Հայաստանին կփրկի ցողունային բջիջը

Հայաստանին, այնուամենայնիվ, կփրկի ցողունային բջիջը, որովհետև դա առողջության այնպիսի դոզա է, որը քեզ ազատում է առաջիկա 45 տարվա մասին մտածելուց: Ահա թե որ ուղղությամբ պետք է զարգանա մեր բժշկությունը: Ընդ որում, դա կարող է առանձին պետական մարմին լինել՝ ցողունային բջիջների նախարարություն: Որովհետև, միևնույն է, ոչ մի խնդիր չես լուծելու որպես իշխանություն, բայց գոնե մարդկանց կարող ես անտարբեր դարձնել այդ խնդիրների հանդեպ:

Դիցուք, մարդը տոկոսով փող է վերցնում, գնում է ցողունային բջիջներ է պատվաստում ու հեչ իրեն հետաքրքիր չէ, թե ինչպես է վերադարձնելու փողը: Մեր կառավարությունն ամբողջ կազմով ցողունաբջջված է: Նկատե՞լ եք, թե ինչ անտարբերությամբ են խոսում կործանվող Հայաստանի խնդիրների մասին: Էներգետիկայի նախարարին հարցնում ես, թե ինչո՞ւ են առանց ԱԺ-ի համաձայնության վաճառել «Որոտան կասկադը», առանց աչք թարթելու պատասխանում է՝ 40 տարվա կառույց է, համաձայնեցնելու կարիք չկա: Այսինքն, համաձայնեցնելու մասին օրենքի պահանջը՝ հեչ: Կարծես թե ԱԺ նիստի նախորդ օրն է ցողունաբջջվել:

Հրայր Թովմասյանն ավելի հեռու է գնում՝ կասկադն ինքն է իրեն դրել վաճառքի: Քիչ է մնում ասի, որ «Որոտանը» երեք պոտենցիալ գնորդ է ունեցել՝ ադրբեջանցիներ, թուրքեր և ամերիկացիներ: Ու կոլեկտիվը հերոսաբար ընտրել է ամերիկացիներին: Սոցապնախարարը խոսում է այնպես, կարծես այս երկրում գոյություն ունեն միայն գործատուներ, աշխատողներ չկան: Ասում է՝ եթե պարտաճանաչ գործատու ես, պետք է վճարես պարտադիր կուտակայինի գումարը: Ակնհայտորեն՝ ցողունային բջիջի ազդեցությամբ ասված նախադասություն: ՍԴ-ն իր հերթին է կասեցրել «պարտաճանաչ» բառի իմպերատիվությունը, ՊԵԿ-ն իր հերթին է հանգստացրել չվճարող գործատուներին՝ մինչև մարտի 28-ը քեֆներդ ոնց քշում է, արեք, ուզում եք վճարեք, չեք ուզում՝ մի վճարեք, տույժ ու տուգանք չի լինելու: Էս մարդն ասում է՝ պարտաճանաչ գործատու: Դա ի՞նչ է: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում: Ոչինչ:

Մարդիկ ազգից գաղտնի, կորեաներում սրսկվել են ու խոսում են: Այնպես չէ, որ վտանգավոր մտքեր են ասում, պարզապես դրանք մտքեր են, որոնց թիկունքում ՀՀ քաղաքացին չկա: «Պարտաճանաչ գործատու» արտահայտության թիկունքում մարդ չկա: Հենց այնպես ասել է: Ու կես վայրկյան չի կանգնել ու խոսել այն մասին, թե ինչո՞ւ 45 տարի: Չի կանգնել, որովհետև ցողունային բջիջն արդեն մարդու հյուսվածքների հետ իր գործն արել է, ինքն արդեն մենթալիտետի հյուսվածքների հետ է աշխատում: Այսինքն՝ տրամաբանությանը վերադարձնում է մանկական ասելիքի անպատասխանատվությունը:

Հանրապետական պատգամավորներից մեկը իբր փորձել է ցույց տալ, որ ամեն ինչ այդքան անպատասխանատու չի արվում: Ասել էր. «Ի՞նչ է, դուք գիտեք, թե մենք սիրտ չունե՞նք»: Հիմա տեսեք, ժամանակին հայերը լացում էին հնդկական կինո նայելիս: Ինչո՞ւ: Որովհետև ի տարբերություն իրենց կյանքի, այդ ֆիլմերում ողբերգությունը չափած-ձևած էր: Ամեն ինչ պարզունակ էր, բայց պատկերացրեք, թե ինչքան ավելի պարզունակ էր հայ մարդու կյանքը: Այդպես է, ի դեպ, հոլիվուդյան ֆիլմերի մեծ մասը: Հեփի էնդն ամեն ինչ իր տեղն էր դնում: Նախ լացում էին կարեկցանքից, հետո՝ ուրախությունից: Լացում էին, դուրս էին գալիս ու շարունակում իրենց հախուռն ու բացարձակապես ոչ արցունքաբեր կյանքը:

Մեր նախարարները շատ նման են էդ ժամանակների հնդկական կինոներ նայողներին՝ մի տարբերությամբ՝ նրանք դեռ կինոթատրոն չեն մտել, դեռ ֆիլմը չեն նայել: «Զիտան ու Գիտան» սպասում են: Այսինքն՝ էս մարդկանց սիրտը քննություն չի հանձնել: Ինչո՞ւ: Որովհետև ցողունաբջիջները դեռ չեն լռել: Դեռ աշխատում են մենթալիտետի հյուսվածքների վրա, արդեն սրտի մոտ են:

Մեկնաբանել