Քաղաքացիական ակտիվությունը և անձնական շահը

Մեծ թվով մարդկանց ներգրավմամբ քաղաքացիական նախաձեռնության միակ հաջողությունը 100 դրամի պայքարն էր:

Քաղաքացիական ակտիվ խմբերը հաճախ բողոքում են, որ իրենց գործողություններին շատ մարդ չի միանում, մինչդեռ այդ գործողությունները բխում են նաև հենց չմիացողների շահերից: Կարծիք կա, որ չմիացողները չեն գիտակցում իրենց շահը և այդ պատճառով էլ չեն համախմբվում, կամ էլ ազգային մենթալիտետից ելնելով՝ անտարբեր են մնում: Կարծում եմ՝ իրականում, նրանք իրենց շահը լավ են հասկանում, և բացի այդ՝ հավաքական գործողությունների անհաջողության իրական պատճառն անհատական մակարդակում որոշումների կայացման շարժառիթներն են:

Հավաքական գործողություն կարելի է համարել ցանկացած գործողություն, որն ուղղված է որևէ խմբի ներկայացուցիչների իրավիճակը բարելավելուն, և որի գործընթացում իրենց ներդրումն են ունենում հենց այդ խմբի ներկայացուցիչները: Ամերիկացի տնտեսագետ և սոցիոլոգ Մանսուր Օլսոնն իր «Հավաքական գործողության տրամաբանությունը» աշխատությունում (Mancur Olson, The Logic of Collective Action ) նշում է, որ խմբի այն անդամները, ովքեր փորձում են հավաքական վարքագիծ դրսևորել, շահագրգռված են հնարավորինս քիչ ներդրում ունենալ, եթե խումբը պայքարում է հանրային բարիք ստեղծելու համար: Անհատները կմեծացնեն իրենց ներդրումը, եթե պայքարի արդյունքներից օգտվելու հնարավորություն ունենան միայն ակտիվ մասնակիցները:

Գոյություն ունի նաև հավաքական բարիք հասկացությունը, որը շահեկան է խմբի անդամների համար: Սահմանումն ավելի պարզ դարձնելու համար մի օրինակ բերենք: Դիցուք, ժողովրդավարությունը դիտենք որպես հավաքական բարիք, որին հասնելու համար անհրաժեշտ է, որ մոտ 10 հազար մարդ շրջափակի Բաղրամյան 26-ը: Եթե այդ բարիքը ձեռք բերվի, այն հասանելի կլինի ոչ միայն մասնակիցներին, այլ նաև բոլոր քաղաքացիներին: Ընդ որում, այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ մասնակիցները որոշակի ծախսեր կատարեն. դա կարող է լինել և՛ ֆինանսական ներդրումը ակցիան կազմակերպելու համար, և՛ ժամանակի ներդրումը, որը ևս ծախս է: Հաճախ նման միջոցառման համար հնարավոր չէ անհրաժեշտ մասնակիցների գտնել, քանի որ գործում է «մկների ժողովի» սկզբունքը: Քանի որ անհատական մակարդակում մարդը վստահ չէ այլոց քայլերի վրա, և հաճախ նա չի ցանկանում քայլեր ձեռնարկել՝ հուսալով, որ ուրիշները կարող են անել դա իր փոխարեն և արդյունքից հնարավոր կլինի օգտվել, լրացուցիչ խնդիրներ են առաջանում հավաքական գործողություններ կազմակերպելու համար: Ինչպես հայտնի է, մկների ժողովի ժամանակ ոչ ոք չէր ուզում զանգը կախել կատվի վզից, մինչդեռ բոլորն էլ գիտեին, որ դա իրենց շահից է բխում: Մկներից յուրաքանչյուրը ցանկանում էր, որ մեկ ուրիշը զանգը կախի, ինչը կապահովի մնացած բոլորի անվտանգությունը:

Օլսոնը գտնում է, որ մեծ խմբերի՝ հավաքական գործողություններ ձեռնարկելու գինը մեծ է՝ ի տարբերություն փոքր խմբերի: Բացի այդ, հաջողության դեպքում մեծ խմբի անդամների անհատական շահույթը փոքր է, մինչդեռ փոքր խմբերինը՝ մեծ: Այդ իսկ պատճառով, որքան խումբը մեծանում է, այնքան գործողությանը միանալու անհատական շարժառիթները քչանում են: Անհատական որոշումների կայացման պատճառով է նաև, որ ընտրակաշառքի դեմ պայքարը հաջողության չի հասնում:

Օրինակ, կարծիք կա, որ եթե մարդիկ հավաքական վարքագիծ դրսևորեն ու ընտրակաշառք չվերցնեն, ընտրությունների արդյունքն այլ կլինի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ընտրակաշառքը վերցնում են: Հայաստանի բնակչության մոտ 36 տոկոսն աղքատ է, այսինքն նրանց ամսական ծախսը կազմում է մոտ 17 հազար դրամ: Վերջին ընտրություններում, որոշ տվյալների համաձայն, կաշառքի միջին չափը կազմել է 20 հազար դրամ: Այսինքն, բնակչության 36 տոկոսի համար ընտրակաշառքը 35 օր ապրելու միջոց էր, ընդ որում՝ այդ գումարով մարդիկ հիմնականում սննդի հետ կապված հարցեր էին լուծում: Այս ամենից բացի, անհատը ինֆորմացիա չունի՝ ընտրակաշառքը չվերցնելու դեպքում մյուսներն ինչ վարքագիծ կդրսևորեն: Եվ ահա, քանի որ այդ գումարը մոտ 35 օրվա եկամուտ է, իսկ մնացածների վարքագիծն էլ հայտնի չէ, կաշառք վերցնելը դառնում է շահեկան և ռացիոնալ վարքագիծ: Հասկանալի է, որ ընտրություններից հետո նրանք գումար են կորցնում թանկացումների պատճառով, սակայն նրանք նաև վստահ չեն, որ ընդդիմությանը ձայն տալու դեպքում թանկացում չի լինի:

Հետաքրքիր է՝ ինչպիսի վարքագիծ կդրսևորի 170 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե նրան առաջարկեն 200 հազար դրամ ընտրակաշառք: Ամեն դեպքում, ընտրակաշառքի դեմ արդյունավետ պայքարի միակ տարբերակը կաշառք բաժանելու ինստիտուտը վերացնելն է:

Հաճախ կոչ է արվում նաև չմարել գազի կամ էլեկտրաէներգիայի պարտքերը: Պետք է հաշվի առնել, որ սա բարդ է դարձնել հավաքական գործողություն, քանի որ դրա ինքնարժեքը մեծ է անհատական մակարդակում. անհատը մտածում է նաև, որ եթե ուրիշներն անեն, ինքը՝ ոչ, ապա հաջողության դեպքում ինքն էլ կօգտվի արդյունքից, իսկ եթե հաջողություն չգրանցվի, ապա անիմաստ է դառնում նման վարքագիծը:

Հայաստանում հաջողված քաղաքացիական նախաձեռնությունները եղել են փոքր մասշտաբների՝ Թռչկան, Մաշտոցի այգի և այլն, որտեղ խմբի մնացած անդամների վարքագիծն ավելի կանխատեսելի էր, ու հաջողության դեպքում շահույթն ավելի մեծ (ի դեպ, մեդիայում հայտնվելը, հաջողություն գրանցելը և հանրային վստահություն ստանալը, որը սոցիալական կապիտալ է խմբի անդամների համար, ևս շահույթ է):

Մեծ թվով մարդկանց ներգրավմամբ քաղաքացիական նախաձեռնության միակ հաջողությունը 100 դրամի պայքարն էր, որը, սակայն, քննարկման այլ թեմա է:

Հավաքական վարքագծի դրսևորումն ունի իր առանձնահատուկ խնդիրները, որոնք կապված չեն ազգային մտածելակերպի կամ շահը չգիտակցելու հետ: Նման խնդիր գոյություն ունի թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Շվեյցարիայում ու Հնդկաստանում, թե՛ Մոզամբիկում ու Հայաստանում: Երբ անհատն ակնկալված վարքագիծ չի դրսևորում՝ չմիանալով հավաքական գործողություններին, դրա փոխարեն նա իր շահը առավելագույնի հասցնող քայլեր է ձեռնարկում: Քաղաքացիական խմբերը պետք է հաշվի առնեն, որ իրենց գործողություններին մարդկանց մասնակցության թիվը մեծացնելու տարբերակն առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնց հետ պետք է հաշվի նստել:

Մեկնաբանել