Բաքվի հայկական ջարդերի 24-րդ տարելիցն է

24 տարի առաջ Ադրբեջանի ժողովրդական ճակատը Բաքվի հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր կազմակերպեց: Հունվարի 13-ին Ադրբեջանի Կոմունսիտական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովը, հանդիպելով ճակատի ակտիվին, ասել է. «Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք»: 1990-ի հունվարի 13-ին ադրբեջանական ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայողական բանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը: Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները, շտապօգնության բժիշկները: Ջարդերը շարունակվել են 6 օր՝ մինչև հունվարի 20-ի գիշերը, երբ քաղաքում վերջապես արտակարգ դրություն է հայտարարվել, և Բաքու էին մտել խորհրդային տանկերը: 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո Բաքուն հայաթափվել է, (շուրջ 250 հազ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին»՝ իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:

Լուսանկարը՝ historyofarmenia.am-ի

Մեկնաբանել