2013. ապակողմնորոշման տարի

Եվրոպական կողմնորոշումը նախևառաջ այն ընտրությունն է, որ երկիրը կատարում է ինքն իր համար: Դա աշխարհագրական ընտրություն չէ, այլ քաղաքական-քաղաքակրթական ընտրություն է:

«Կողմնորոշման տարի». «Սիվիլիթաս» հիմնադրամն այսպես է վերնագրել 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Առանց որևէ բովանդակային փոփոխության` զեկույցը միանգամայն կարելի է վերնագրել նաև «Ապակողմնորոշման տարի»:

(Հոդվածը տպվել է «Անալիտկիոն» հանդեսի 2013-ի դեկտեմբերի համարում)

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը: Սա փաստացի նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրից և դրա շրջանակում Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրից, որի համար բանակցել էր շուրջ չորս տարի:

Դրանից երկու ամիս առաջ՝ հունիսի 25-ին, Լեհաստան կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքի վրա, այսինքն՝ պատրաստ է և՛ Եվրոպական Միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, և՛ ներգրավվել Ռուսաստանի կողմից ղեկավարվող ինտեգրացիոն գործընթացներում: Ակնհայտ էր, սակայն, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Մաքսային միության կազմում և Եվրոպական Միության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր:

Եվրոպական Միության հետ նախորդ մի քանի տարիների բանակցությունների ընթացքում, անգամ սեպտեմբերի 3-ի նախօրեին Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ անդամակցությունը Մաքսային միությանը նպատակահարմար չէ՝ ընդհանուր սահմանի և մի շարք այլ գործոնների պատճառով: Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը սառը ցնցուղ էր թե՛ նրանց, թե՛ Եվրոպայի, և թե՛ հատկապես Հայաստանի հանրության համար: Այն նշանակում էր, որ Հայաստանը ոչ թե պարզապես շեղվել է իր արտաքին քաղաքական ուղեծրից, այլ ամբողջովին ապակողմնորոշվել է:

Դա նշանակում էր նաև Հայաստանի տարիներ շարունակ վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականության ավարտը, երբ Ռուսաստանի հետ ռազմավարական և տնտեսական հարաբերությունները խորացնելու պայմաններում հնարավոր էր եղել սերտ համագործակցություն ունենալ արևմտյան կառույցների, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, որի հետ գործակցությունը գտնվում էր անդամությունից ցածր հնարավոր ամենաբարձր հարթությունում:

Հայաստանը Եվրոպայի հետ երկարատև ինտեգրացիոն գործընթացներ սկսելու պատրաստակամություն հայտնել էր դեռ 1993 թվականին, երբ հայտ էր ներկայացրել Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար: Իհարկե, կարելի է մի շարք փաստեր ու փաստարկներ բերել, որ անցած քսան տարիների ընթացքում Հայաստանն էական շեղումներ է թույլ տվել եվրոպական ուղղությունից ու արժեքներից, սակայն իր արտաքին քաղաքականությունում նման նեղ շրջանակի մեջ նա երբեք չէր հայտնվել:

Սեպտեմբերի 3-ի որոշումը երկու տեսակի՝ պրագմատիկ-տնտեսական ու քաղաքական-քաղաքակրթական հարցեր է առաջացնում:

Պրագմատիկ հարցեր

Թեև Եվրոպական Միության հետ Հայաստանի բանակցած Ասոցացման համաձայնագրի 1000-էջանոց տեքստը մինչ այժմ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ այդ համաձայնագիրը և դրա շրջանակում ազատ առևտրի պայմանագիրը նոր հնարավորություններ էին բացելու աշխարհի ամենամեծ սպառողական շուկա հայկական ապրանքների ու ծառայությունների արտահանման համար: Եվրոպական շուկան նաև ամենախստապահանջ ու մրցակցային շուկաներից մեկն է, որի պահանջները բավարարելը Հայաստանի համար կնշանակեր առհասարակ ավելիմրցունակ դառնալ միջազգային ասպարեզում:

Հայաստանի նման բարդ աշխարհագրություն և հարևանություն ունեցող երկրի համար արտաքին տնտեսական հնարավորությունների սահմանափակումը չափազանց խոցելի է դարձնում նրան դրսի շոկերի նկատմամբ, նվազեցնում արտահանման և տեղական ընկերությունների զարգացման հնարավորությունները: Մեծ բնակչություն ունեցող երկրները ներքին շուկայի մասշտաբների հաշվին կարողանում են խթանել տեղական արտադրությունները և նվազեցնել կախումը դրսի շուկաներից:

Հայաստանի պարագայում խնդիր կա կախումը դիվերսիֆիկացնել և մեղմել՝ նկատի ունենալով, մանավանդ, որ հայկական ապրանքների ավանդական շուկաներում, առաջին հերթին՝ Ռուսաստանում, կարող են խիստ կամայական որոշումներ ընդունվել այս կամ այն ապրանքատեսակի մուտքն արգելելու համար՝ ծագման երկրում դրանից բխող ավերիչ հետևանքներով: Դրա վառ օրինակը վրացական և մոլդովական գինիներն արգելելու որոշումներն են:

Ամենակարևորը, երբ որևէ երկիր արտաքին տնտեսական անկախ քաղաքականություն վարելու իր իրավունքը փաստացի զիջում է մեկ ուրիշ պետության և ոչ անգամ պետությունների որևէ կոլեգիալ մարմնի (ինչպիսին Եվրոպական Միության մարմիններն են), նա կորցնում է իր փաստացի անկախության զգալի մասը:

Չի կարելի, իհարկե, թերագնահատել Ռուսաստանի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար՝ թե՛ որպես ապրանքների և աշխատուժի արտահանման շուկա, թե՛ որպես դրամական փոխանցումների կենսական աղբյուր, և թե՛ որպես խոշորագույն ներդրող: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ արդեն իսկ ուներ ազատ առևտրի համաձայնագիր: Ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում հարկ չէր լինի երկու ուղղություններն իրար հակադրել և որոշումներն ընդունել ոչ թե տնտեսական, քաղաքական, այլ անվտանգության անհրաժեշտությունից ելնելով: Կամ, առնվազն, հնարավոր կլիներ խուսափել այն անհեթեթ իրավիճակից, երբ չորս տարի եվրոպացիների հետ բանակցելուց հետո հանկարծ որոշում կայացվեց հրաժարվել արդեն նախաստորագրման պատրաստ փաստաթղթից:

Զուտ պրագմատիկ-տնտեսական հարթությունում Հայաստանն իսկապես ապակողմնորոշվել է՝ ձեռքից բաց թողնելով Եվրոպայի հետ ազատ առևտրի հնարավորությունը, որը կնպաստեր տնտեսության արդիականացմանը, մրցունակության բարձրացմանը և ներդրումների խթանմանը:

Քաղաքակրթական հարցեր

Հայաստանի եվրոպական կողմնորոշում ասելով պարտադիր չէ հասկանալ միայն պայմանագրային առչնություններն ու հանձնառությունները Եվրոպայի հետ: Եվրոպական կողմնորոշումը նախևառաջ այն ընտրությունն է, որ երկիրը կատարում է ինքն իր համար: Դա աշխարհագրական ընտրություն չէ, այլ քաղաքական-քաղաքակրթական ընտրություն է: Դա ժողովրդավարությունն է, քաղաքական ինստիտուտների անխափան գործունեությունն է, օրենքի առջև բոլորի հավասարությունն է, մարդու իրավունքների, այդ թվում և հատկապես ընտրելու իրավունքի անվերապահ իրացումն է: Սրանք ինքնանպատակ չեն: Սրանք պարտադիր պայման են քաղաքացու նյութական և բարոյական արժանապատիվ կյանքն ապահովելու համար:

Մաքսային միությունը պետությունների մի միավորում է, որը չունի քաղաքակրթական հենք: Այն միություն է, որտեղ չկա անդամների իրավահավասարություն և չկան որոշումների ընդունման արդյունավետ գործող կոլեգիալ մարմիններ: «Կոլեգիալ որոշումների» քողի տակ չափազանց մեծ է ռիսկը, որ Հայաստանն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու իր իրավունքը զիջի հզոր գործընկերոջը՝ Ռուսաստանին:

Մաքսային միության երկու երկրներում փաստացի չի գործում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը՝ ընտրությունների ինստիտուտը, իսկ առաջատար երկրում՝ Ռուսաստանում, դա գործում է թերարժեք: Իշխանությունն անընդմեջ վերարտադրվելու անսահմանափակ հնարավորություն ունի: Քաղաքական համակարգի այս թերություններն արտահայտվում են անարդյունավետ տնտեսությամբ, բնական ռեսուրսների առատության պայմաններում ցածր կենսամակարդակով, թույլ զարգացած ենթակառուցվածքներով և եկամուտների խիստ անհավասար բաշխվածությամբ:

Ընտրելով Մաքսային միությունը և ցանկություն հայտնելով մասնակցել Եվրասիական միության ձևավորմանը՝ Հայաստանն իր համար չափազանց անբերրի հող է ստեղծում եվրոպական արժեքային համակարգի արմատավորման համար: Այս ընտրությունը նշանակում է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներն այսուհետ ավելի շատ պետք է պայմանավորված լինեն Ռուսաստանում կայացվող որոշումներով և այնտեղ տեղի ունեցող գործընթացներով:

Տնտեսագետները և քաղաքական գործիչները կարող են բազմաթիվ փաստարկներ բերել հօգուտ կամ ընդդեմ Մաքսային միության կամ Եվրոպական Միության հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի: Դրանց կարելի է համաձայնել կամ չհամաձայնել: Սակայն փաստն այն է, որ Հայաստանը կատարել է քաղաքական ընտրություն՝ ըստ էության վտանգելով իր՝ առանց այն էլ ոչ արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը:

Քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախատեսվում էին Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության պարագայում, այժմ կարող են մատնվել ինքնահոսի և, կախված Հայաստանի իշխանությունների կամքից [կամ դրա բացակայությունից] ու մի շարք այլ գործոններից, մնալ հայտարարությունների մակարդակում:

Մեկնաբանել