Ազգային ժողովի դիմաց դեկտեմբերի 23-ին` ժամը 11:30-ից մեկնարկել է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գազային պայմանագրերի վավերացմանը: Ազգային ժողովում ժամը 12:00-ին նախատեսված է գազային պայմանագրերի հարցով քվեարկությունը:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիայի մասնակիցների թիվը շուրջ 200 է: Նրանք մի քանի հանրապետական պատգամավորների դիմավորել են «Դավաճան» վանկարկումով, իսկ ընդդիմադիր պատգամավորներին կոչ արել վայր դնել մանդատները և միանալ իրենց պայքարին: Մեծ թիվ են կազմում նաև ոստիկաններն ու ոստիկանական մեքենաները:
«Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը Ֆեյսբուքի էջի միջոցով նաև բաց նամակ էր տարածել՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին, որում վերջիններիս հորդորում է դեմ քվեարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի վավերացմանը:
Նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին կազմակերպել նաև դեկտեմբերի 20-ին. այդ օրը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայմանագրի վավերացման հարցը, որով Հայաստանը գազի մատակարարման մենաշնորհը հանձնում է Ռուսաստանին՝ օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20%-ը: