23 դեկտեմբեր, 2013 12:40

ԱԺ-ն կողմ քվեարկեց գազային պայմանագրերին

Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ի նիստում վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված երեք համաձայնագրերը: Գազային պայմանագրի վավերացմամբ` Հայաստանը գազի մատակարարման մենաշնորհը հանձնում է Ռուսաստանին՝ օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20%-ը:

Պայմանագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 77 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: 

Քանի որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի դահլիճում ավելի վաղ հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, քվեարկությունն իրականացվել է հաշվիչ հանձնաժողովի միջոցով:

Նիստի սկզբում Ազգային ժողովում հավատարմագրված մի շարք լրագրողներ մուտք էին գործել գործել նիստերի դահլիճ և պարզել պաստառներ` որպես բողոքի նշան` «Որոշողը մենք ենք», «Մի´ վաճառեք Հայաստանը» գրություններով:

Իսկ ժամը 11:30-ից ԱԺ-ի դիմաց մեկնարկել է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գազային պայմանագրերի վավերացմանը:

ԱԺ-ն դեկտեմբերի 23-ին վավերացրեց հայ-ռուսական հետևյալ պայմանագրերը`

1)  ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը,

2) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը,

3) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: