Սոցապնախարարը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում վերջինս խոսել էր նաև կենսաթոշակային բարեփոխումների մասին:

Պրն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեև իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչո՞ւ և ինչպե՞ս փոխվեց այս ընտրությունը:

– Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել որպես տարօրինակ: Իհարկե, հասկանալի է պրն Քոչարյանի ցանկությունը՝ իրադարձությունները շարադրել այսօրվա ընդդիմադիր էմոցիաների լույսով: Սակայն փաստերն անողոք կերպով այլ բան են վկայում: Նախ, եթե իրապես սերունդների համերաշխության գործող համակարգն էր մեր լուծումը, ապա անհասկանալի է, թե ինչու էր նախագահ Քոչարյանը, 2008թ. փետրվարի 29-ին, ամփոփելով իր նախագահության տարիները ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, կենսաթոշակային բարեփոխումները նշում որպես նոր նախագահի հիմնական անելիքներից մեկը: Երկրորդ, եթե նախագահ Քոչարյանի կողմից վավերացված 2005-2006 թթ. կառավարության որոշումներում ավելի շատ շեշտադրված էր պարտադիր կուտակային համակարգը, ապա 2008-ի նոյեմբերին ընդունված կառավարության որոշման մեջ սերունդների համերաշխության սկզբունքն ավելի առարկայական տեղ ու դեր ունի: Մասնավորապես, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից 2005թ. ապրիլի 28-ին ընդունված N 666-Ն որոշման մեջ (որն ի դեպ վավերացվել է Ռ. Քոչարյանի կողմից) հստակորեն նշվում էր պարտադիր կուտակային բաղադրատարրը՝ «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն (որոշակի ժամկետից որոշակի տարիքի անձանց համար` պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն), յուրաքանչյուր անձ, որը մասնակցում է այս համակարգին ունենում է իր անհատական հաշիվը և կենսաթոշակ ստանում այդ հաշվում մինչև կենսաթոշակի տարիքը կուտակած իր սոցիալական պարտադիր վճարների և կյանքի միջին տևողության հաշվարկից ելնելով»: Իսկ ՀՀ կառավարության կողմից 2006թ. մայիսի 26-ին ընդունված N 796-Ն որոշումը դա շատ ավելի հստակեցնում էր՝ «… Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբևիցե վերադառնալ հին համակարգ: …»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել