23 դեկտեմբեր, 2013 12:20

Zaman-ն անցանկալի թերթ՝ «Թուրքական ավիաուղիներում»

«Թուրքական ավիաուղիների» (THY) ղեկավարությունը ընկերությանը պատկանող ինքնաթիռներում սահմանափակել է թուրքական Zaman թերթի տարածումը և դադարեցրել անգլալեզու տարբերակի՝ Today’s Zaman-ի տրամադրումն առհասարակ:

Պարբերականի նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված է վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող աղմկահարույց իրադարձություններով, մասնավորապես,  «Կաշառակերություն և խարդախություն» անունը ստացած օպերացիայի հետ, որի հիմնական լուսաբանողը ընդդիմադիր ու հակակառավարական կեցվածք որդեգրած Zaman-ն է:

Գործի շրջանակում ձերբակալվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարության երեք նախարարների որդիները, մի շարք գործարարներ ու պետական կառույցների աշխատակիցներ: Էրդողանը տեղի ունեցածը որակել է իր և կառավարության դեմ ուղղված դավադրություն:

Էրդողանի դեմ նման քաղաքականության հետևում ենթադրաբար կանգնած է գյուլենական կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, իսկ Zaman-ը  համարվում է «գյուլենական» թերթ: Հետաքրքիր է, որ այս օրերին պարբերականի քննադատությամբ հանդես է եկել նաև Էրդողանը: Բացի Zaman-ից` թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռներում դադարեցվել է նաև Bugun և Orta Dogu թերթերի բաժանումը:

«Թուրքական ավիաուղիների» ղեկավարությունը վերոնշյալ որոշումների վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել: Ընկերության ղեկավարներից Սերդար Օզեր Օզթուրքը Twitter-ի իր միկրոբլոգում վիրավորական արտահայտություն է գրել Ֆեթուլլահ Գյուլենի հասցեին: Թուրքիայում ստեղծված ներքաղաքական իրադրության, կառավարության ու գյուլենական շարժման միջև առկա հակասությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ: