Ինչու է Էրդողանը կոշտացնում դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Ընթացիկ շաբաթ Թուրքիայի նախագահական ապարատին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստում քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ շուրջ հինգ ժամ տևած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարեց․ «Ժողովում քննարկվել են այն ծավալուն քայլերը, որոնց նպատակն է լինելու կանխել Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք կիրառող հայկական լոբբիի և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր և միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական կողմերը ստույգ կերպով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը։ Մեր համոզմամբ՝ պատմական դեպքերի վրա թշնամության սերմեր են ցանվում, որոնք սակայն չեն ծլելու արդարության հողի մեջ»։

Վերջին շրջանում Էրդողանը խստացրել է Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ իր դիրքորոշումը, և այդ հանդիպումը նույնպես դրա վկայությունն է։ 2019թ․ ապրիլի 24-ին էլ Էրդողանը «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ հայտարարել էր․ «Մեր արխիվների շնորհիվ է, որ կարող ենք կուրծք պատռելով ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը: Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում: Տեղահանությունն այլ բան է, կոտորածը այլ: Ու՞մ եք խաբում: Մենք մեր արխիվները մինչև վերջ բացել ենք, է՜յ հայեր, թե արխիվներ ունեք, դուք էլ բացեք»: Իսկ ահա 2020թ․ մայիսին Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ։ Ի դեպ, Թուրքիայում «սրի ավելցուկ» արտահայտության տակ շարունակ նկատի ունեն Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին։

Այս շարքը կարելի է շարունակել, սակայն ներկայացվածն արդեն բավարար պատկերացում է տալիս համոզվելու, որ Էրդողանը գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը կապված է մի շարք գործոնների հետ․

1) Հայաստանին հասցեագրած նրա մի շարք ուղերձների («ցավակցական» բնույթի, արխիվների բացման, պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորման) հանդեպ ստացվել է անցանկալի արձագանք, հայկական կողմը բնականաբար կուլ չի տվել թուրքական նման խայծերը, որոնցում հավասարության նշան է դրվում զոհի ու դահճի միջև։

2) Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է աշխարհում, օրինակ՝ ԱՄՆ Կոնգրեսում վերջերս ընդունված բանաձևերը։

3) Էրդողանը համարում է, որ գյուլենականները գնալով ուժեղացնում են իր հանդեպ «սև քարոզչությունը», այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով։

4) Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման պահանջներով գնալով ակտիվանում է Հունաստանը, և Թուրքիայում թերևս կարծում են, որ Հունաստանն այդ հարցում որոշակի ոգեշնչվում է Հայաստանի քայլերից։

5) «Ներքին ճակատում» լուրջ խնդիրներ կան Էրդողանի համար։ Ընդ որում՝ խնդիրը միայն այն չէ, որ Թուրքիայի խորհրդարանի երրորդ խոշոր ուժ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանության եղելությունը։ Խնդիրն ավելի շատ գիտական ճակատում է։ Թեև Էրդողանը շարունակում է պահպանել Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականներին քրեորեն հետապնդելու հնարավորություն տվող տխրահռչակ 301-րդ հոդվածը, այնուամենայնիվ, նա լուրջ խնդիրների է բախվում արտերկրում գործող թուրք գիտնականների հետ։ Դրա ամենավառ վկայությունը հանրահայտ պատմաբան Թաներ Աքչամի գործունեությունն է ԱՄՆ-ում, որին տեղավորում ենք «ներքին» ճակատում։ Էրդողանը թերևս մտավախություն ունի, որի ժամանակի ընթացքում Թուրքիայում կմեծանա ցեղասպանության թեմայի շուրջ ներքին պառակտվածությունը, որ գնալով Թուրքիայի՝ ավելի շատ քաղաքացիներ կհակադրվեն այդ հարցում պաշտոնական տեսակետին, եթե իրենք չձեռնարկեն գործուն հակաքայլեր։

6) Մոտենում է Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը (ինչպես նաև Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրման 100-ամյակը), և թուրքական կողմի մոտ ուժգնանում են «սևրաֆոբիայի սինդրոմը» և ջղաձգումները։

Օսմանյան ու իսլամական գործոններ

Գործոնների թվում ցանկանում ենք առանձին անդրադառնալ ևս երկուսի։ Այլևս որևէ մեկին չեն զարմացնում Էրդողանի նեոօսմանական ու պանիսլամական հայացքները, որոնք սկսեցին ակներև դառնալ 2010-ականների սկզբներից, երբ նրան հաջողվեց ամրապնդել սեփական դիրքերը Թուրքիայի ներսում ու արտերկրում։ Այլ կերպ ասած՝ Էրդողանն իրեն երևակայում է որպես սուլթան ու խալիֆ և այդ խորապատկերում շարունակ մեծարում է պանիսլամիզմի ջատագով և վերջին լիարժեք սուլթան համարվող (կարմիր սուլթան) Աբդուլ Համիդ Երկրորդին, ոգեշնչվում է նրանից։

Էրդողանի օսմանյան ու իսլամական այս հայացքները թերևս է՛լ ավելի անհնարին են դարձնում (եթե կարելի է այդպես ասել) Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը։ Էրդողանն ամեն կերպ փառաբանում է սելջուկյան-օսմանյան անցյալը, և անմիջապես սուր արձագանքում է, եթե որևէ երկիր «ստվեր է նետում» այդ անցյալի վրա (օրինակ, երբ ԱՄԷ-ի արտգործնախարարն օսմանյան Ֆահրի փաշային անվանեց (Մեդինայում ձեռագրերի) գող, Էրդողանն անմիջապես Անկարայում Ֆահրի փաշայի պատվին անվանափոխել տվեց այն փողոցը, որում գտնվում է ԱՄԷ-ի դեսպանատունը)։

Եթե Հայոց ցեղասպանությունն իրականացվեր ոչ թե օսմանյան, այլ քեմալական ժամանակաշրջանում, որ եթե դրա գլխավոր պատասխանատուն լիներ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, որի հետ Էրդողանը հեռակա մրցակցության մեջ է պատմության մեջ ավելի խոր հետք թողնելու ձգտումներում, ապա Թուրքիայի ներկայիս նախագահը թերևս կճանաչեր «հայերի կոտորածը» (բայց ոչ ցեղասպանությունը, որն իրավական եզրույթ է) և կբավարարվեր ներողություն խնդրելով։ Հիշեցնենք, որ 2011թ․ խորհրդարանական կարևոր ընտրություններից առաջ Էրդողանը 1936-1938 թթ․ Դերսիմի դեպքերը պաշտոնապես ճանաչեց որպես «կոտորած» և պետության անունից ներողություն խնդրեց քրդերից։ Էրդողանն այդպիսով ձգտում էր թե՛ իր կողմ գրավել քրդական խոշոր ընտրազանգվածը, թե՛ վարկաբեկել Աթաթուրքին և նրա հիմնած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը, որը ցայսօր գլխավոր ընդդիմադիր ուժն է։ Թուրքիայում հայ ընտրազանգվածը ներկայում բավական փոքր է, ինչից էլ բխում է Էրդողանի որոշակի անտարբերությունը նրա նկատմամբ։

Հատկանշական է, որ 2011թ․ Էրդողանին հրաշալի հակադարձեց «Հյուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքը․ «Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան դեպքերի» ժամանակ զոհվածների թիվը, այն տատանվում է 7000 – 90 000-ի միջև: Եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես [Էրդողանի մակարդակով] որակվում է կոտորած, ապա ի՞նչ ասել «Հայկական խնդրի» մասին: Հայկական թեզերի համաձայն, 1915թ․ զոհերի թիվը կազմել է 1,5 միլիոն մարդ: Որքա՞ն է այդ թիվը գերազանցում «դերսիմյանին»․ եթե Դերսիմում զոհերի թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90 000, ապա՝ 17 անգամ: Լավ, ասենք, թե 600 000 է: Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպե՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»՝ «խոշո՞ր կոտորած», «սարսափելի՞ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:

Էրդողանի կողմից օսմանյան անցյալը փառաբանելու պատճառով է, թերևս, որ թուրքական կողմը վերջերս հրաժարվել է իր այն անհեթեթ թեզից, որ «1915թ․ Օսմանյան կայսրությունը գտնվում էր անկման նախաշեմին, և չէր կարող ցեղասպանության ենթարկել հայերին» (Էրդողանի փառաբանած 1915թ․ Գալիպոլիի ճակատամարտի ելքը վկայում է առնվազն հակառակի մասին)։ Փոխարենը նա սկսել է հայտարարել, որ «1915թ․ բարդ և խառնակ ժամանակներ էին, պատերազմ էր» և այլն:

Իսլամական գործոնի համատեքստում էլ, 2009թ․ նոյեմբերին, Էրդողանը, մեկնաբանելով Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին սեփական երկրում ցեղասպանություն (Դարֆուր) գործելու մեղադրանքը, հայտարարել էր, որ «մուսուլմանն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել»: Էրդողանն այդպիսով փորձում էր ապահովագրել նաև թուրքերին։ Նկատենք, որ ալ-Բաշիրը դարձավ առաջին գործող նախագահն աշխարհում, որի կալանավորումը թույլատրեց Միջազգային քրեական դատարանը։ Եվ չնայած դրան՝ Էրդողանն աջակցում էր նրան, անգամ չէր խորշում այն հանգամանքից, որ իսլամի ջատագով ալ-Բաշիրը Սուդանում իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով (մինչդեռ Էրդողանը հրաժարվում է միջազգային հանդիպումներում նույն սեղանի շուրջ նստել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ, որը 2013թ․ իրականացրել է ռազմական հեղաշրջում և տապալել է Էրդողանի սիրելի, իսլամիստ Մուհամմեդ Մուրսիին)։

Այսպիսով, օսմանյան ու իսլամական հայացքներով Էրդողանից որևէ ակնկալիք չի կարող լինել Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, կարելի է ակնկալել միայն հակառակը։

Մեկնաբանել