Սերգեյ Նիգոյանին սպանել են անկարգությունների մասնակիցները. Ուկրաինայի ՆԳՆ

Կիևում ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի սպանության հիմնական վարկած է նշվում սադրանքը՝ հակամարտություն հրահրելու նպատակով։ Այս մասին Ուկրաինայի հայ համայնքի կազմակերպությունների արտահերթ հավաքին հայտարարել է ներքին գործերի նախարարության Քննչական գլխավոր վարչության ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Սակալը, հաղորդում է Analitikaua.net-ը։

«Այսօր քննարկվում է սպանության մի քանի վարկած, սակայն հիմնական վարկածն անկարգության մասնակիցների կողմից սպանվելու վարկածն է՝ հակամարտությունը սադրանքի միջոցով սրելու նպատակով»,- ասել է նա՝ հավելելով, որ քննիչները դեռևս չեն կարողանում ճշտել սպանության ճշգրիտ վայրը։ «Չնայած մեր բազմաթիվ դիմումներին՝ ոչ ոք մեզ նման տեղեկություն չի տվել։ Այդ պատճառով մենք չենք դադարեցնում քննությունը։ Կան վկաներ, որոնք ցուցմունք են տալիս այն մասին, որ հունվարի 22-ի առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում կրակոցներ են լսել՝ ինչպես առճակատման գծում, այնպես էլ ամբոխի ներսում »,-նշել է Սակալը:

Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում այն բանից հետո, ինչ 2013թ․ նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։ Զուգահեռ տեղի են ունենում նաև իշխանությունները կողմնակիցների ակցիաները։

Կիևում փողոցային մարտերը վերսկսվել են հունվարի 19-ից։ Բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու մարդ։ Զոհերի թվում է նաև հայազգի, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։ Օրերս Կիևի մերձակայքում` անտառում, հայտնաբերվել է առևանգված համարվող ակտիվիստ Յուրի Վերբիցկիի դին: Հաղորդվում է, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:

Մեկնաբանել