Երազներ Երևանից

Տեսարան Երևանից։

«Երիտասարդները փախչում են Հայաստանից, վիճակն աղետալի է։ Հուսահատ հայրենասերներն էլ աշխարհասփյուռ հայությանը կոչ են անում վերադառանալ՝ փրկելու հայրենիքը»,- հայաստանյան իր տպավորությունների մասին գրում է բեռլինյան Der Tagesspiegel-ի լրագրող Յուլյա Պրոզինգերը։ Այն թարգմանաբար ու որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև.

Նրա պապը զոհվել է այս վայրերի համար, իսկ նա, այդ մեծահարուստ երիտասարդը՝ Rolex-ը թևին, սրածայր կաշվե կոշիկներով, նստած է ու թքում է գետնին։ Նա ուզում է հեռանալ, ընդմիշտ։ Իսկ նրա պապը կռվել է այս երկրի համար։ Մեծահարուստ ընտանիքի այս զավակը էլ ոչ մի բան չի ուզում լսել. «Ժողովուրդ, որն իր ինքնությունը կառուցում է Ցեղասպանության վրա, որից հարյուր տարի է անցել»։ Նա արդեն ստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, ծննդյան վկայական, անջատել է հեռախոսահամարը։

«Ես ատում եմ այս քաղաքը»,- ասում է նա։ Ժամանակներ կային, երբ Երևանը, Հայաստանի մայրաքաղաքը, Ռադիո Երևանի կատակների քաղաքն էր։ Այդ տարիներն հայերը, Մոսկվայից հեռու, Հարավային Կովկասում, իրենց կարող էին թույլ տալ ծիծաղել սոցիալիզմի վրա։ Իսկ այսօր այն արդեն քաղաք է, որից պիտի հեռանալ։ Մեծահարուստ այս երիտասարդը ուզում է անանուն մնալ, քանի որ այստեղ բոլորը միմյանց ճանաչում են։ Իսկ ինչ ինքն անում է, մյուսների գործը չէ։

Ինչպես բոլոր հայերը, այս երիտասարդն էլ է մեծացել «Ավետյաց երկրի», նախնիների սրբազան հայրենիքի պատկերներով՝ հինավուրց եկեղեցիներով ու վանքերով։ Հայաստանը աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է։ Երևանի վրա, որպես պահապան հրեշտակ, ճոճվում է հավերժ ձյունածածկ Արարատը։ Չնայած՝ անհաս, որովհետև սահմանի մյուս կողմում է։ Նոյյան տապանը հենց այս լեռան գագաթին է հանգրվանել։ Աշխարհի որ ծայրում էլ հայերը հաստատվեն, սենյակում Արարատի պատկերն են կախելու։

Ինչքան էլ տարօրինակ հնչի, այս Երևանն այսօր արնահոսում է։ Երիտասարդների գրեթե 80 տոկոսը,- նրանց մեծ մասն ապրում է մայրաքաղաքում,- ուզում է լքել երկիրը։ Նրան ձգտում են ԱՄՆ կամ Եվրոպա։ Մայրերից շատերը դստրերին ամուսնացնում են արտասահմանցիների հետ։ Երիտասարդները փախչում են գործազրկությունից, ավանդույթներից (մինչև ամուսնությունը ոչ մի սեքս)։ 29-ամյա մեծահարուստ այս երիտասարդը, որը կրթություն է ստացել Մոսկվայում ու Լոնդոնում, փախչում է նաև բյուրոկրատիայից ու պետական կամայականություններից։ «Պատկերացրեք, երկրում անգամ McDonald’s չկա. այդքան վատն է ներդրումային միջավայրը։ Ով կառավարությունում ծանոթ կամ, ավելի լավ է՝ բարեկամ չունի, բիզնես չի կարող անել»։ Երիտասարդը նկատի ունի նաև օլիգարխներին, որոնց մեկըվերահսկում է շաքարավազի շուկան, և փոխկապակցված է վարչապետի ու նախագահի հետ։ Մեր զրույցից մեկ օր անց մեծահարուստ այս երիտասարդը իր ամբողջ միջոցները ներդնելու է Ֆրանսիայում ու այլևս չի վերադառնալու Հայաստան։

Նա լքում է խորտակվող նավը։ 2011թ. Forbes ամսագիրը Հայաստանն անվանել է Մադագասկարից հետո երկրորդ հեռանկար չունեցող տնտեսությունը։ Լեռնային Ղարաբաղի պատճառով հարևան Ադրբեջանի հետ երկիրն ապրում է փխրուն հրադադարի ռեժիմում, սահմանը փակ է նաև Թուրքիայի հետ, որը հրաժարվում է ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Հայաստանը «փակ» պետություն է, կախված Իրանից ու Վրաստանից՝ դեպի ծով ելք ստանալու համար։ Սակայն այն նախ և առաջ կախված է Ռուսաստանից։ Այստեղ տեղակայված են ռուսական զորամիավորումներ, էներգետիկ հզորությունների հսկայական մասը պարտքի դիմաց փոխանցվել է Ռուսաստանին, ռուսական կապիտալը վերահսկում է նաև երկաթուղին, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության ոլորտները։ Գիշերները Երևանի ծայրամասերում մութ է, մայթերը շռայլություն են քաղաքի կենտրոնի համար, շենքերի ճակատային մասերը, շքամուտքերը քանդվում են։ Համաձայն Համաշխարհային բանկի ուսումնասիրության՝ երկրում աղքատության մակարդակը 35 տոկոս է։

Արտագաղթողների իրական թվի մասին վիճակագրությունը միանշանակ չէ։ Հետազոտություններում նշվում է երկրի բնակչության մոտ 1,5 տոկոսը՝ տարեկան։ 1991-ից հետո երկրից հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ։ Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա կործանարար է։

Այս թվերը հայերին հին տրավման են հիշեցնում՝ գոյատևելու վախը։ Իսկ եթե ադրբեջանցիները պատերազմ սկսե՞ն։ Երկիրը, առանց մարդկանց, չի կարողանա պաշտպանվել։ Ո՞վ պիտի զբաղվի քաղաքականությամբ, ո՞վ պիտի քաղաքացիական հասարակություն կառուցի։ Հայ կանայք, ավանդաբար կրթված, շատ երեխաներ չեն ունենում՝ բնական աճը վերականգնելու համար։ Կառավարությունը նորապսակների համար վարկեր է նախատեսում, բարձրացնում նորածինների համար վճարվող գումարները, հակադարձում Ռուսաստանին, որը Հայաստանում աշխատանքային միգրանտներ է փնտրում։

Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Երևանում, մաքսատանը սկսվում են խցկվել յուղոտ կաշվե վերարկուներով ու հոգնած կնճիռներով տղամարդիկ։ Դասախոսներն ու դիրիժորները աշխատում են Ռուսաստանում՝ շինարարությունում, ու ամսական €360 ուղարկում ընտանիքներին։ Գումարն օգտագործվում է հիմնականում սննդամթերք գնելու համար։ Նրանք մի քանի շաբաթով վերադառնում են գյուղեր, որոնցում միայն կանայք են ապրում։ Գումարային այս փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի 20 տոկոսից ավելին։ Կառավարությունն ի վիճակի չէ կանգնեցնել այս միտումը։

38-ամյա Վարդան Մարաշլյանը նույնպես չի կարող վերքը դարմանել։ Սակայն նա մի քանի տարի առաջ կազմակերպություն է հիմնել՝ Repat Armenia, որն ուզում է փակել այս բացը։ Նա նստած է իր գրասենյակում, Հանրապետության հրապարակում և պարզաբանում է ծրագիրը. Վարդանը (հայաստանցիներն անգամ իրենց նախագահին են անունով կոչում) ուզում է Սփյուռքի հայերին վերադարձնել Հայաստան։

Ազգությամբ ավելի քան ութ միլիոն հայ է սփռված աշխարհով մեկ, ամենամեծ համայնքները Լոս Անջելեսում են, Փարիզում, Մոսկվայում։ Միայն Ռուսաստանում երկու միլիոնից ավելի հայ է ապրում։ Նրանց հայրերը փրկվել են 1915թ. սիրիական անապատների մահվան քարավաններից – 1,5 միլիոն մահացել է այս ճանապարհին – դիմակայել կոմունիզմի տարիներին ու 1991թ. անկախության ձեռքբերմանը հաջորդած քաոսային շրջանին։ Արտագաղթողները, ինչպես մեծահարուստ այն երիտասարդը, այսպես թե այնպես հայտնվելու են հայկական համայնքներում։ Հայրենիքի հետ կապը չկորցնելու համար Հայաստանը Սփյուռքի նախարարություն է ստեղծել, որը դասագրքեր է հրատարակում, կազմակերպում համահայկական խաղեր։ Վարդանը մի քանի տարի նախարարի տեղակալ է աշխատել։

Գործարարն՝ ինքը, Մոսկվայից է վերադարձել։ «Ես ուզում էի իմ երեխաներին հեռու պահել ձուլումից, ես կարոտում էի տունը, ուզում էի գտնել արմատներս»։ Հիմա նա ուզում է մյուսներին էլ համոզել։ Ստալինյան տարիներին հայրենադարձների համար նման ծրագիր եղել է. հաջողակ հայերը, մտավորականները, առևտրականները վերադարձել են Մերձավոր Արևելքից։ Սակայն այսօր այդքան էլ հեշտ չէ, հայրենիքը հեռվից շատ ավելի հեշտ է սիրել։

Երևանը, Հայաստանի կորուստներով հարուստ պատմության տասներկուերորդ մայրաքաղաքը, ընտրվել է որպես կենտրոն, ասում է Վարդանը. «Չորս ժամից արդեն Փարիզում ես, Բերյրույթ էլ ավելի արագ կարելի է հասնել»։ Վարդանը սկսում է երազել։ Նա բացում է կայքի աղյուսակները, որոնցում հաշվել է ծախսերը ընտանիքների ու միայնակ երիտասարդների համար։ Վարդան ավելի ու ավելի արագ է խոսում՝ մրգերն այստեղ մի քանի ցենտ արժեն, յուրաքանչյուր ոք կարող է իրեն հավաքարարուհի թույլ տալ։ 500 եվրոյից էլ պակաս գումարով հնարավոր է ունենալ բարեկեցության նույն մակարդակը, ինչ ամերիկյան մեգապոլիսներում։ Նա պատմում է մեղմ ձմեռների, չոր ամառների, կուսական բնության, Ամերիկյան համալսարանի, օպերային մատչելի տոմսերի, Վերնիսաժի, կինոփառատոնների մասին։ Հայերը հայտնի են որպես արվեստի մարդիկ։

Թոշակառուներին Վարդանը ընկերներ է խոստանում, ամերիկացի մայրերին՝ կարճ ճանապարհներ ու մատչելի տաքսի։ Իրոք, 1000 դրամով (երկու եվրոյից էլ պակաս), հնարավոր է այս ու այն կողմ մեկնել, չհաշված մետրոյի միակ գիծը։ Վախկոտ հայրերին նա առանց ահաբեկիչների կյանք է խոստանում, փողոցային հանցավորության ցածր մակարդակ։ Տատանվողներին նա առաջարկում է Հայաստանում ուսումնական պրակտիկա անցնել։

Վարդանի կազմակերպությունը նաև լեզվի դասընթացներ է առաջարկում՝ սփյուռքահայերից շատերը դժվարանում են հայերեն գրել, օգնում է կազմակերպություններին վարչարարական հարցերում։ 4000-ից ավելի սփյուռքահայեր կազմակերպություններ ունեն այս փոքրիկ երկրում։ «1200 ազատ աշխատատեղ միայն IT-ոլորտում»,- ոգևորված բացականչում է Վարդանը։ Նա փորձում է ուղեղների արտահոսքին ուղեղների ներհոսքը հակադարձել։

Դժվար է նրան ընդհատել։ Բայց ինչու են այդ դեպքում շատերը հեռանում։ Ինչու է մեծահարուստ այն երիտասարդը ներդրումներ կատարում Արևմտյան Եվրոպայում։ Նախագահական վերջին ընտրություններում հաղթեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, թեկնածուներից մեկի նկատմամբ մահափորձ իրականացվեց, մյուսը դիմեց հացադուլի՝ իշխող վարչակարգը քրեական համարելով։ «Ես չեմ ասում, որ ամեն ինչ կատարյալ է։ Մենք անցումային երկրում ենք ապրում»,- ասում է Վարդանը։ Նա հավատացած է, որ ներհոսքը փոփոխություններ է բերելու։ «Այստեղ հնարավոր է ինչ որ բանի հասնել։ Այստեղ դուք շատերից մեկը չեք»։ Սփյուռքահայերի հետ Հայաստան նաև գիտելիք կգա ու թափանցիկություն, հույս ունի Վարդանը։

Վարդանը վեր է կենում. կեսօր է և ժամանակը՝ հաջողված պատմությունները ներկայացնելու։ Մի քանի բարձրահարկերի միջով նա շրջում է քաղաքի կենտրոնում։ Երևանը, և Վարդանը տեղի է տալիս, գեղեցիկ չէ, թեև այն աշխարհի ամենահին քաղաքներից է։ Ճաքճքած ասֆալտի վրայով նա քշում է դեպի սիրիական մի փոքրիկ ռեստորան, պլաստիկից սպիտակ աթոնռներով։ Նա ձեռքով բարևում է հացթուխին, լահմաջո ու թան պատվիրում։ Վարդանի համար քաղաքացիական պատերազմը Սիրիայում նաև դրական կողմեր ունի։ Այն ավելի քան 9000 սիրիահայեր է Հայաստան ուղարկել։ Նրանից մեկը մի քանի փողոց հեռու շոռակարկանդակներ է պատրաստում՝ ամերիկահայի կողմից նոր բացված սրճարանում։

21-ամյա Ռիտա Մանուկյանը ժպտում է, պատմելով, թե ինչպես է փախել պատերազմից։ Երևանը նրա համար փրկություն էր։ Ռիտան նույնպես մեծացել է Արարատի պատկերով սենյակում։ «Մտածում ես, թե տուն ես եկել՝ նախնիների հայրենիքը, բայց ամեն ինչ այլ է»,- ասում է նա։ Օրինակ՝ լեզուն։ Նախկին խորհրդային հանրապետությունում ցուցանակներից շատերը ռուսերեն են, լեզուն լեցուն է ռուսերենից փոխառություններով։ Ռիտան շարունակում է ժպտալ։ Հայկական այս սրճարան նա իր հետ նաև «յալլա»-ն է բերել։ Իսկ սա նշանակելու՝ ամեն ինչ դեռ առջևում է։

Պատրաստեց Մարատ Յավրումյանը

Մեկնաբանել