Տղամարդու դաս

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիայի դիմակայման ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին այս օրերին շատ է գրվել։ Ինչքան էլ գրվի, արժանի է։ Բայց ես ուզում եմ առանձնակի ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որը կարծես թե չի արծարծվել։

Զինվորականի արարքն իրո՛ք հերոսական էր։ Բայց հերոսական լինելուց առաջ այն առաջին հեթին տղամարդկային էր, տղամարդու արարք էր։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է։ Ասում են՝ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ բանակն է։ Իսկ թե ինչպիսին է հասարակությունը, մենք քաջ գիտենք։ Բանակը, հուրախություն բոլորիս, դեռ լիովին այնպիսին չէ, ինչպիսին այսօրվա հասարակությունն է։ Մեն-մենակ դիմակայելով տասնապատիկ շատ հակառակորդին՝ Արմեն Հովհաննիսյանն առաջին հերթին դաս տվեց հենց մեր հասարակությանը։ Տղամարդկության դաս։

Վաղուց անցել են ասպետական ժամանակները, այդ ժամանակների ոգին այնքան է հեռացել մեզնից, որ այսօր քմծիծաղով ենք հիշում հանուն արժանապատվության վերականգնման մենամարտերը։ Սակայն մենամարտերը (ոչ ասպազեն) և տղամարդու հետ տղամարդավարի բացատրվելը առկա էր նաև մեր ոչ հեռու անցյալում։ Իմ հայրենի Ղարաբաղում խնդիրներ ծագելու պարագայում խորհրդային տարիներին պատանիներն ու երիտասարդները, նույնիսկ երեխաներն ասում էին՝ «один на один տյուս կյանք» կամ «один на один խոսինք»։ Ու դուրս էին գալիս։ Ու խոսում էին։ Դուրս չգալն ու հարցերը դեմ առ դեմ՝ մեն մենակ չպարզելը հանրորեն արգահատելի էր։

Առաջներում ամոթ էր մի քանի հոգով մեկին ծեծելը, քանի որ հանրությունն անարգանքի սյունին կգամեր «շակալներին»։ Հիմա այլ ժամանակներ ու այլ բարքեր են հայ հանրությունում։ Հիմա ուղղակի ամոթ է մեկի հետ մենամարտի դուրս գալը։ Հիմա թուլության նշան է համարվում, երբ չես կարողանում ոհմակ հանել մեկի դեմ։ Ի՞նչ կասեն։ Կասեն՝ մարդ չունի, կասեն՝ շրջապատում պատիվ չունի, կասեն՝ եթիմ է։ Անգամ եթե ուժդ պատելու է մենամարտում, միևնույն է՝ ոհմակը պիտի հանես։ Որովհետև կարևորը ոչ այնքան հաղթելն է, որքան ոհմակ ունենալը և այն ցուցադրելը։

Անցած տարի օրը ցերեկով մի ահավոր դեպքի ականատես եղա Երևանի Մաշտոցի պողոտայում։ Մի խումբ պատանիներ, հավանաբար՝ ավագ դասարանցիներ, ծեծում էին իրենց հասակակից մեկին։ Դաժանորեն էին ծեծում։ Ծեծողներից մեկի ձեռքին եռանիստ ու սուր ինչ-որ բան կար, որով հարվածում էր ծեծվողի գլխին։ Շատոնք էին՝ հերիք չէ, այս եռանիստ սուր առարկայի տերը սպասում էր հարմար պահի ու խփում էր թիկունքից՝ գլխին, ծոծրակին։ Ուղղակի ապշահար էի եղել իմ տեսածից, նաև այն բանից, որ անցորդները չէին միջամտում։ Ծեծվողն արդեն չէր կողմնորոշվում ու հազիվ էր իրեն պահում ոտքերի վրա։ Մոտեցա ու նրան անջատեցի խմբից։ Ծեծողներն իբր թե հեռացան, բայց շարունակում էին փոքր ինչ հեռվից ծիկրակել ու հետևել իրենց զոհին։ Շնագայլեր, իսկական շնագայլեր։

Ինչ տեսնում են՝ այն էլ սովորում են։ Ընդ որում՝ շատոնքով մեկի վրա հարձակվելը սովորական երևույթ է նաև քաղաքական դաշտում։ Ընտրարշավում նախագահը (ներկա կամ նախորդ, սա չէ կարևորը) կարող է իրեն հավատարիմ լրատվամիջոցների ներկայացուցիչներով բանավիճել իր մրցակցի հետ և զվարճանալ այն բանով, թե ինչպես են հավատարիմները քրքրում մրցակցին։ Արժանապատիվ մարդը, տղամարդը նման բան չի անի։ Արժանապատիվ մարդը, տղամարդը չէր թողնի նման բան անեն, կկանխեր։ Պատիվը ձեռք է բերվում հավասար պայքարում։ Մարդը, տղամարդը իրավունք ունի ասել՝ «ու՞ր է այն տղամարդը» միայն այն դեպքում, երբ մեն մենակ դուրս է եկել ու սպասում է այդ տղամարդուն, երբ հավասար պայմանների պայքարի է հրավիրում ուրիշին։ Մնացածը հեռավոր իսկ առնչություն չունի համարձակության հետ։

Բայց հիմա այլ արժեքներ են։ Եւ այս արժեքների պարագայում լուսահոգի Արմեն Հովհաննիսյանը լուսավոր ու փառավոր դաս տվեց։ Դաս տվեց առաջին հեթին հանրությանը։ Նա մեն մենակ դիմակայեց տասնյակ անգամ շատվոր հակառակորդին։ Նա կարող էր նահանջել, և նրան ոչ ոք ոչինչ չէր կարող ասել։ Կարող էր, բայց չարեց։ Որովհետև ազնվազարմ տղամարդ էր, Մաշտոցի պողոտայում իմ տեսած շնագայլերից չէր։ Նա ուրիշ էր։ Այդ ազնվազարմ տղամարդկությունը ծորում է նրա դեմքից, և չես կարող անտարբեր նայել նրա լուսանկարին։

Համոզված եմ՝ նա այդպիսին էր նաև քաղաքացիական կյանքում։ Այդ է վկայում նրա լուսավոր հայացքը, որ լուսանկարից քրքրում է մեր հոգին։

Նա Տղամարդ էր։ Ու Տղամարդու դաս տվեց բոլորիս։

Մեկնաբանել