Հրանտի ժպիտը

2014թ. հունվարի 19-ը Հրանտ Դինքի դաժան սպանության յոթերորդ տարելիցն է: Անարդարությամբ շարունակվող այս ցավից յոթ տարի անցավ: Ցավերն ու վերքերը չեն սպիանում: Հրանտի կինը, երեխաները, թոռները, եղբայրները, ընկերները, բարեկամները, ընթերցողները և խղճի տեր բոլոր մարդիկ դեռ սպասում են, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթանակելու է:

Այս մարդիկ յոթ տարի է, հետևելով դատավարություններին, ցույցեր են կազմակերպում և յուրաքանչյուր առիթն օգտագործում են արդարության կոչեր անելու համար: Նրանք որոշել են չհաշտվել տեղի ունեցած ոճրագործության հետ և չդառնալով դրա մի մասնիկը` մինչև վերջ տեր կանգնել Հրանտի հիշատակին` պայքարելով մութ ուժերի բացահայտման ցանկությունից շատ հեռու գտնվող թուրքական պետության և կառավարության դեմ և բարձր գոռալ «Այստեղ ենք, Հրանտ եղբայր»` հույս ունենալով, որ Հրանտը լսելու է իրենց ձայնը:

Յոթ տարի է` շարունակվում է ազգայնամոլությամբ ուղեղները լվացվող և ձեռքները զենք տված երեխաներին օգտագործող թուրքական պետության աղտոտ քաղաքականությունը:

Յոթ տարի է` Հրանտի սպանությունը ծրագրող հսկայական կազմակերպությունը քողարկվում է, և դատը շարունակվում է սպանությունից հետո ոստիկանությունում թուրքական դրոշի դիմաց հպարտորեն նկարվող մարդասպան երեխայի դատական հանդեսով:

Յոթ տարի է` շարունակվում է Հրանտի սպանության ամենատարբեր դերակատարների առաջխաղացումը պետական տարբեր կառույցներում:

Յոթ տարի է` պետությունը թև-թևի է մարդասպանների հետ: Դատավարությունը սուտ քուն է մտել, իսկ արդարությունը մահամերձ հոգեվարքում է:

Յոթ տարի է` մենք զուրկ ենք մնացել Հրանտի ժպիտից, ձայնից, հոդվածներից, պայքարներից, մարդկությունից և սրտից…

Թուրքիայում ինչքան էլ փոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցությունը, և ի հայտ են գալիս ճգնաժամեր, նույնիսկ պետության ամենահզոր ուժերը միմյանց պատերազմ են հայտարարում, սակայն անփոփոխ է թուրքական պետականության հիմքում ընկած «հայատյացության ազգային դաշինքը», և Հրանտի իսկական մարդասպանները, որոնք պաշտպանված են պետության կողմից, չեն հանձնվում:

Յոթ տարի անց Հրանտի հետևորդներն այլևս չեն ուզում առնչվել պատվիրված սպանությունն իրացնող խամաճիկի դատավարությանը, այլ ցանկանում են բացահայտել մթության քողի տակ թաքնված խաղավարին:

Հրանտի իսկական մարդասպանների դատապարտման պահանջատերերը Ամստերդամում, Բեռլինում, Լիոնում, Փարիզում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Լիսաբոնում, Ստամբուլում, Երևանում և աշխարհի տարբեր երկրներում արդարության կոչ են անելու և պահանջելու սպանությունը ծրագրող, աջակցող, կատարող, քողարկող և լռության մատնող ուժերի բացահայտում և դատապարտում:

Այս կապակցությամբ շարունակում են հիշել և հիշատակել Հրանտին, նրա գործը, նրա մտքերը, նվիրումը, քաջությունը և սպանությունը: Ինչպես ասում էր Հրանտը. «Իսկական դատավորը ժողովուրդը և նրա խիղճն է: Ինձ համար իմ սրտում որևէ պետության խիղճը չի կարող չափվել իր ժողովրդի խղճի հետ»:

Մեկնաբանել