Pussy Riot-ի Ալյոխինան համաներմամբ ազատ է արձակվել

Սկանդալային Pussy Riot փանք խմբի ազատազրկված անդամ Մարիա Ալյոխինան լքել է Նիժնի Նովգորոդի ԻԿ-2 գաղութը։ Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտնել է նրա փաստաբան Պյոտր Զաիկինը։

«Մարիա Ալյոխինան ազատ է արձակվել։ Բոլոր փաստաթղթերը ձևակերպված են և ստորագրված»,- հայտարարել է Զաիկինը։

BBC-ի հետ զրույցում Ալյոխինան ասել է, որ առայժմ Նիժնի Նովգորոդում է, որտեղ ծրագրում է հանդիպում ունենալ իրավապաշտպանների հետ։

Որոշ տվյալների համաձայն՝ Pussy Riot-ի մյուս անդամ Նադեժդա Տոլոկոննիկովային նույնպես ազատ են արձակելու դեկտեմբերի 23-ին։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Պետական դուման հավանություն էր տվել ՌԴ Սահմանադրության 20-ամյակին [ՌԴ Սահմանադրությունն ընդունվել է 1993թ․ դեկտեմբերի 12-ին] նվիրված նախագահական համաներման նախագծին։ Համաներումը տարածվում է այդ թվում՝ «խուլիգանություն» հոդվածով ազատազրկված Ալյոխինայի և Տոլոկոննիկովայի վրա։

2012թ․ օգոստոսին դատարանը Pussy Riot խմբի երեք անդամներին՝ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային և Եկատերինա Սամուցևիչին դատապարտել էր երկու տարի ազատազրկման Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «Տիրամայր, փրկիր մեզ Պուտինից» փանք-աղոթք կատարելու համար։

Ավելի ուշ՝ 2012թ․ հոկտեմբերին, Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել էր Եկատերինա Սամուցևիչի պատիժը՝ երկու տարվա իրական ժամկետը փոխարինելով պայմանականով․ նա դատարանի դահլիճում ազատ էր արձակվել։

Մեկնաբանել