Կոռուպցիոն սկանդալը՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածության պատճառ

Թուրք և ամերիկացի դիվանագետները գրեթե խուսափեցին ճգնաժամից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե «Վաշինգտոնի դեսպանը կարող է վտարվել սադրիչ գործողությունների համար», այդուհանդերձ, երկկողմ կապերը շարունակում են լարված մնալ, գրել է Hurriyet Daily News-ը:

ԱՄՆ-ը լրջորեն նախազգուշացրել է Թուրքիային, որ իր և իր դիվանագետների դեմ նման «կեղտոտ» արշավի նախաձեռնումը կարող է անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա:

Թուրքիայում դեկտեմբերի 17-ին ոստիկանության գործողությունների արդյունքում կաշառակերության և խարդախության կասկածանքով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների որդիների և հայտնի գործարարների բերման ենթարկումից հետո կառավարամետ մամուլը գրեց, որ ԱՄՆ-ի դեսպան Ֆրանսիս Ռիկարդոնեն ԵՄ մի շարք դեսպանների ասել է. «Կայսրության անկման ականատեսը կլինեք»:

Չնայած դեսպանությունը կտրականապես հերքել է այս տեղեկությունները, Էրդողանը Սամսունում իր ելույթի ժամանակ, անդրադառնալով նման հայտարարություններին, ասել է. «Վերջին օրերին որոշ դեսպաններ ներգրավվել են սադրիչ գործողություններում: Նրանց եմ դիմում Սամսունից. «Ձեր գործով զբաղվեք»: Պարտավոր չենք ձեզ պահել մեր երկրում»:

Էրդողանի կոշտ ելույթից հետո Ռիկարդոնեն հանդես է եկել գրավոր հայտարարությամբ , որում մեկ անգամ ևս հերքել է տարածված տեղեկություններն ու պնդել, որ «ոչ ոք չպետք է վտանգի թուրք-ամերիկյան հարաբերություններն ահիմն պնդումներով»:

Պաշտոնական Վաշինգտոնն արտահայտել է իր խոր մտահոգությունը մամուլում տեղ գտած հրապարակումների և Էրդողանի մեղադրանքների առթիվ և պահանջել է, որ հայտարարությունների արդյունքում ստեղծված տպավորությունը շտկվի:

Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ բավարարված է դեսպանի պարզաբանմամբ. «Բավարար ենք համարում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը: Հարցի կապակցությամբ նրան նախարարություն կանչելու մտադրություն չկա»:

Մեկնաբանել