Հեյ, ո՞վ կա այդտեղ

Անցյալ շաբաթ Ստեփանակերտում երկու կարևոր միջոցառում կայացավ։ Ե րկուսն էլ նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, երկուսն էլ նույն մտահոգություններով ու հարցադրումներով։

Ստեփանակերտի մամուլի ակումբում այդ օրը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հանդիպումը ԼՂՀ առավել ակտիվ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են խաղաղարար զանազան ծրագրերում:

Ուշագրավ է, որ լրագրողական այս կազմակերպությունը, նրա գործընկերները, տարբեր լրագրողներ ու հասարակական գործիչներ քանիցս ընդգծել են, որ հակամարտության մեջ ներգրավված երկրների հանրություններն արհամարհված են ինչպես սեփական իշխանությունների, այնպես էլ միջնորդների կողմից։ Ու պարբերաբար կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբին սերտացնել հարաբերությունները քաղաքացիական հասարակության հետ։ Համանախագահները վերջապես արձագանքել են, ավելի ստույգ՝ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները։ Կարծում եմ, որ մի շարք հանգամանքներով պայմանավորված այս հանդիպումը կարող է իրենով նշանավորել նոր զարգացումների սկիզբ։

Սա ուղենշային իրադարձություն էր այն պարզ պատճառով, որ առաջին անգամ են համանախագահներն արձագանքում տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կոչին։ Կարգավորման ողջ ընթացքում երկու հանդիպում է եղել արցախցի քաղաքացիական ակտիվիստների հետ, այն էլ՝ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ։ Դրանցից մեկին, որ կայացել է հակամարտության գոտուց հեռու, արցախցի հասարակական առաջնորդները մասնակցել են ադրբեջանցի ու հայաստանցի գործընկերների հետ միասին։

Ինչ խոսք, ստեփանակերտյան հանդիպման առանցքը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերն էին։ Անսպասելի բացահայտումներ չեղան հանդիպման ժամանակ, սակայն կարևոր էր «առաջին ձեռքից» ստանալ որոշ մանրամասներ։

Բայց այն տպավորությունն ունեմ, որ համանախագահներին միայն ղարաբաղյան թեմատիկայով կիսվելու անհրաժեշտությունը չէ առաջնորդել։ Կարծես թե նրանց մոտ հետաքրքրություն կար իմանալու, թե «էլ ով կա այդտեղ»։ Մշտապես բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելուց հետո, հավանաբար, անհրաժեշտություն է զգացվել ընդլայնելու իրենց զրուցակիցների ու գործընկերների «պատկերասրահը», կարծես թե անկեղծ ցանկություն կար ծանոթանալու նոր դեմքերի և, որ ավելի կարևոր է, նոր մտքերի հետ։ Կարծում եմ՝ այդ հնարավորությունը նրանք ստացան։ Նաև հակված եմ կարծելու, որ համագործակցության շարունակման առաջարկություններ կլինեն։ Երկուստեք։

Նույն օրը երեկոյան Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում մեկ այլ հանդիպում կայացավ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ավելի լայն կազմով։ Քննարկվում էր Եվրամիության ծրագրի շրջանակում International Alert միջազգային կազմակերպության անցկացրած մի հետազոտություն, որն իրականացվել է Ադրբեջանից, Հայաստանից ու ԼՂՀ-ից հրավիրված փորձագետների մի փոքրիկ խմբի կողմից։ Հետազոտության մեջ վերլուծվում էր քաղաքացիական խաղաղարարության 20-ամյա պատմությունը։

Սակայն զրույցն ի սկզբանե դուրս եկավ խնդրո առարկայի քննարկման շրջանակներից և ծավալվեց նորանկախ Արցախի առջև ծառացած մարտահրավերների շուրջ։ Ուշագրավ է, որ այստեղ էլ հնչեցին նոր մտքեր, ներկայացան նոր դեմքեր, ինչն էլ ստիպեց փաստելու մի հետաքրքիր հանգամանք՝ վերջին տարիների տոտալ գորշության ու միջակության մթնոլորտում, այնուամենայնիվ, աճել է նոր սերնդի մի շյուղ, որը շահեկանորեն տարբերվում է իր ուրույնությամբ, սկզբունքայնությամբ, ազնվությամբ ու հայրենասիրությամբ։ Մերօրյա երիտասարդների փոքրաթիվ մի խումբ, որ պատրաստ է նոր ավյուն հաղորդելու ժամանակից շուտ զառամյալ դարձած հանրությանը։ Այսպիսով, արցախյան ներկայիս անշող համապատկերին ավելացել է մի պայծառ ու խոստումնալից շտրիխ՝ ի դեմս երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների։

Ուշագրավ էր նաև մեկ այլ հանգամանք։ Նման հանդիպումներում արդեն շատ ավելի հարմարավետ մթնոլորտ է լինում իշխանությունների կողմից տարիներ ի վեր «շրջափակման» մեջ գտնվող անձանց համար։ Ավելին՝ իշխանությունների քաղաքացիական «փաստաբանների» համար գնալով դժվարանում է իրենց առաքելության իրականացումը։

Ինչ որ է, արցախյան հանրությունն ավելի ընկալունակ է դառնում նոր դեմքերի ու նոր մտքերի նկատմամբ, ինչը չի կարող չուրախացնել։

Մեկնաբանել