Փրկենք կովկասյան հովազին

Խոսրովի պետական արգելոցին հարող տարածքում հայտնաբերվել է կովկասյան հովազ։ Այս վերացող կենդանատեսակի գոյատևման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» հայտարարել է դրամահավաք։

Քչերը գիտեն, որ Հայաստանի տարածքում դեռ բնակվում են հովազներ։ Այս գեղեցիկ կենդանուն, որպես կանոն, չի հաջողվում հանդիպել Հայաստանի բնության մեջ։ Մի կողմից դա վկայում է հովազների սակավաթիվ լինելու մասին, մյուս կողմից նրանց ծայրահեղ զգուշավորության, որով թերևս բացատրվում է, թե ինչպես են այս կենդանիները գոյատևել որսորդներով ու որսագողերով հարուստ Հայաստանում։ Կենդանական աշխարհի և, մասնավորապես, հովազի պահպանության համար Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Համաշխարհային հողային միավորում բրիտանական կազմակերպության հետ համատեղ Խոսրովի արգելոցին հարող երկու հազար հեկտար տարածքը վերցրել է հսկողության տակ։

Ըստ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի՝ «Տարածքը հսկվում է անտառապահների կողմից և Խոսրովի պետական արգելոցի կողմից: Վերջին երկու տարիների ընթացքում զգացվում է ակտիվություն պահպանության գործում, ի ուրախություն բոլորիս: Հույս ունենք, որ տարածքը մեծացնելով կկարողանանք հովազի համար այն հանգիստ պայմանները ստեղծել, որոնց արդյունքում հովազը կգտնի իր զուգընկերոջը»:

Կովկասյան հովազի առաջին հետքերը հիմնադրամի կողմից կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում հայտնաբերվել էին դեռևս 2012 թվականի գարնանը, սակայն ավելի քան մեկ տարի պահանջվեց, որպեսզի տարածքում տեղադրված տեսախցիկներն արձանագրեն հովազին: Տարածքի 2013 թվականի առաջին տեսագրությունը ցույց տվեց միայն պոչը, իսկ արդեն աշնանը տեսախցիկն արձանագրեց Կովկասյան հովազին ամբողջությամբ, ինչից պարզ դարձավ, որ կենդանին կորցրել է հետևի աջ ոտքը:

«Բավականաչափ մասնագետներ նայել են և իրենց դիրքորոշումն են արտահայտել, թե արդյոք հովազը կարող է այդ տարածքում շարունակել ապրել: Դատելով չափերից, տեսքից և վիճակից` հովազը կարողանում է իր որսը նորմալ կատարել: Ամենայն հավանականությամբ փոքր տարիքում է դեպքը տեղի ունեցել, թակարդի և ոտքի հետ կապված, որը, փաստորեն, այնքան ուժեղ է եղել, որ կտրել է ոտքը: Վերքը լավացած է, և հովազը կարող է նորմալ գոյատևել այդ տարածքում», – ասում է Ռուբեն Խաչատրյանը:

Մոտ ապագայում հիմնադրամի կողմից հսկվող երկու հազար հեկտար բուֆերային տարածքը կմեծացվի, դառնալով մոտ հինգ հազար հեկտար։ Ավելացված տարածքը հսկելու, որսագողերից ու անտառհատողներից պահպանելու համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» հայտարարում է Հովազային քարոզարշավ, որի նպատակը «մեր տեղացի բնակչությանը քաջալերելն էր, առաջին հերթին, կազմակերպություններին և անհատներին, որոնք այս հայրենիքի գնահատողներն են, որովհետև այս հայրենիքի մի բաղադրիչն է նաև մեզ համար շատ պարծալի հովազը, որը դեռ գոյություն ունի այս երկրում, որը պատկերված է ժայռապատկերներում, որի հետ կապված լեգենդներ ունենք, որը մեր մշակույթի մի մասն է, և այն մասն է, որը չի կարելի կորցնել, որովհետև եթե կորցրեցինք` հետ չի վերադառնալու:

Այսօր թույլ տալ, որ մարդիկ այդ տարածքները իրենցով անեն և հովազը այնտեղ վտանգված լինի՝ չի կարելի: Ի ուրախություն մեզ՝ բրիտանական World Land Trust կազմակերպությունը առաջարկել է այն գումարը, որը մենք կկարողանանք հավաքագրել, բազմապատկել»:

Կատարված յուրաքանչյուր նվիրատվություն կկրկնապատկվի և կուղղվի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին, ուր ներկայումս բնակվում է կովկասյան հովազը, հատկապես՝ պահպանությանն ու վերահսկողությանն ուղղված աշխատանքներին, այդ թվում՝ տարածքի վերահսկողության միջոցների ու տեսախցիկների ձեռքբերմանն ու անտառապահների վերազինմանը:

Մեկնաբանել