Հայկական նավատորմը Պերուի լեռներում

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Լատինական Ամերիկայում է: Հունվարի 6-ին նա Պերուում էր: Արտգործնախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նալբանդյանն այդ երկրի իր պաշտոնակից Էդա Ռիվաս Ֆրանչինիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, երկու նախարարությունների միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկայում բարձր մակարդակի հանդիպման ընթացքում դրանց ստորագրման վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարությունը պաթոսով է ներկայացնում այցի արդյունքները՝ կարծես փորձելով արդարացնել նախարարի էկզոտիկ այցերը: Ի՞նչ ակնկալիք՝ քաղաքական կամ տնտեսական, Հայաստանը կարող է ունենալ Պերուից: Պերուն միջազգային ասպարեզում, նույնիսկ Լատինական Ամերիկայում մեծ ազդեցություն չունեցող երկիր է: Հետևապես, Պերուի հետ ինչ-որ լուրջ համագործակցության հնարավորությունը գրեթե զրոյական է: Առավելագույնը կարելի է ակնկալել, որ ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում Պերուն Հայաստանի շահերի դեմ չի քվեարկի: Դա էլ, սակայն, երաշխավորված չէ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տյալներով՝ 2012թ. հայ-պերուական ապրանքաշրջանառությունը կազմել է 67 000 դոլար: Խոսել երկու երկրների միջև առևտրատնտեսական լուրջ հարաբերությունների հեռանկարի մասին, լուրջ չէ:

Չի կարելի բացառել, իհարկե, որ Նալբանդյանը հեռավոր և էկզոտիկ երկրներ այցելում է մանակրկիտ մշակված, բայց հասարակությանը չներկայացված նոր արտաքին-քաղաքական դոկտրինի շրջանակում: Եթե նման դոկտրին կա, ապա Նալբանդյանը պարտավոր է հանգամանալից բացատրել, թե ինչ կենսական շահեր է հետապնդում Հայաստանը, ասենք, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Վիետնամում, մյուս կողմից Պերուում, Պանամայում ու Մեքսիկայում: Մինչ այս պահը նա որևէ բացահայտում չի արել Հայաստանի նոր՝ էկզոտիկ արտաքին-քաղաքական դոկտրինի վերաբերյալ: Ավելին, տպավորություն է, որ ՀՀ արտգործնախարարությունը զբաղված է ոչ թե արտաքին քաղաքականությամբ, այլ արտաքին զբոսաշրջությամբ:

Նախարարի էկզոտիկ այցերի համար վճարում է Հայաստանի սովորական հարկատուն: Հարկատուի վճարած ամեն դրամը պետք է հաշվետու ձևով և արդյունավետ օգտագործվի: Նալբանդյանին սա թերևս չի վերաբերում:

Հ.Գ.

2012թ. օգոստոսին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Էդվարդ Նալբանդյանը Օվկիանիայում և Հարավարևելյան Ասիայում հարաբերություններ էր սերտացնում Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ֆիլիպինների հետ:

Մեկնաբանել