Խուլիգանների հաղթարշավը ՀՀԿ-ում

Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում երիտհանարապետականների ընդհարումը լրագրողների հետ ակնհայտ դարձրեց, որ ՀՀԿ-ին բնորոշ է խուլիգանական վարքագիծը: Ցավոք, դա այդպել մնալու է:

Երբ ոչ վաղ անցյալում ՀՀԿ շարքերը սկսեցին համալրել կրթված անձինք, շատերը պնդում էին, որ այդ կուսակցությունը մականունավորների միավորում է, և կրթվածներն էլ գնում են ծառայելու նրանց կամ էլ դառնալու նրանց նման: Նրանք պնդում էին, որ տեղի կունենա հակառակը. նրանք կկարողանան փոխել մականունավորներին՝ նրանց ավելի լավը դարձնելով: Փորձը ցույց տվեց, որ ոչ թե նրանք են փոխել մականունավորներին, այլ հենց իրենք են դարձել մականունավոր տեսակի: Բացի այդ, նրանք նույնիսկ չկարողացան որևէ քայլ ձեռնարկել՝ խուլիգանական վարքագիծը սահմանափակելու ուղղությամբ: Վերջերս տգեղ վարքի տեր անձինք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում կուսակցության վերին օղակներում և ավելի պաշտպանված զգում իրենց:

Երբ սանձարձակներն անթաքույց վիրավորեցին լրագրողներին, ՀՀԿ-ում չգտնվեց գեթ մեկը, ով հրապարակայնորեն կքննադատեր այդ արարքը: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը ժամանակին լրագրող է եղել, բայց անգամ նա իր նախկին գործընկերներին պաշտպանելու համար դատապարտող որևէ խոսք չասաց: Ինչո՞ւ: Որովհետև նրա տեսակն այդ կուսակցություն է ընդունվել առանց ձայնի իրավունքի, և նրան տրված չէ ազատություն որևիցե քայլ կատարելու, ինչը կսահմանափակի խուլիգանների ազատությունը: Այդպիսով, Մարգարիտ Եսայանը սպառում է իր սոցիալական կապիտալը, որի օգնությամբ պատգամավոր է դարձել: Նա պետք է որ հասկանար մի պարզ փաստ. հնարավոր չէ հավերժ մնալ «հանրապետական», և հավանականությունը շատ մեծ է, որ մյուս անգամ նա չի ընտրվի, քանի որ այդ կուսակցությունն օգտագործել է նրա սոցիալական կապիտալը: Բացի դրանից նա ուրիշ ոչինչ չունի. ոչնչացված կապիտալի դեպքում էլ ՀՀԿ-ն նրա կարիքը չի ունենա:

Փաստացիորեն, կուսակցության կրթված անդամները որևէ փոփոխություն չեն մտցրել ՀՀԿ-ի ներսում: Նրանք ծառայում են խաժամուժին, և վերջիններիս բազմացման համար լավ նախադրյալներ ստեղծում: Եթե լիներ ցանկություն և կամք այդ տեսակի դեմ պայքարելու համար, ապա դատապարտող հայտարարություններ կհնչեին՝ լրագրողների հանդեպ կատարվածի վերաբերյալ, ամեն ինչ կարվեր, որպեսզի իրավապահ մարմինները համապատասխան քայլեր ձեռնարկեին օրենքի շրջանակում նրանց պատժելու համար:

Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության միջադեպը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀԿ-ում խուլիգաններն իշխող դերերում են: Նրանք են ձևավորում այդ կուսակցության օրակարգը, ըստ որի էլ շարժվում են մնացածները: Իսկ եթե հանրային մակարդակում խուլիգանները խնդիրներ են ունենում, ապա կրթված անդամները պետք է լծվեն դրանք լուծելուն:

Կուսակցության ներսում կրթվածների հիմնական ֆունկցիան հանրության աչքին թոզ փչելն է՝ իբրև թե մակարդակը փոխվել է, սակայն իրական դեպքերը ցույց են տալիս, որ բան չի փոխվել. պարզապես ՀՀԿ-ի կրթված խավը հանրության աչքում սկսել է նույնականացվել խուլիգանների հետ:

Նշում. կայքում հրապարակվող տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի խմբագրության տեսակետին:

Մեկնաբանել