Իշխանության անմեղսունակությունը սահմաններ չունի

Դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն օրենքի կոպիտ խախտումներով վավերացրեց գազի վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերը, որոնք ստորացուցիչ են Հայաստանի համար: Կապիտուլյացիա հիշեցնող պայմանագրերը սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: Վտանգներից մեկն այն է, որ, Հայաստանում գազի մատակարարումն օրերից մի օր կարող է հայտնվել ադրբեջանական կամ թուրքական ընկերությունների վերահսկողության տակ:

Պատգամավորներից մեկի կարծիքով պայմանագրերի վերաբերյալ բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել, այդ իսկ պատճառով այն նվաստացուցիչ է ստացվել: Իրականում, հայկական կողմը մասնակցել է, ընդ որում, նրա անմեղսունակությունն է նման արդյունքի պատճառը: Եթե հայկական կողմը չմասնակցեր բանակցություններին, ապա ռուսական կողմը կենթադրեր, որ Հանրապետական կուսակցությունը չի վավերացնելու այն, և ըստ այդմ, Հայաստանի շահերից բխող մեկ այլ պայմանագիր կպատրաստեր:

Հայաստանի ներկայիս իշխանության անմեղսունակությունը սահմաններ չունի: Սերժ Սարգսյանը փորձում է հնարավորինս արագ վավերացնել Մաքսային միության փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը շուտափույթ դառնա դրա լիիրավ անդամ: Շուտով Հանրապետական կուսակցությունը Մաքսային միության հետ կապված պայմանագրեր կներկայացնի Ազգային ժողով: Եվ դրանք, մեծ հաշվով, չեն տարբերվի «գազային պայմանագրերից»:

Նույնատիպ ճակատագրի են արժանանալու Արցախի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները: Վերջերս Մինսկի խմբի համանախագահները եղել են Ստեփանակերտում, որտեղ հանդիպումներից մեկի ժամանակ ասվել է՝ բոլոր խնդիրները համաձայնեցված են, մնում են կարգավիճակի և միջանցքի լայնության հարցերը: Այսինքն, Սերժ Սարգսյանն ազատագրված տարածքները հանձնելու համաձայնություն է տվել՝ միաժամանակ քննարկելով կարգավիճակի հարցը: Հնարավոր է, որ նա նաև կողմ լինի Արցախի՝ Ադրբեջանի կազմում միջանկյալ կարգավիճակին:

Նույն իրավիճակն ակնկալվում է հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում: Թուրքիայի հետ կա արձանագրությունների փորձը, որի շրջանակում հարցականի տակ է դրվում Ցեղասպանությունը: Իսկ վերջին զարգացումներից երևում է նաև, որ իշխանությունները պատրաստ են էլ ավելի մեծ զիջումների. նրանք երբեք հաշվի չեն առնում հայ ժողովրդի շահը:

Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները հանրությունից գաղտնի գործարքներ են կնքում՝ իշխանությունն իրենց ձեռքում պահելու նպատակով: Նույն նպատակին է ծառայում նաև իշխանության բանակցած «արդյունքները» գաղտնի պահելը: Փաստորեն, սա նույն փորձի բազմակի կիրառումն է, որի վառ օրինակներն են հայ-թուրքական արձանագրությունների, Մաքսային միությանն անդամակցելու և գազի գնի շուրջ բանակցություններից յուրաքանչյուրը:

Ցավոք, գազին վերաբերող պայմանագրերը կապիտուլյացիոն վերջին գործարքները չեն: Հայաստանի իշխանությունները շարունակելու են քայլ առ քայլ հանձնել Հայաստանի տնտեսական և քաղաքական ռեսուրսները, որի արդյունքում սահմանափակվելու և ոչնչանալու է Հայաստանի ինքնիշխանությունը: Ներկա իշխանությունը շարունակելու է գաղտնի գործարքներ կնքել հանրության թիկունքում և պնդաճակատության միջոցով առաջ տանել իրեն ձեռնտու որոշումները:

Հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է փորձեն ավելի սերտ համագործակցել, որպեսզի հնարավոր լինի կանխել կապիտուլյացիոն հետագա պայմանագրերը: Գազի պայմանագրերի վավերացման գործընթացն ու դրա շրջանակում չորս քաղաքական ուժերի և հանրության վարքագիծը ցույց են տալիս, որ համախմբումն իրատեսական է, ինչն էլ ավելի է հստակեցնում հեղափոխության ճանապարհը Հայաստանում:

Նշում. կայքում հրապարակվող տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի խմբագրության տեսակետին:

Մեկնաբանել