Վավերացում՝ օրենքի խախտմամբ

Դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումը ընթացել է «ԱԺ Կանոնակարգ օրենքի» կոպիտ խախտումներով:

Արտահերթ նիստից առաջ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ի նշան բողոքի, հավաքել էր իշխանական պատգամավորների գրանցման քարտերը, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային քվեարկության համար:

Հնարավորություն չունենալով էլեկտրոնային եղանակով քվեարկություն կազմակերպել՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված օգտագործեց ձեռքով բաց քվեարկություն կազմակերպելու տարբերակը: Սակայն ձայների հաշվարկը չիրականացվեց ԱԺ հաշվիչ հանձանաժողովի կողմից, պատգամավորների քվեարկության արդյունքները հաշվեցին ՀՀԿ-ի ներկայացուցիչները:

ԱԺ կանոնագարգ օրենքը հստակ նշում է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի լիազորությունները:

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ ԱԺ որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանը:

Ներկայիս նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում ընդգրկված են Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն»):

«ԱԺ Կանոնակարգ-օրենքի» 61-րդ հոդվածի (Բաց քվեարկության անցկացման կարգը) 2-րդ կետի համաձայն՝ բաց քվեարկությունը իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

Իսկ նույն օրենքի 24-րդ հոդվածի (Ժանանակավոր հաշվիչ հանձնաժողովը և նրա գործունեությունը) 5-րդ կետի համաձայն՝ հաշվիչ հանձնաժողովի որոշումները ընդունվում են նրա անդամաների ձայների մեծամասնությամբ:

Այսինքն՝ համաձայնագրի վավերացումը դե յուրե տեղի կունենար այն ժամանակ, երբ գործող մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնության ստորագրությամբ արձանագրություն կազմված լիներ՝ ձայների հաշվարկի և արդյունքների վերաբերյալ, ինչը չի արվել: Դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը քվորում չի ունեցել և չի աշխատել: Բացի այդ` նիստը վարող Հովիկ Աբրահամյանը նույնիսկ չի փորձել դիմել հաշվիչ հանձնաժողովի օգնությանը և կազմակերպել է օրենքին հակասող ձայների հաշվարկի գործընթաց:

Սա թույլ է տալիս արձանագրել, որ իրավական առումով դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը չի վավերացրել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Մեկնաբանել