Բուդապեշտ դարձած իմ Էրեբունի

Ամեն տարի երկու շաբաթ, ավելի ստույգ՝ Ամանորից մինչև հին Նոր տարին, քաղաքամայր Երևանում ու նրա շրջակայքում (իմա՝ Հայաստանում) սկսվում է բդի պաշտամունքը։ Մեր կյանքը լցվում է բդով։ Բուդն ամենուր է՝ խանութներում, գնորդների տոպրակներում, մեր խոհանոցներում, մեր ճոխ սեղաններին, մեր հոգում ու մտքում։

Սկսվում է մի յուրօրինակ բուդաֆորիա։

Բուդը և բդի մասին զույցներն այնքան շատ են լինում այդ օրերին, որ մեր հնօրյա քաղաքամոր անցյալը ներկայացնող հայտնի երգը սկսում ես կամա-ակամա ձևափոխել՝ Բուդապեշտ դարձած իմ Էրեբունի։ Այո, բուդապաշտությանը լեզվական տեսանկյունից առավելս մերձ հենց այս անունը մեր մայր քաղաքին կսազեր այս օրերին։

Բուդը միակ խորհրդանիշն է, որ մուտք է գործել բոլոր հայկական օջախները։ Դարերով երազված հայկական միասնությունը շարունակում է մնալ միֆ ու ցնորք։ Մեզ չմիավորեց ոչ մի գաղափար, բայց բուդը միավորեց։ Այս միասնությունը, այս բդաշնությունը կամ բդաշնակցությունը այն տոնն է, որը թող որ ոչ միշտ, բայց գոնե երկու շաբթով բոլորիս, անխտիր բոլորիս հետ է։

Երկու շաբթով բուդը դառնում է մեր խորհրդանիշը, մենք բոլորս դառնում ենք բդեշխներ ու վայելում կյանքը։ Բուդն այդ օրերին թրծվում է մեր գազօջախի ու մեր հոգու ջերմությամբ։

Բուդը դառնում է տոտեմ, մենք էլ՝ հեթանոս։ Մենք այդ երկշաբթում դավանափոխ ենք լինում և ընդունում բուդայականություն։ Ժամանակին պարսիկները փորձում էին կրոնափոխ անել մեզ և ատրուշաններ տեղադրել մեր եկեղեցիներում ու օջախներում։ Ճկուն չէին մեր հարևանները։ Ատրուշանների իրենց սուրբ կրակին պիտի հավելեին այդ կրակի վրա բուդ խորովելու կամ եփելու ավանդույթը, և հայերս հեշտուխաղաղ կընդունեինք զրաբդաշտականություն։

Բայց ունայն տեղում չէ առաջացել այս պաշտամունքը, դրա համար կային շատուշատ հիմքեր։ «Ուտեմ քեզ»՝ սովորաբար ասում են մեր պարմանիները մեր և այլոց պարմանուհիներին։ Եւ նման վերաբերմունքում նույնպես բուդը (տվյալ դեպքում՝ բդերը) առանցքային դերակատարություն ունի (ընդհանրապես, մենք սիրում ենք կանանց թմբլիկն ու բոլ-բոլը)։ Այսինքն, մենք ենք՝ մեր բդերը։ Բուդը աշխարհի գեղագիտական ընկալման մեր առանցքային տարրերից է։ Բուդը մեր հոգու և մարմնի անկապտելի մասն է։ Եվ՝ ի սկբանե էր բուդը։

Այս ամանորին շատ տեղին էր ՈՒՀԱ-յական մի միջոցառման կրկնությունը հայոց եթերում, որի ժամանակ «Ի՞նչ է հայկական խոհանոցը» հարցին տրվեց այսպիսի պատասխան՝ «ուտելիքի հաղթանակ բանականության նկատմամբ»։

Բայց բուդը միայն սննդի հաղթանակը չէ, այն միայն, այսպես ասած, խոհանոցային ընտրություն չէ, այլ ռազմավարական, աշխարհաքաղաքական, ավելին՝ քաղաքակրթական։ Վերջին ժամանակներս շատ ենք խոսում Եվրոպա-Ասիա ընտրության մասին։ Առիթ ունեցել եմ փաստելու, որ հոգով մենք միշտ Եվրոպայում ենք եղել, բայց մեր աղեստամոքսային տրակտը շարունակել է մնալ Ասիայում՝ խոչընդոտելով մեր քաղաքակիրթ ընտրությանը։

Մաքսային միությունը մենք գերադասեցինք Եվրամիությունից։ Բայց թող մարդիկ չկարծեն, որ այդ ընտրությունը կատարվել է սեպտեմբերին 3-ին, և որ կատարել է Սերժ Սարգսյանը։ Ոչ, այդ ընտրությունը ամեն տարի մենք կատարում ենք մեր բդերով՝ ամեն տարեվերջ ու ամեն տարեսկիզբ։ Քաղաքակրթական ընտրություն կատարում են ոչ միայն երկիրն ու ժողովուրդը, այլև նրա յուրաքանչյուր քաղաքացի։ Եւ յուրաքանչյուրիս ընտրությունից էլ ձևավորվում է մեր միագումար ընտրությունը։ Իսկ մենք առանձին-առանձին ընտրել ենք բուդը։ Մենք ընտրել ենք բդերը։

Մենք ընտրել ենք բուդը և շուրջպարի ենք բռնվում ոչ թե տոնածառի, այլ հենց բդի շուրջ։ Մենք ուտում ենք երկու շաբաթ այնքան, որքան կերազեր ուտել մի քանի շաբաթ մամոնտի չհանդիպած նախամարդը։ Մենք խմում ենք օղին ջրի պես։

Մենք այս երկշաբթում մարզական հետաքրքիր խաղեր չենք կազմակերպում ու մեր ուստրերի ու դուստրերի հետ չենք մասնակցում նման անսովոր մրցումների։ Մենք ասմունքի, երգուպարի, նկարի կամ այլ յուրատեսակ երեկոներ ու ցուցադրություններ չենք կազմակերպում։ Մենք բնության գիրկ չենք գնում։

Բուդն իրենով ամփոփել է ամեն ինչ։ Ու մենք կատարել ենք մեր քաղաքակրթական ընտությունը։ Ասիա՝ բառի վատագույն իմաստով։

Բայց այդ ընտրությունը մենք կատարում ենք ամեն օր՝ սա միանվագ գործողություն չէ։ Կատարում է ամեն սերունդ։ Ու ամեն մարդ։ Ու ամեն օր։ Վաղն էլ ենք անելու։

Չգիտեմ վաղն ինչ ենք ընտրելու, բայց այսօր հաստատ տխուր է։ Միապաղաղ ու ձանձրալի է մեր այս բդախառն առօրյան։ Մեր ռուսախոսները կասեին՝ наши БУДни։

Բուդն այսօր, ցավոք, միակ լուսավոր բանն է հայի կյանքում։ Ամենօրյա անարժանապատիվ կյանքից, սեփական իրավունքների ոտնահարումից ու շան տեղ չդրվելուց-չդնելուց հետո բուդը բերում ես տուն, ու սկսվում է հրաշքը՝ ամեն ինչ մոռացվության է մատնվում երկու շաբթով։ Բուդը լույսի այն շողն է, որ ջերմացնում է մեր հոգին ու մարմինը։

Ուրեմն՝ да БУДет свет!

…Ահա այսպիսի հինունոր մտքեր հին Նոր տարվան ընդառաջ։

Մեկնաբանել