Ծախսում է այնքան, որքան խփում է

Վերջերս հոլանդացի գործընկերներիցս մեկի հետ քննարկում էինք Սերժ Սարգսյանի՝ Սեուլում ծախսած գումարների մասին լուրը, որը, ոչ պաշտոնական հաշվարկների համաձայն, մոտ 400 հազար դոլար է կազմել։ Ճիշտ է՝ Բաղրամյան 26-ից հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը հանգիստն անցակցրել է իր հաշվին, սակայն հայտնի է, որ նա մեկնել է պետական ինքնաթիռով, ինչը ևս մեծ ծախս է պետության հաշվին: Բացի այդ, Սերժ Սարգսյանը հայտարարագրված եկամտի այլ աղբյուր չունի, և եթե այլ անձ է վճարում նրա հանգստի համար, ապա հանրությունը պետք է իմանա դրա մասին, որովհետև Սարգսյանի առողջացման գործում ներդրում կատարած անձը հետագայում կարող է Հայաստանում այլ քաղաքական դիվիդենտներ ստանալ, որը միգուցե չբխի հանրության շահերից: Ավելին, եթե դրա համար վճարել է Արա Աբրահամյանը, ապա դա կարող է դիտվել կաշառք, որովհետև վերջինս բիզնես շահեր ունի Հայաստանում։

Գործընկերս հիշեց, որ Հոլանդիայում վարչապետի արձակուրդային ծախսերը մոտ 7000 դոլար էին կազմել: Հնարավոր է՝ այդ գումարը հասներ 10 000 դոլարի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ավելի քան 700 միլիարդ դոլար ՀՆԱ և մեկ շնչին 42 300 դոլար եկամուտ ընկնող Նիդեռլանդների վարչապետը ծախսում է այդքան գումար, իսկ 10 միլիարդ ՀՆԱ ունեցող և մեկ շնչի հաշվով 3000 դոլար եկամուտ ունեցող Հայաստանի նախագահը ծախսում է 40 անգամ ավելի: Տրամաբանական բոլոր հաշվարկները կարծես ցույց են տալիս, որ Հոլանդիայի քաղաքական գործիչներն ավելի շատ պետք է ծախսեն, քան 70 անգամ ավելի փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի քաղաքական գործիչը:

Իրականում խնդիրն այն է, որ Հոլանդիայի վարչապետն իր պաշտոնը ստացել է ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքում և իր գործունեության համար պատասխանատու է հանրության առջև: Իսկ Սերժ Սարգսյանը պաշտոն է ստացել ընտրակեղծիքների միջոցով. բնականաբար, որևէ կերպ հանրության առջև պատասխանատվություն չի կրում:

Այսպիսով, Հոլանդիայի վարչապետը քիչ է ծախսում՝ հասկանալով, որ յուրաքանչյուր ծախսած գումարի համար ստիպված է լինելու հաշվետվություն ներկայացնել հանրությանը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը կարող է ծախսել ցանկացած չափի գումար, ու չկա պետական այնպիսի կառույց, որն ի զորու է սահմանափակելու նրա ցանկությունները: Տեսականորեն գոյություն ունեն նման կառույցներ, բայց չմոռանանք, որ այդ պաշտոնյաներին նա է նշանակում, հետևաբար նրանք չեն կարող վերահսկողություն սահմանել:

36 տոկոսի հասնող աղքատություն ունեցող Հայաստանում Սերժ Սարգսյանը շարունակելու է ծախսել այնքան, որքան «խփում է» ընտրությունների ընթացքում: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մտածել ազատ և մրցակցային ընտրությունների մասին, մինչդեռ հաշվի առնելով երկրի ծանր վիճակը՝ հնարավոր չէ սպասել մինչև 2018-ը:

Պետք է այս պահին գիտակցել, որ միմիայն ազատ և մրցակցային ընտրությունները կարող են երաշխիք լինել նրան, որ հետագայում որևէ քաղաքական գործիչ հանրության հաշվին, անձնական նպատակների համար պետական գումարներ չի վատնի, իսկ ծախսելու դեպքում էլ պատասխանատվություն կկրի:

Մեկնաբանել