«ՀայՌուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»

Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվող «Հայռուսգազարդի» առուվաճառքի պայմանագրի նախագծին, իսկ արդեն երեկոյան Մոսկվայում այն ստորագրվեց:

Ըստ «Գազպրոմի» հաղորդագրության՝ հունվարի 16-ին ընկերության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը։ Ըստ այդմ` «Գազպրոմը» ավելացնում է իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդում» մինչև 100%, և ընկերությունը կոչվելու է «Գազպրոմ Արմենիա»:

«Այս գործարքն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության ոգուն: «Գազպրոմը» երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով: Մեր կողմից իրականացվել են լայնածավալ նախագծեր և մայրուղային փոխադրումների և էլեկտրաէներգետիկայի ոլորտներում: Իսկ ամենակարևորը, ձեռք է բերվել Հայաստանի համար սոցիալական մեծ նշանակություն ունեցող արդյունք՝ մենք հասել ենք 96% գազաֆիկացման մակարդակի: Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է՝ գազաշարժիչային վառելիքը: ԱԳԼՃԿ-ների քանակը Հայաստանում նույնիսկ գերազանցում է Ռուսաստանում դրանց քանակը: Եվ մենք մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք: «Գազպրոմը» միշտ եղել է և մնալու է Հայաստանի հուսալի գործընկերը», – ասել է Ալեքսեյ Միլլերը:

«ՀայՌուսգազարդի» 20%-ի օտարման մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ 2013թ. դեկտեմբերի 2-ին: Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը Ազգային ժողովում կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 72 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, և այն իրականացվել էր հաշվիչ հանձնաժողովի միջոցով, որը դեկտեմբերի 26-ի իր արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը: ԱԺ չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Ժառանգությունը», հայտարարեցին, որ այս հարցով կդիմեն Սահմանադրական դատարան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 24-ին, այդուհանդերձ, ստորագրեց քվեարկության դրված համաձայնագրերը:

Մեկնաբանել