Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել, հաղորդում են Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունից:

«Կոնֆլիկտային իրավիճակը, որը ձևավորվել է երկրում, սպառնում է Ուկրաինայի տնտեսական և սոցիալական զարգացմանը, ուկրաինական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացուն: Կառավարությունը դիմակայության ժամանակ արել է ամեն ինչ՝ հակամարտության խաղաղ լուծման համար:

Սակայն, մեր քաղաքացիների և Ուկրաինայի ճակատագրի համար հակամարտության սրությունն ու վտանգավորությունը հավելյար պատասխանատու քայլեր են պահանջում: Հասարակական-քաղաքական փոխզիջման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ես անձնական որոշում եմ կայացրել խնդրել Ուկրաինայի նախագահին ընդունել իմ հրաժարականը»,- ասված է Ազարովի հայտարարության մեջ:

Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում այն բանից հետո, ինչ 2013թ․ նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։ Զուգահեռ տեղի են ունենում նաև իշխանությունները կողմնակիցների ակցիաները։

Կիևում փողոցային մարտերը վերսկսվել են հունվարի 19-ից։ Բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու մարդ։ Զոհերի թվում է նաև հայազգի, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։ Օրերս Կիևի մերձակայքում` անտառում, հայտնաբերվել է առևանգված համարվող ակտիվիստ Յուրի Վերբիցկիի դին: Հաղորդվում է, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:

Մեկնաբանել