«Դեմ եմ»-ը լավ մեկնարկ է, մնում է ավարտին հասցնել

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Հունվարի 18-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կամզակերպած հանրահավաքին մասնակցեցին չորս ոչ իշխանական ուժեր ու բազմաթիվ քաղաքացիներ: Հանրահավաքը հեռանկար ստեղծեց ոչ իշխանական ու պայքարող խմբերի հնարավոր համախմբման համար: Հեռանկար, որը վտանգավոր կարող է լինել իշխանության համար:

Այսպիսով, 2008-ից հետո առաջին անգամ ընտրությունների կամ հետընտրական գործընթացների հետ ուղղակիորեն կապ չունեցող լայնամասշտաբ հանրահավաք տեղի ունեցավ, որի օրակարգային հարցը սոցիալ-տնտեսական էր: Այս գործընթացն իշխանության համար երկու վտանգավոր զարգացում է ենթադրում:

Նախ, պայքարի հաջողության դեպքում ոչ իշխանական ուժերի համախմբում տեղի կունենա, երկրորդը, իշխանությունը կզրկվի կենսաթոշակային ֆինանսական միջոցներն իր նպատակների համար օգտագործելու հնարավորությունից: Կա ևս մի կարևոր գործոն, որը պայքարի հաջողության համար նախադրյալներ է ստեղծում. օրենքը նախաձեռնողը Տիգրան Սարգսյանն է, որի դեմ վերջերս պայքարի հստակ ճակատ է ձևավորվել: Եվ հենց այս հանգամանքը խթանիչ գործոն է պայքարի հաջող զարգացման համար:

Հաշվի առնելով այս ամենը՝ իշխանությունն իր լրատվամիջոցներով փորձում է որակազրկել այս պայքարը և կանխել ոչ իշխանական ուժերի համախմբումը: Իշխանավորները գիտակցում են, որ սկսված գործընթացի հաջողության դեպքում նոր պահանջներ կհայտնվեն օրակարգում, ինչի արդյունքում հանրության նոր շերտեր կներգրավվեն:

Ակնհայտ է, որ իշխանությունը նման պահանջները բավարարելու որևէ ցանկություն չունի, և այլընտրանքն իշխանափոխությունն է լինելու: Նման զարգացումներից խուսափելու համար իշխանությունը գործի էր դրել բոլոր տրամաբանական և անտրամաբանական միջոցները. հունվարի 17-ին կեղծ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան են ժամանել ինչ-որ խմբեր, որոնք բազմամարդ վայրերում մոտենում են քաղաքացիներին ու ՄԻԱՎ վարակ պարունակող ասեղի միջոցով տարածում այն: Սրա նպատակը մեկն էր՝ վախեցնելով քաղաքացիներին՝ հետ պահել նրանց՝ հաջորդ օրը կայանալիք ցույցին մասնակցելուց: Տեսնում ենք, որ իշխանությունը փորձում էր ընդհուպ մինչև ապատեղեկատվությամբ կասեցնել պայքարի գործընթացը՝ գիտակցելով վերջինիս վտանգն իր համար: Նա վերը նշված կեղծիքով չսահմանափակվեց սակայն: Ցույցից հետո կեղծ տեղեկատվություն տարածվեց նաև հենց հանրահավաքի մասին:

Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում փողոցային պայքարի գործընթացը վարկաբեկելու ու չթողնելու, որ տարբեր ուժերի միջև համախմբում տեղի ունենա: Վերջին վեց տարիների քաղաքականությունը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունից դրական փոփոխություն հնարավոր չէ ակնկալել: «Կենսաթոշակային համակարգի» դեմ սկսված գործընթացը փողոցային պայքար ձևավորելու լավ սկիզբ և երկիրը դեպի փոփոխությունների տանելու երաշխիք է, որի ձևավորման հիմնաքարն արդեն դրվել է. մնում է ավարտին հասցնել:

Մեկնաբանել