Ամեն ինչ կախված կլինի ռուսական աճից

Ըստ ՀԲ մասնագետների՝ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղումը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՊՀ մի շարք երկրների տնտեսությունների վրա

Հայաստանում այս տարի տնտեսությունը կարող է աճել 5%-ով, թեև Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացումը կարող է հանգեցնել այս ցուցանիշի վերանայման՝ դեպի նվազում, ասվում է Համաշխարհային բանկի՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global economic prospects) հունվարյան զեկույցում։

Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global economic prospects) զեկույցը, ըստ որի 2014թ. Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 5%։ Ցուցանիշը կարող է պահպանվել նաև 2015թ. և 2016թ.։

Զեկույցի հեղինակների կանխատեսմամբ՝ 2013թ. արդյունքներով Հայաստանում կարձանագրվի 3% տնտեսական աճ։ Համեմատության համար նշենք, որ 2013թ. համար կառավարությունն ակնկալում է 4,1% տնտեսական աճ, իսկ 2014թ. բյուջեի հիմքում դրվել է 5,2% տնտեսական աճի ցուցանիշը։

Վրաստանում ՀԲ-ի մասնագետների կարծիքով այս տարի կարող է արձանագրվել 6,3%, Ադրբեջանում՝ 5,3%, Թուրքիայում՝ 3,5%, Իրանում՝ 1% տնտեսական աճ։

ՀԲ-ի մասնագետների կարծիքով՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում անցած տարի տնտեսական ակտիվությունն ավելացել է, ինչին նպաստել է ներքին պահանջարկի աճը։ Ըստ բանկի մասնագետների՝ այս տարածաշրջանում աճը 2013թ. արդյունքներով կարող է կազմել 3,4%, 2014-ին՝ 3,5%։

Անցած տարվա երկրորդ կիսամյակում եվրոգոտու երկրներում տնտեսական աճի վերականգնումը նպաստել է ամբող տարածաշրջանում տնտեսության իրական հատվածի աճին՝ պայմանավորված սերտ առևտրային կապերով։ Թուրքիայում ներքին պահանջարկի շնորհիվ անցած տարի տնտեսական աճի տեմպն արագացրել է՝ կազմելով 4,3%՝ 2012թ. 2,2%-ի դիմաց։

ԱՊՀ երկրներում տնտեսական աճի ցուցանիշները տարաբնույթ են եղել։ Էներգակիրներ արտահանող երկրներում (Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան) պահպանվել է աճի բարձր տեմպը, ինչին նպաստել են համաշխարհային շուկայում էներգակիրների համեմատաբար բարձր գները, արդյունահանման ծավալների, ինչպես նաև ներքին պահանջարկի զգալի ավելացումը։ Կոնյուկտուրան հումքային ապրանքների շուկայում հանգեցրել է էներգակիրներ ներկրող երկրներում եկամուտների կրճատմանը և տնտեսական ակտիվության նվազմանը։ Տնտեսական ծանր հետևանքներից չի խուսափել Բելառուսը, Ղրղըզստանը, Ուկրաինան։

Ինչ վերաբերվում է այս տարվան, ապա ՀԲ-ի մասնագետների կարծիքով հեռանկարները դրական են՝ 2014-2016 թթ. ԱՊՀ տարածաշրջանում սպասվում է տնտեսության վերականգնում։ Այդուհանդերձ, կանխատեսումները տարածաշրջանի առանձին երկրների մասով տարբեր են՝ պայմանավորված ներքին ռազմավարություններով, կառուցվածքային խնդիրներով, արտաքին գործոններով։ «Հեռանկարում տարածաշրջանի երկրների համար առկա են որոշակի ռիսկեր, որոնց դրսևորման դեպքում կանխատեսումները կարող են վերանայվել դեպի նվազում»,- նշված է զեկույցում։

Մարտահրավերների թվում ՀԲ-ի մասնագետները նշել են եվրոգոտու երկրներում տնտեսական աճի տեմպի դանդաղումը։ Բացի այդ, Ռուսաստանում տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղումը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՊՀ մի շարք երկրների տնտեսությունների վրա։ Տնտեսական աճի դանդաղում կարող է տեղի ունենալ հատկապես այն երկրներում, որոնք սերտ առևտրատնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ, ստանում են մասնավոր փոխանցումներ։ Այսպիսի երկրների թվում ՀԲ-ի մասնագետները նշել են Հայաստանը, Մոլդովան, Ղրղըզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

Մեկնաբանել