«Որոշողը մենք ենք» նախաձեռնության բաց նամակը՝ ԱԺ պատգամավորներին

«Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը Ֆեյսբուքի էջի միջոցով բաց նամակ է տարածել՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին, որում վերջիններիս հորդորում է դեմ քվեարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի վավերացմանը: Քվերկությունը նախատեսված է դեկտեմբերի 23-ին:

Բաց նամակում մասնավորապես ասված է.

«Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու քվեարկություն Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող պայմանագրերի վավերացման հարցով, ինչին մասնակցելու եք դուք։

Կարիք չկա կրկնել այդ պայմանագրի աղետալի հետևանքների մասին փաստարկները, որոնց մասին բազմիցս խոսվել է և բոլորդ քաջ տեղյակ եք մանրամասներին: Այն լրջորեն սպառնում է ՀՀ անվտանգությանը, հակասում է ՀՀ կենսական շահերին և վտանգի տակ է դնում Հայաստանի անկախությունը։

Կողմ քվեարկելով այդ պայմանագրերին՝ դուք, կատարելով կուսակցական որոշումը, ենթարկվելով ձեր հովանավորի հրամանին և կրելով կուսակցական, քաղաքական պատասխանատվություն, չեք ազատվում անհատական պատասխանատվությունից, այլ վերցնում եք ձեզ վրա այդ պատասխանատվությունը պետական դավաճանություն կատարելու համար։ Իսկ ժողովուրդը պետական հանցագործությունները և դավաճանությունը չի ներում և խստագույն պատժի է ենթարկում ցանկացած հնարավորության դեպքում, զանազան միջոցներով, կլինի դա այս վարչախմբի օրոք, թե ժողովրդի իշխանություն հաստատելուց հետո։ Պատմությունը հարուստ է այդպիսի օրինակներով։ Մի վերցրեք ձեզ վրա ուրիշների հանցագործությունների պատասխանատվությունը։ Բավարարելով ձեր այժմեական նեղ շահը, ժողովուրդը, ապագա սերունդները ու նաև ձեր սերունդները դրա ծանրագույն հետևանքները կարող են կրել երկար տարիներ շարունակ։

Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության ազատ, արժանապատիվ քաղաքացիներ, հետևելու ենք յուրաքանչյուր պատգամավորի դիրքորոշմանը և ամեն բան կանենք՝ կանխելու Հայաստանի Հանրապետության դեմ ծանրագույն պետական հանցագործության իրագործումը, իսկ դրա իրագործման դեպքում, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Դեկտեմբերի 23-ը որոշիչ կլինի նաև ձեզ համար:

Որոշողը մե՛նք ենք»։

«Որոշողը մենք ենք» նախաձեռնություն անդամները դեկտեմբերի 21-ից թռուցիկներ են բաժանում քաղաքացիների շրջանում, որոնց միջոցով կոչ են անում վերջիններիս դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:30-ին հավաքվել Ազգային ժողովի դիմաց: Տարածվել է նաև հետևյալ տեսանյութը:

Հիշեցնենք, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում դեկտեմբերի 20-ին քննարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայմանագրի վավերացման հարցը, որով Հայաստանը գազի մատակարարման մենաշնորհը հանձնում է Ռուսաստանին՝ օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20%-ը: Քննարկումից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց քննարկված հարցերի քվեարկությունը կազմակերպել դեկտեմբերի 23-ին:

Մեկնաբանել