ԵԱՀԿ-ն մտահոգված է «Դոժդ»-ի հեռարձակման անջատումներով

ԵԱՀԿ-ի՝ խոսքի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել արբանյակային և մալուխային հեռուստատեսության օպերատորների՝ ռուսական մասնավոր տեղեկատվական «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը անջատելու կապակցությամբ։

Միյատովիչի խոսքով՝ այսպիսի իրադրությունը խարխլում է Ռուսաստանում մեդիա տարածքի պլյուրալիզմի սկզբունքը։

Նա նաև հույս է հայտնել, որ օպերատորներն առաջիկայում կվերականգնեն «Դոժդ»-ի հեռարձակումը։

«Դոժդ» հեռուստաալիքը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, ինչ հեռուստաալիքի կայքում հունվարի 26-ին անցկացվել էր հարցում՝ «Պետք չէ՞ր արդյոք հանձնել Լենինգրադը՝ փրկելու հարյուր հազարավոր մարդկանց կյանքը»։ Հարցումը բուռն արձագանք էր առաջացրել։ Հեռուստաալիքը ներողություն էր խնդրել հարցի ձևակերպման համար և հեռացրել էր այն կայքից։

Հունվարի 28-ին Ռուսաստանի մալուխային հեռուստատեսության ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինն առաջարկել էր անջատել «Դոժդ»-ի հեռարձակումը։ Բացի այդ՝ հունվարի 29-ին Պետերբուրգի օրենսդիր խորհուրդը դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ խնդրելով պատժել «Դոժդին»՝ ընդհուպ մինչև հեռուստաալիքի փակում։

Հունվարի 29-ից սկսած՝ հեռուստաալիքը եթերից անջատել են հետևյալ օպերատորները՝ «ԷՌ-Տելեկոմ»-ը (Дом.ру ցանց), «Ակադո»-ն, НТВ+-ը, «Ռոստելեկոմ»-ը, «Բիլայն ՏՎ»-ն, «Կոնտինենտ ՏՎ»-ն և «Տրիկոլոր ՏՎ»-ն։

Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինն ու ՌԴ նախագահին կից մարդու իրավուքնենրի խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի խորհրդական Միխայիլ Ֆեդոտովը «Դոժդ»-ը անջատած ընկերությունների գործողություններում համաձայնեցված դավադրության նշաններ են տեսնում։ Նրանց կարծիքով՝ այդ ընկերությունների նկատմամբ անհրաժեշտ է համապատասխան քրեական գործ հարուցել։

Փետրվարի 4-ին «Դոժդ»-ը ռուսական մալուխային օպերատորներին առաջարկել է իր կոնտենտը տրամադրել անվճար։

Պետերբուրգի դատախազությունը հունվարի 30-ին «Դոժդ»-ում սկսել է ստուգումներ, որոնք շարունակվում են մինչ այժմ։ Դատախազությունում, այդուհանդերձ, արդեն հայտարարել են, որ ստուգումները չեն հանգեցնի նրա փակմանը, քանի որ հեռուստաալիքի գործողություններում ծայրահեղականության նշաններ չեն դիտվում։

Հունվարի 30-ից փետրվարի 3-ը Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարաններ ներկայացվել է ավելի քան 20 քաղաքացիական հայց բարոյական վնասի փոխհատուցման մասին՝ ընդդեմ «Դոժդ»-ի։ Ընդհանուր 23 ներկայացված հայցից վեցը վերադարձվել են հայցվորներին։

«Դոժդ»-ի բրենդ մենեջեր Դարյա Սիմոնենկոն BBC-ի ռուսական ծառայությանը փետրվարի 5-ին հայտնել է, որ հայցերի բովանդակության մասին հստակ տեղեկատվություն հեռուստաալիքը դեռ չունի, քանի որ առայժմ իր տնօրինության տակ չունի հայցերի կրկնօրինակները։

«Դոժդ»-ում կարծում են, որ հեռուստաալիքի հասցեին ուղղված դժգոհությունը «քաղաքական պատվերի հետևանք է»։

Մեկնաբանել