SOCAR-ը գնեց Հունաստանի գազի տարանցման համակարգը

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը Հունաստանի պետգույքի կառավարման գործակալության՝ (Hellenic Republic Asset Development Fund, HRADF) հետ ստորագրել է Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է contact.az-ը:

HRADF-ի կողմից ավելի վաղ հայտարարված հայտամրցույթի արդյունքներով՝ կողմերը ստորագրել են գնման մասին պայմանագիրը և բաժնտերերի մասին համաձայնագիրը:

Ստորագրված փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն Եվրամիության էներգետիկայի և հակամենաշնորհային հարցերով հանձնակատարների կողմից դրանք հաստատելուց հետո:

Փաստաթղթի ստորագրման ժամանակ նշվել է, որ SOCAR-ի կողմից DESFA-ի վերահսկիչ փաթեթի գնումը չափազանց կարևոր է Հունաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման իմաստով:

Փաստաթղթի ստորագրումը նախատեսված էր դեկտեմբերի 17-ին Բաքվում, սակայն տեղի չունեցավ, քանի որ Հունաստանի վարչապետը ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով Բաքու չժամանեց: Հունական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ պայմանգրի ստորագրումը չէր կայացել Ռուսասատնի կողմից Աթենքին ավելի շահավետ առաջարկի ներկայացման պատճառով: Ավելի ուշ SOCAR-ը հայտարարություն էր տարածել՝ ըստ որի պայմանագրի չստորագրումը տեխնիկական պատճառներով է:

Լուսանկարը՝ socar.az-ի

Մեկնաբանել