Սիրիական բանակը Հալեպի վրա տրոտիլով տակառներ է նետում

Սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով նվազագույնը 25 մարդ զոհվել է Հալեպի շրջաններից մեկում, հաղորդում է BBC-ն։

Տրոտիլով տակառները նետվել են Հալեպի Հանանո թաղամասի վրա։ Ընդդիմադիր ակտիվիստների խոսքով՝ սպանվել է վեց երեխա և 19 մեծահասակ, ևս 17 մարդ ստացել է վնասվածքներ։

«Ալ Ջազիրայի» թղթակիցը զոհերի թիվը 70 է գնահատել։

Կառավարական զորքերն ավելի քան մեկ շաբաթ է՝ շարունակում են ավիահարվածներ հասցնել ապստամբների դիրքերին։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ։

«Տակառե ռումբերը» պատրաստվում են տնային պայմաններում և ունեն հարվածի մեծ մակերես՝ շնորհիվ դրանցում առկա մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերի։

Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդ ալ Ռահմանը, վկայակոչելով Հալեպի ակտիվիսնտերին և ականատեսներին, նշում է, որ Հանանոյում զոհերի թիվը կարող է ավելանալ։

«Հալեպ մեդիա կենտրոն» անկախ տեղեկատվական կազմակերպության (որը կազմված է քաղաքում ապրող լրագրողներից) հաղորդմամբ՝ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ավտոբուս՝ բոլոր ուղևորներով հանդերձ, վնասվել է 10 ավտոմեքենա և վնաս է հասցվել բնակելի շենքի։

Սիրիական պետական գործակալությունն իր հերթին հաղորդում է Հոմս նահանգում՝ տարրական դպրոցի շենքի մոտ, ականապատ ավտոմեքենայի պայթյունի մասին։

Ականապատ ավտոմեքենան պայթել է Ում ալ Ամեդ քաղաքում՝ բնակեցված գերազանցապես շիա մուսուլմաններով։ Ապստամբներն ու նրանց դաշնակիցները հիմնականում սուննի են։

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է վեց երեխա և երկու մեծահասակ։ Նվազագույնը 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վնասվածքներ են ստացել։

Դեկտեմբերի 20-ին Հալեպում ապստամբները կառավարական ուժերից գրավել են ավերված հիվանդանոցի շենքը, որը գտնվում է ռազմավարապես կարևոր տեղում։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել