6 փետրվար, 2014 12:35

Սպիտակ ջարդ` 100-րդ տարելիցի նախօրեին

Հայաստանի անկախության ողջ ընթացքում արտագաղթը դադարել է միայն 2004-2006 թվականներին: Սրանք այն տարիներն են, երբ Հայաստանում արձանագրվում էր երկնիշ տնտեսական աճ: (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2013-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել ավելի քան 31 000 քաղաքացի: Սա նշանակում է, որ ամեն Աստծո օր «Ապահով Հայաստանից» [Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն էր մեկ տարի առաջ կայացած նախագահական ընտրություններում] արտագաղթում է 90 հայ կամ ավելի քան 20 ընտանիք:

Երկրի իրական վիճակը բնութագրող ամենից օբյեկտիվ ցուցիչներից գլխավորը միգրացիան է` քաղաքացիների տեղաշարժը: Սերժ Սարգսյանի նախագահության վեց տարիներին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է 213 000 քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 8 տոկոսը:

Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը 2008-ի նախագահական ընտրություններում ընտրել էին «Առա՛ջ, Հայաստան», 2012-ի խորհրդարանական ընտրություններում` «Քե՛զ համար, Հայաստան», իսկ 2013-ի նախագահական ընտրություններում` «Ապահով Հայաստան» կարգախոսը:

Ահա պատկերը, թե որքան մարդ է արտագաղթել Սարգսյանի նախագահության տարիներին.

2008՝ 23 000,

2009` 25 000,

2010` 47 000,

2011` 44 000,

2012 ՝ 43 000,

2013՝ 31 000։

2013-ին արտագաղթի չափերը փոքր-ինչ նվազել են, սակայն 31 հազարը ևս մեծ թիվ է: Դա Հայաստանի բնակչության ավելի քան 1 տոկոսն է:

Եթե Հայաստանը չունենար թշնամաբար տրամադրված հարևաններ, գուցե արտագաղթի թեման այդքան օրհասական չլիներ: Առաջիկա տարիներին Հայաստանը լուրջ խնդիր է ունենալու բանակի համալրման հարցում: Քսանհինգ տարի առաջ` Խորհրդային Միության փլուզման նախօրեին, Հայաստանի բնակչության թիվը շուրջ 3,5 միլիոն էր, իսկ Ադրբեջանի բնակչությունը` շուրջ 7 միլիոն: Այսօր Հայաստանի բնակչությունը մոտենում է 2,5 միլիոնին, իսկ Ադրբեջանինը շուտով կհասնի 10 միլիոնի:

Հայաստանից շարունակվող արտագաղթի հետ մեկտեղ տեղի է ունենում հանրապետության ծերացում: Արտագաղթում է հիմնականում երիտասարդ կամ միջին հասակի աշխատունակ բնակչությունը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է ծերանում Հայաստանը, բերենք ևս մի քանի վիճակագրական տվյալներ: Այսպես, եթե 1989-ին` Խորհրդային Միության փլուզման նախօրեին, Հայաստանում ծնվել է շուրջ 80 000 երեխա, ապա 2013-ին` շուրջ 42 000: Ահագնացող չափերով նվազում է նաև ամուսնությունների թիվը: 2013-ին գրանցվել է ընդամենը 18 000 ամուսնություն:

Հայաստանի անկախության ողջ ընթացքում արտագաղթը դադարել է միայն 2004-2006 թվականներին: Սրանք այն տարիներն են, երբ Հայաստանում արձանագրվում էր երկնիշ տնտեսական աճ:

Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի տնտեսական աճը որակել էր «շինարարական փուչիկ»` առաջ բերելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային զայրույթը: Անկախ Քոչարյանի հանդեպ վերաբերմունքից՝ փաստ է, որ նրա նախագահության տասը տարիներից երեքում ոչ միայն դադարել է արտագաղթը, այլև գրանցվել է ներգաղթ:

2004-ին Հայաստան է վերադարձել 2 000, 2005-ին՝ 13 000, 2006-ին՝ 22 000 մարդ: Ընդհանուր առմամբ՝ այդ երեք տարիներին տուն է վերադարձել շուրջ 37 000 մարդ:

Քոչարյանի նախագահության մյուս յոթ տարիներին Հայաստանից արձանագրվել է արտագաղթ, ճիշտ է՝ շատ ավելի փոքր ծավալներով: 1998-ին արտագաղթը կազմել է 24 000, 1999-ին` 7 000, 2000-ին` ավելի քան 57 000, 2001-ին` ավելի քան 60 000, 2002-ին` գրեթե 3 000, 2003-ին` 10 000: 2004-2006 թթ. շուրջ 37 000 ներգաղթից հետո 2007-ին` Քոչարյանի նախագահության վերջին տարում, Հայաստանից արտագաղթը կազմել է ընդամենը 3 000 մարդ:

Ընդհանուր առմամբ, Քոչարյանի նախագահության տասը տարիներին Հայաստանից արտագաղթը կազմել է գրեթե 130 000: Սերժ Սարգսյանի նախագահության վեց տարիներին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է շուրջ 213 000 քաղաքացի:

Ո՞րքան է կազմել արտագաղթը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին` 1992-1997 թթ.: Տեր-Պետրոսյանը ընտրվել է 1991-ի հոկտեմբերին, իսկ պաշտոնը ստանձնել` նոյեմբերի կեսերին, հետևաբար` 1991-ի և դրան նախորդող տարվա տվյալները կներկայացնենք առանձին:

1992-1997 թթ. Հայաստանից արտագաղթը կազմել է 586 000, ինչը չափազանց մեծ թիվ է: Սակայն պետք է նկատի ունենալ, որ արտագաղթի նման ծավալները պայմանավորված էին ոչ միայն այն հանգամանքով, որ Հայաստանը պատերազմի, մթի ու ցրտի տարիներն էր ապրում, այլ նաև նրանով, որ արտագաղթածների մի ստվար հատված Հայաստանի քաղաքացիներ չէին: Նրանք Խորհրդային Ադրբեջանից մազապուրծ փրկված հայեր էին, որոնք ժամանակավոր ապաստան գտան Հայաստանում, սակայն հետագա մի քանի տարիներին հեռացան հանրապետությունից` հիմնականում Ռուսաստան:

1990-ին Հայաստան ժամանածների և Հայաստանից հեռացածների հարաբերակցությունը կազմել է 376 000: Այսինքն` այդ տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունն ավելացել է 376 000-ով: Մեկ տարվա ընթացքում, անգամ ամենաբարձր ծնելիության պայմաններում, չէր կարող բնական աճը կազմել 376 000: Այս թվի մեջ ավելի քան 300 000-ը Ադրբեջանից արտաքսված հայությունն է: 1991-ին Հայաստանից արտագաղթել է շուրջ 300 000 մարդ: Այսպիսով, Ադրբեջանից ստիպողաբար Հայաստան տեղափոխված հայությունը գրեթե ամբողջությամբ լքեց Հայաստանը:

Հայաստանում արտագաղթի ամենամեծ ծավալը գրանցվեց 1992-1994 թթ., որոնք ճշգրտորեն համընկնում են արյունալի պատերազմի, ցրտի ու մթի տարիներին: 1992-ին Հայաստանից հեռացել է ավելի քան 228 000, 1993-ին` 141 000, 1994-ին` գրեթե 128 000 քաղաքացի: Պատերազմի ավարտից հետո արտագաղթի ծավալները կտրուկ նվազեցին: 1995-ին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 37 000, 1996-ին՝ ավելի քան 20 000, 1997-ին` ավելի քան 31 000 մարդ:

Հայաստանի և Սփյուռքի օրակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի արտագաղթի թեման: Անգամ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, համայն հայության թիվ մեկ թեման պետք է լինի արտագաղթը և դրա առաջն առնելու որոնումները: Եթե 2015-ին Հայաստանը կարողանա դադարեցնել արտագաղթը, դա կլինի մեկուկես միլիոն նահատակների հարգանքի տուրքը:

Ես այդպես եմ մտածում: Իսկ ի՞նչ եք մտածում դուք:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: