Ստրկամտությունը ապազգային երևույթ է

Նոր տարին Հարավային Օսիայի Հանրապետությունում (ՀՕՀ) սկսվեց տհաճ անակնկալով։ ՀՕՀ առաջատար քաղաքական ուժը՝ «Միասնական Օսիա» կուսակցությունը, դիմել է երկրի նախագահին՝ պահանջելով առաջիկա ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները համատեղել Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին հանրաքվեի հետ։ Նորանկախ երկրի բնակիչները, ըստ նախաձեռնության հեղինակների, պիտի պատասխանեն մի կենտ հարցի՝ արդյո՞ք տեսնում են Հարավային և Հյուսիսային Օսիաները միավորված՝ Ռուսաստանի Դաշնության կազմում։ Նախաձեռնող կուսակցության ղեկավարը նախագահի նախկին թեկնածու Անատոլի Բիբիլովն է, որն էլ համապատասխան հարցումն ուղարկել է ՀՕՀ նախագահ Լեոնիդ Տիբիլովին։

Ինչպիսի՞ն էին առաջին արձագանքները երկրում։ Բնականաբար, առաջինն ահազանգեցին առողջ ուժերը՝ անկախ հասարակական գործիչները։ Իմ լավ գործընկեր Դինա Ալբորովան շատ կտրուկ արտահայտվեց Ֆեյսբուքում՝ «Մառազմը գնալով խորանում է։ ՀՕՀ-ը սահմանադրություն ունի, որտեղ հստակ նշված են պետության հիմքերը։ Նրանք, ովքեր մեկ այլ պետության կազմ մտնելու օգտին են արտահայտվում, դրանով իսկ սասանում են նույն այդ հիմքերը, որոնց վրա կառուցվում է մեր երկիրը։ Արդյո՞ք սա ՀՕՀ պետական-սահմանադրական կարգը փլուզելու փորձ չէ։ Եթե այո, ապա ո՞ւր են նայում դատախազը, ԱԱԾ-ն և այլն։ Ինչո՞ւ ոչ մեկին չեն ձերբակալում, ինչո՞ւ ոչ մի դատավարություն չկա։ Այդ ո՞վ է համարձակվել թքել իմ պետության դեմքին և զրկել մեզ այն բանից, հանուն որի կյանքեր են նվիրաբերվել և արյուն է թափվել»։

Այսպիսով, հստակ հնչել է հարցը՝ ինչո՞ւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Հարց, որի պատասխանը բոլորը գիտեն։ Ստրկամիտ առաջարկությունը բխել է իշխանամերձ շրջանակներից։ Ի դեպ, «Միասնական Օսիա» կուսակցության ղեկավար մարմնում նախկին և գործող պաշտոնյաներ են միայն։ Նման դեպքերում, որպես կանոն, այդօրինակ առաջարկները բարձրագույն ղեկավարության մերձավորագույն շրջապատից են լինում, ասել է թե՝ հենց բարձրագույն ղեկավարության հետ էլ պայմանավորված են լինում։

Իսկ բարձրագույն ղեկավարությունն էլ թփերի ետևում թաքուն ու ապահով սպասում է։ Սպասում է ինչպես հանրային արձագանքներին, այնպես էլ նրա արձագանքին, ում էլ մեծ հաշվով ուղղված է լինում նման առաջարկությունը, իմա՝ Տիրոջը։ Թփերի ետևը մեծ առավելություն է տալիս, անհրաժեշտության դեպքում կարելի է ասել, որ իրենք կապ չունեն։ Բայց կապ չունեն դե յուրե։ Իսկ դե ֆակտո մինչև ականջները խրված են այդ ամենի մեջ։Այդպես վարվեց նախագահ Տիբիլովը, իր մեկ այլ մերձավորի (պաշտոնյայի) շուրթերով հայտարարելով, որ դա ընդամենը քաղաքական ուժերից մեկի կարծիքն է։ Սակայն մարդիկ լավ էլ հիշում են նրա նմանատիպ «միավորչական» հայտարարությունը ոչ վաղեմի անցյալում։Նմանատիպ կեցվածք ունի նաև երկրի առաջին նախագահ Լյուդվիգ Չիբիրովը, որը, իր ասելով, երկու ձեռքով է կողմ Ռուսաստանի հովանու ներքո միավորմանը և չգիտես ինչու գտնում է, որ օսերն իրենց ամեն ինչի համար հավիտյանս հավիտենից պարտական են ռուսներին։ Այդ նույն կարծիքին են լինում հանրապետության բոլոր քաղաքական ուժերը… համապետական հերթական ընտրությունների նախօրեին։ Սա շատ ապահով, ձեռնտու ու հեռանկարային կեցվածք է։Իսկ ի՞նչ են ասում ռուսները։ Առաջին արձագանքները նույնպես եղան Ֆեյսբուքում։Մի կին գործիչ հրապարակավ քամահրանքով հարցրեց իր զրուցակից օսերին՝ «իսկ Ռուսաստանի քաղաքացներին հարցրե՞լ եք, թե արդյոք նրանք ուզո՞ւմ են ձեզ տանել իրենց շլինքներին. առանց այն էլ շատ խնդիրներ ունենք Կովկասին առնչվող»։Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարեց, որ Ռուսաստանը ներկայում չի գնա այդ քայլին՝ որոշակի միջազգային հանգամանքների բերումով։

Իսկ ամենալավն ասել է հայտնի մեկնաբան Մատվեյ Գանապոլսկին. «Թերթային վերնագրերը հեռավոր առնչություն ունեն իրականության հետ։ Քանի որ եթե Կրեմլն իրոք որոշի հափշտակել Հարավային Օսիան, ապա այդ մասին մենք կիմանանք պոստֆակտում՝ առավոտյան, առանց նրա կողմից որևէ քննարկման ու սեթևեթանքի»։

Ի՞նչ է ցույց տալիս հարավօսական այս պատմությունը։

Այն, որ ստրկամտությունը ապազգային երևույթ է։ Սա մի կողմից նշանակում է, որ այն կոնկրետ ազգություն չունի, իմա՝ մենք կամ այլոք դատապարտված չենք։ Երկրորդ՝ ստրուկներն ու ստրկամիտները ոչ մի կապ չունեն այս կամ այն ազգի ապագայի հետ։ Նրանց կապն անցյալի հետ է։ Միայնումիայն։

Եվ, վերջապես, ամենակարևորը։ Պետությունն առաջին հերթին պիտի ճանաչվի իր ժողովրդի կողմից։ Եթե չկա այդ ճանաչումը, ապա ռուսաց (կամ այլոց) թագավորին նամակ գրողներ ինչքան ասես կճարվեն։ Եթե չկա այդ ճանաչումը, ապա անիմաստ է ճանաչում ակնկալել այլ ժողովուրդներից ու պետություններից։

Նույն Հարավային Օսիայում դեռ հարց է, թե ինչպես կքվեարկեն մարդիկ, եթե մի օր իսկապես նման հանրաքվե անցկացվի։ Իմ լավ գործընկեր Դինա Ալբորովան, համենայն դեպս, այս առնչությամբ լավատեսությամբ չի տոգորված։

Իսկ ի՞նչ կարելի է պահանջել տարիներ շարունակ նման ղեկավարություն ունեցած ժողովրդից ու ժողովուրդներից։

Մեկնաբանել