Նորերս մարդու մեկը (ի դեպ, պատգամավոր) խոստացել է իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի իրենից հարցազրույց վերցնող լրագրողը և ընդհանրապես լրագրողները վերանան։ Հետո փորձել է (հիմա ժուլիկ են, չէ՞, դրանք բոլորը՝ իրենց կարճ խելքով) մեղմացնել ասածը. «Եթե մենք շատ փող ունենայինք մեր բյուջեում, էսքան շատ ժուռնալիստ չէինք ունենա… որովհետև կարգին աշխատավարձ կստանայիք, ժուռնալիստ չէիք դառնա»:
Կարելի է վիրավորվել մարդու մեկի ասածից, կարելի է մարդու տեղ չդնել նրան, բայց շատ ավելի կարևոր է հասկանալ կատարվածի էությունը։
Իրականում ու՞մ նկատի ուներ մարդու մեկը։ Դժվար թե բոլոր լրագրողներին։ Նկատի ունենալով մարդկային այդ տեսակի համարձակության ու տղամարդկության, մեղմ ասած, սահմանները, կարելի է միանշանակ պնդել, որ հաստատ նա նկատի չի ունեցել իշխանական և իշխանամերձ մամուլը։ Այսինքն՝ վերացվելիք լրագրողների թվից հանենք այս երջանիկ ու ապահով տեսակի ներկայացուցիչներին։ Նկատի ունենալով նշյալ մարդու մեկի մտավոր ունակությունների, մեղմ ասած, սահմանները, կարելի է նույնօրինակ միանշանակությամբ պնդել, որ նա նկատի չի ունեցել գիտության ու մշակույթի ոլորտները լուսաբանող լրագրողներին, հոգևոր կյանքի նշանակալից իրադարձությունները ներկայացնող մեր գործընկերներին, նույնիսկ մարզական մեկնաբաններին ու մեդիաաստղագուշակներին։ Էլ չեմ խոսում զվարճալից հաղորդումների հեղինակների մասին։
Ուրեմն ու՞մ նկատի ուներ մարդու մեկը։ Դժվար չէ ենթադրել, որ նրանց ու միայնումիայն նրանց, ովքեր լուսաբանում են իր (մարդու մեկի) ու իր մարդկային տեսակի, շատ մեղմ ասած, գործունեությունը։ Նրանց, ովքեր իրենց խցկում են լրագրական մակերես, հեռուստաէկրան ու համակարգչային մոնիտոր։ Այսինքն՝ նրանց, ովքեր իրականացնում են իր (մարդու մեկի) ու իր մարդկային տեսակի դարավոր երազանքը՝ հայտնվել քաղաքակիրթ ուշադրության կենտրոնում, այլ կերպ ասած՝ մարդամեջ ընկնել։ Բայց պարզվում է, որ այսքանից հետո նա (նրանք) դժգոհ է։
Ինչպես ասում են՝ սա դեռ քիչ է մեր այդ գործընկերների (ու նրանց խմբագիր-ղեկավարների) համար։ Հենց նրանց են վերջին ժամանակներս ուղղված եղել ներքոբերյալ շոյիչ խոսքերը՝ անմակարդակ, գործ սարքող, հաստավիզ, փոշտի թանաքաման, կապիկներ, ոչխար, եզդի հավաքարարի մակարդակը ձեր մակարդակից տասը գլուխ բարձր ա, ամեն կազյոլ իրեն լրագրող է համարում, ճաշակեք իմ տղամարդկությունը, ուղարկել են էս շանը և այլն, և այլն։ Էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկը ժողովել է նրանց դեմքերն ու ասածները (միայն մեզ համար, ուրիշների ցույց չտաք)։
Սակայն այս կեղտը շպրտված է ոչ միայն մեր գործընկերների, այլև մեր բոլորի ուղղությամբ։ Սա՝ այս պատասխանատվությունը, պիտի զգանք բոլոր լրագրողներս և առաջին հերթին՝ նրանք, ովքեր ամեն օր բզբզում են այն տոպրակը, որի մեջ ամենևին էլ սանիտարահիգիենիկ պարագաներ չեն, այլ այնպիսի բաներ, որոնց դեմ կոչված են պայքարելու այդ նույն պարագաները։
Իսկ ի՞նչ անել։ Ամենակարևորը՝ չնմանվել նրանց, չօգտագործել նրանց բառապաշարն ու հոգեբանությունը։ Սա պարապ խորհուրդ չէ, ահա վերջին վիրավորանքներից մեկի լրագրողական առաջին զգացմունքային արձագանքներից մեկը սոցիալական ցանցում՝ կազյոլը դու ես, հայվան, համբալ, ճիճու, ասկարիդ։
Մեկ այլ լրագրող էլ այնքան համարձակություն է ունեցել, որ խորհրդարանում մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ տեղիս հայտնի ջոջերից մեկին հարցրել է, թե երբ է վերջ դրվելու այս ամենին և երբ են ազատվելու լրագրողներին վիրավորողներից։ Ու հարցը տվել է վիրավորողների բառապաշարով՝ ե՞րբ են դրանց …անելու։
Ստրկահաճության ու ծառայամտության, վախկոտության ու տակդիրազինման մերօրյա պայմաններում չես կարող, իհարկե, չհիանալ նման համարձակությամբ, բայց, այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ սա մեր խաղը չէ, սա մեր դաշտը չէ, սա նրանց դաշտն ու նրանց խաղի կանոններն են։ Այստեղ մենք անելիք ու հեռանկար չունենք։
Ուրեմն՝ ի՞նչ անել։ Մոռանալ, պարզապես մոռանալ նրանց։ Արհամարհանք, տոտալ արհամարհանք։ Ատելության դեմ՝ արհամարհանք։ Նրանց վերացնել տեղեկատվական դաշտից։ Բնականաբար, հնարավոր չէ չլուսաբանել պետական մարմինների ու դրանց կարկառուն դեմքերի գործունեությունը, բայց լուսաբանելու ձև կա։ Նախ՝ լուսաբանել նրանց միայն հանրային գործունեությունը և հեռու մնալ նրանց անձնական, մանրուճղճիմ առօրյայից, լրագրական մակերեսն ու էլեկտրոնային տարածքը չլցնել էժան սենսացիաներով և դրանցով ընթերցողական ճաշակ չձևավորել։ Մի վազվզեք ասուլիսից ասուլիս, դրա փոխարեն առավոտները վազեք զբոսայգիներում ու նախավարժանք արեք ծանր դեպքերից ու ծանր դեմքերից առաջ։
Երկրորդ՝ մի տվեք նրանց անունները։ Անունը տալը թող գերագույն պարգև լինի նրանց համար։ Զորօրինակ՝ խորհրդարանը։ Համարակալեք պատգամավորներին (թող ներեն ինձ Մեսրոպ Մաշտոցն ու Մեսրոպ Հարությունյանը) այբբենական կարգով (ԱԺ կայքում նրանք, հավանաբար, այդպես էլ տեղադրված են) և լուսաբանեք այսպես՝ թիվ մեկ պատգամավորն այս ասաց, թիվ 109-րդը՝ սա։ Բարձրագույն ղեկավարությանն էլ համարակալեք՝ թիվ 1 պաշտոնյա, թիվ երկու… Տվեք միայն նրանց անունները, ովքեր արժանի են դրան։ Բայց սա էլ հավերժական չէ, այլ ամենօրյա փորձություն հանրային դեմքերի համար։
Մի անհանգստացեք՝ հանրությունը կհասկանա ձեզ։ Ձեզ կներեն նույնիսկ մեդիափորձագետները։
Ինչ վերաբերում է մարդու մեկին ու նրա մարդկային տեսակին, ապա նա չի կարող ապրել առանց ձեզ, նա կգա ձեզ մոտ ու կընկնի ձեր ոտքերը։ Քաղաքական շոու բիզնեսն անհնար է առանց մեդիա շոուբիզնեսի։
Իսկ երբ գա ձեզ մոտ՝ հարցրեք նրա անունը։ Մի քանի անգամ։