Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարությունը, որը քննադատում էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից օդային հարվածները՝ ուղղված Հալեպ քաղաքի քաղաքացիական բնակչությանը, հաղորդում է BBC-ն։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի զինված ուժերի՝ տրոտիլով տակառների և Scud հրթիռների կիրառմամբ հարվածների հետևանքով զոհվել է մոտ 700 մարդ։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի պատրաստած հայտարարությունում մտցրել է փոփոխություններ, որոնք բանաձևից բացառել են հիշատակումն առ այն, ինչ տեղի է ունեցել Հալեպում։

Ավելի վաղ Ռուսաստանը՝ ՄԱԿ-ում Բաշար ալ Ասադի հիմնական դաշնակիցը, արդեն արգելափակել էր ԱՄՆ-ի պատրաստած նմանատիպ հայտարարություն դեկտեմբերին։

Բացի այդ՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը արդեն երեք անգամ օգտագործել են այդ իրավունքը՝ թույլ չտալով ընդունել Սիրիայի կառավարության գործողությունները քննադատող և միջազգային հանրության կողմից Բարաշ ալ Ասադին պատժամիջոցներով սպառնացող բանաձևեր։

Արգելափակված վերջին փաստաթուղթն արտահայտում էր Անվտանգության խորհրդի վրդովմունքը կառավարական զորքերի՝ Հալեպին հասցրած ամենօրյա օդային հարվածների կապակցությամբ։

Ժամանակին Սիրիայի խոշոր բիզնես կենտրոն հանդիսացող այս քաղաքն այժմ բաժանված է երկու մասի․ դրանցից մեկը վերահսկում են կառավարական զորքերը, մյուսը՝ ապստամբները։

Դիվանագետներից մեկի խոսքով, որին մեջբերում է Associated Press գործակալությունը, ռուսական պատվիրակության մտցրած փոփոխություններն այնքան են աղավաղում փաստաթղթի բովանդակությունը, որ այն ընդունելու իմաստ չի մնում։

Հայտարարության տեքստը պատրաստած Մեծ Բրիտանիան այլևս պատրաստ չէ աջակցել փաստաթղթի նոր, փոփոխված տարբերակին։

Քանի որ հայտարարության ընդունման համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամների համաձայնությունը, փաստացի այդպիսով փաստաթղթի ընդունումն արգելափակվել է։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել