»։ Երեք կետից բաղկացած հիմնավորումները կարելի է քաղաքագիտական և պատմագիտական վերլուծության ենթարկել, սակայն հակիրճ գնահատելու դեպքում կստացվի հետևյալ պատկերը։

Նախ, Տեր-Պետրոսյանի պատմական հիմնավորումը բավական կուռ է, և բերված փաստերը վիճաբանելու տեղ չեն թողնում։ Հայաստանում հակառուսական տրամադրությունների բացակայությունը հիմնավորված է պատմական իրողություններով և պատմական հիշողությամբ։ Այստեղ տեղին է մեջբերել դեկտեմբերի 19-ին Gallup-ի հրապարակած հարցումների տվյալները, որոնց համաձայն Հայաստանում հարցվածների 66 տոկոսը Խորհրդային Միության փլուզումը կորուստ են համարել և միայն 10 տոկոսն է այն համարել օգտակար։ Ի դեպ, 66-տոկոսանոց ցուցանիշով Հայաստանը առաջինն է նախկին խորհրդային հանրապետությունների մեջ։ Սա պարզապես ռուսամետ տրամադրությունների մասին վկայող ցուցանիշ է:

Երկրոդ հիմնավորումը առաջին հանրապետության կործանման պամական դասերի հետ համեմատական վերլուծությունն է։ Բարդագույն տարածաշրջանում, որտեղ բախվում են համաշխարհային և տարածաշրջանային տերությունների շահերը, Հայաստանի չհավասարակշռված և չկշռադատված արտաքին քաղաքականությունը կարող է կործանարար լինել։ Առաջին հանրապետության կործանման մեջ այդ գործոնը մեծ դեր է ունեցել։ Արտաքին քաղաքականության մեջ մեծ տատանողականությունը, վեկտորների կտրուկ և չկշռադատված փոփոխությունը, հավասարակշռման բացակայությունը երկրի համար ճակատարգրական են դառնում։ Այստեղ Տեր-Պետրոսյանը մատնանշում է միայն կտրուկ հակառուսական ուղղվածության վտանգավորությունը։

Սակայն ինքնին վտանգավոր և կործանարար է թե՛ չհիմնավորած հակառուսական, թե՛ հակաարևմտյան արտաքին քաղաքականությունը: Երկու դեպքում էլ երկրի ինքնիշխանությունը դրվում է վտանգի տակ: Դիցուք, Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին խախտել է այդ հավասարակշռությունը, արտաքին քաղաքականության մեջ մեծացրել տուրբուլենտությունը. արդյունքում ստիպված եղավ 49 տարով երկարացնել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանագիրը, իսկ մինչև 2043թ․ կապիտուլացվել ռուսական «Գազպրոմի» առջև։ Շատ է նշվում, որ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը 17 տարիների ընթացքում այդքան մեծ քայլ չեն արել Եվրոպայի ուղղությամբ, որքան վերջին չորս տարիներին արեց Սերժ Սարգսյանը: Սակայն ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ էլ Քոչարյանը Հայաստանն այսքան խոր և համակողմանի վասալային կախվածության մեջ չեն գցել Ռուսաստանից, որքան Սերժ Սարսգայնը։

Երրորդ հիմնավորումը Արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտներն են, որոնց պատճառով հայ հասարակությունը խոր հիասթափություն է ապրում արևմտյան կառույցներից։ Այս պարագայում ևս դժվար է վիճել, քանի որ մարդու իրավունքների և ժողովրդավարության դրոշով հանդես եկող Արևմուտքը անուղղակի և ուղղակի աջակցել է Հայաստանի գործող իշխանություններին, որոնց լեգիտիմության աստիճանը գրեթե զրոյական է։ Այս իրավիճակում խոսել, որ հայ հասարակությունը դուրս է գալու փողոց հանուն եվրոասոցացման, մեղմ ասած, տարօրինակ է։

Տեր-Պետրոսյանը, Արևմուտքին քննադատելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, միևնույն ժամանակ Հայաստանում փոփոխությունների կամ իշխանափոխության հաջողությունը պայմանավորում է Արևմուտքի դիրքորոշմամբ՝ փաստելով, որ չնայած հասարակության մեջ ռուսամետ տրամադրություններ են իշխում, այնուամենայնիվ Արևմուտքը ներքաղաքական և ներհասարակական գործընթացների վրա ազդելու հզոր լծակների է տիրապետում։

Այս ամենով հանդերձ հասարակությանն ու քաղաքական դաշտին Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական ուղերձն այն է, որ Ռուսաստանի դեմ պայքարը սին թիրախ է, որը հանրային աջակցություն չի վայելում։ Հայկական պետականությանը և ինքնիշխանությանը սպառանացող վտանգները գալիս են ոչ թե դրսից, այլ ներսից՝ Հայաստանի գործող իշխանության վերին էշելոններից։ Հետևաբար փոփոխությունների միտված պայքարի հիմքում պետք է դնել իշխանափոխության հրամայականը:

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: